Մարտարվեստի հայկական ոգին

Հայկական մարտարվեստը դարերի պատմություն ունի, բազում պատերազմներում հաղթանակած հայ ժողովուրդը, հայ մարտիկը  չէր կարող չտիրապետել մարտ վարելու հմտություններին: Թեև հայկական մարտարվեստի մասին չի պահպանվել պատմական հստակ և ծավալուն տեղեկատվություն, սակայն ուսումնասիրելով դեռևս Տիգրան Մեծի ժամանակաշրջանի ռազամական արվեստը, կիրառվող զինատեսակներն ու բանակի՝ մարտի գնալու ռազմավարությունը, նշմարվում է հայկական մարտարվեստի գոյության որոշ տարրեր, որի ուսումնասիրությամբ էլ զբաղվել է մարտարվեստների ոլորտում ավելի քան երեք տասնամյակի փորձառություն ունեցող, հայկական մարտարվեստի հիմնադիր, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադրի հետ զրույցը ստորև: 

 

- «Գևորգյան մարտարվեստի դպրոցե, հայրենասիրական-երիտասարդական կենտրոն,  խոսենք կենտրոնի նպատակների և հայկական մարտարվեստի առանձնահատկության մասին:

 

- Մենք առաջնային ենք համարում ազգային դաստիարակությունը հատկապես մատաղ և երիտասարդ սերնդի համար, քանի որ այսօրվա երիտասարդները վաղվա մեր երկիրը առաջնորդողներն են, հասարակության առողջ, ազգային և ադեկվատ մտածելակերպը յուրաքանչյուր երկրի, պետության շարժիչ ուժն է, մենք շեշտադրում են այս ամենը ոչ թե մասամբ, այլ համակարգված և ամբողջովին: Մեր կենտրոնում մարդիկ ստանում են մարմնակրթական դաստիարակություն, ազգային արժեքները առաջնային տեղում են, ամուր ենք պահում սերունդների միջև կապը, ավագների օրինակելի վարքով և նվիրումով դաստիարակում ենք կենտրոնում ուսանող յուրաքանչյուր սանի: Դեռևս մի քանի տարի առաջ մենք նախաձեռնեցինք և անցկացրեցինք «Ճանաչենք նրանցե խորագրով հանդիպումների շարքը, որի ընթացքում երիտասարդները հանդիպում էին Արցախյան ազատամարտի բովով անցած լեգենդար մարդկանց, ազատամարտիկների, երկրի նվիրյալների հետ, նրանց ապրած կյանքով ու անցած ուղիով դաստիարակվում և դասեր քաղում: Կազմակերպել ենք ծավալուն խորհրդաժողով «Ռազամահայրենասիրական դաստիարակության մոտեցումներըե թեմայով, բազմաթիվ բաց դասընթացներ և նաև միջազգային ծրագրեր: Եվ այս ամենը մի նպատակ ունի, նախ հանրությանը ներկայացնել հայրենասիրական դաստիարակության մեր մոտեցումները և երկրորդ՝ մեր հասարակությանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ներկայացնել հայկական մարտարվեստը: Շեշտադրելով հայկական մարտարվեստը՝ ես խոսեմ էության և առանձնահատկության մասին: Հայկական մարտարվեստը  յուրովի ու հետաքրքիր է իր բազմազանությամբ: Բազմաթիվ գաղտնիքներ պարունակող հայոց գիրը նաև մարտական շարժումների, տեխնիկայի խորհուրդ է կրում: Գիրն անմիջական կապ ունի մեր հավատքի, մեր մտքի, մեր մշակույթի հետ, մեր ազգային տեսակի հետ, և նույն կերպ էլ մեր մարտական տեխնիկան անմիջական կապ ունի մեր հոգեկերտվածքի հետ: Գիտնականներն առ այսօր տարբեր մոտեցումներով փորձում են բացահայտել մեսրոպյան այբուբենը: Մենք սկսեցինք ներկայացնել այն ֆիզիկական շարժումների ու մարտական տեխնիկայի միջոցով: Արևելյան հիերոգլիֆներն էլ խորհրդանշում են իրենց մարտական տեխնիկաները, բայց հիերոգլիֆները շատ ունեն կտրուկ, կարճ գծեր, այսինքն` իրար հետ բախումներ. դրանից էլ բխում են նրանց մոտեցումները, աշխարհայացքը: Մեր՝ հայկական գիրը շատ ավելի ճկուն է ու անսահման, շարունակական, կանգով չի`մեկ-երկու, այլ անսահման է՝ վեր ու վար: Հայկական մարտարվեստի հիմքում մտքի ճկունությունն է, արագ կողմնորոշվելու ունակությունը: Այն իրականում մարդու համար մեծ դպրոց է, մարմնի, մտքի ու հոգու եռաչափ դաստիարակման դպրոց: Շարժումները արտահայտում են հայոց գրերի գլխատառերը և բավականին արդյունավետ են կիրառական դաշտում, մարտի ժամանակ:

 

-Ինչպե՞ս ծնվեց հայկական մարտարվեստի մասին գաղափարը, և ի՞նչ հիմքի վրա այն կյանքի կոչեցիք:

 

-Դա առաջին հերթին իմ տարիների փորձն է:  Արդեն 33 տարի է՝ մարտարվեստների ոլորտում եմ, որից 26 տարին ուսուցանում եմ, այդ թվում՝ արցախյան ազատագրական պայքարում: Ես նախկին Խորհրդային Միության գրեթե ողջ տարածքում եմ ուսուցանել և աշխարհի գրեթե բոլոր ազգերի հետ շփվել: Հանդիպումներից մեկի ժամանակ մի ճապոնացի վարպետ ճապոնական հիերոգլիֆների հիմքի վրա ցույց էր տալիս իրենց մարտական կարատեի շարժումները: 1992 թվականն էր: Ու երբ տեսա հիերոգլիֆը` շարժման մեջ,  միտք ծագեց` իսկ ինչու՞ ոչ հայկական գիրը: Բացի այդ տեսնում էի, թե արևելյան մարտարվեստներով զբաղվող մարդկանցից շատերի մեջ ոնց էր թուլանում քրիստոնեական հավատքը: Նրանք իրենց ավելի շատ պատկերացնում էին շաոլինյան մենաստաններում՝ Բուդդայի առաջ խոնարհված: Ու քանի որ  մեսրոպյան տառերը անմիջական կապ ունեն մեր կրոնի՝ քրիստոնեության հետ, սկսեցի մտածել հենց այս ուղղությամբ: Բայց դեռ ժամանակ էր պետք, որպեսզի այդ ամենը եփվեր: Որքան խորն էի ուսումնասիրում մեր ժողովրդի ռազմական, մարտական անցյալը, պատմությունը, ավելի էի համոզվում, որ մենք ունեցել ենք հայկական  մարտարվեստ, որը գուցե նոր ձևով, նոր շունչ տալով կարելի է աշխարհին ներկայացնել: 

 

-Ո՞րն է Հայկական մարտարվեստի գաղափարախոսությունը, եթե փորձենք մի քանի բառով բնորոշել:

 

-Բարություն, խաղաղասիրություն, մեծահոգություն և ազգային արժանապատվություն:

 

-Անդրադառնանք մարտական տեխնիկային, ինչո՞վ է առանձնահատուկ հայկական մարտարվեստը:

 

-Մեր մարտարվեստը ոչ մի սինթեզի կարիք չունի, այն ամբողջությամբ մեր գիրն է: Շարժումների առանցքը խաչն է, խաչի տեսքով ենք մենք շարժվում: Ընդհանրապես՝ բացի գրային մոտեցումից կա նաև ձայնային մոտեցում, բոլոր մարտարվեստներում կա «բլոկե ասվածը, որը էներգետիկ է: Մենք չունենք ոչ մի բլոկ, շարժումները սահուն են...

 

Հայկական մարտարվեստը ամեն մարդու մոտ կարող է յուրովի արտահայտվել: Իհարկե առանցքում շարժումներն են գլխատառերի տեսքով: Բոլորս գրում ենք նույն Ա-ն, բայց յուրաքանչյուրս մեր ձեռագրով: Այստեղ յուրաքանչյուր մարդ առանձին մի աշխարհ է:

 

Համակարգչային այս դարում երբ գրեթե կորցնում ենք տառը, վաղը կկորցնենք մեզ: Իսկ եթե յուրաքանչյուր երեխա կարողանա զգալ տառի շարժումը, այսինքն տառը որպես շարժում գծի, ապա այն կնստի նրա մեջ, նրա սրտի, մտքի և մտածելակերպի մեջ: Ու այդպես՝ ձևավորվում է իր արմատներին հավատարիմ մարդ, որը բաց է նաև այլ մշակույթների համար ու ամուր է և՛ մտքով, և՛ հոգով, և՛ մարմնով:Կարևոր է նաև մարտի ստրատեգիան՝ ռազմավարությունը.   հակառակորդին բերում ես այն վիճակին, երբ ինքն է հրաժարվում իր ագրեսիվ գաղափարներից: Դրա համար մարտիկը պետք է լինի բավականին ամուր, ի սկզբանե մարմինն ու հոգին պետք է հավասարաչափ զարգացած լինեն, ու տեխնիկան պետք է լինի հենց այդ խաղաղասիրության կրողը: Հայ մարտիկն ինքը խաղաղասեր է, հայ մարտիկը երբեք նախահարձակ չի եղել, բայց միշտ արժանի հակահարված է տվել: Հայկական մարտարվեստն հենց այդպիսին է. երբեք նախահարձակ չլինող, բայց ոտնձգությանը արժանի և ուժգին հակահարված տվող: Յուրաքանչյուր մասնագետ կարող է իր մասնագիտության դիրքերից ներկայացնել հայկական մարտարվեստը. սա մի մեծ և ամբողջական համակարգ  է, որը բոլորը կարող են իրենց ուղղության մեջ օգտագործել:

 

- Դուք կազմակերպում եք նաև բացօթյա  մարզումներ, երբեմն դրանք թեմատիկ բնույթ են կրում, ի՞նչ կասեք այս մասին:

 

-Բացօթյա մարզումները մի քանի ուղղությամբ են անցկացվում: Կազմակերպվում են մարզումներ, որոնք անցկացնում են մեր կենտրոնի ավագ սաները, հետևորդները... Գործում է նաև  մեր կենտրոնի շրջանակում ստեղծված Ազատամարտի մասնակիցների միավորման կրթական կառույցը: Այստեղ ազատամարտիկները հնարավորություն են ունենում իրենց փորձը փոխանցելու երիտասարդ սերնդին: Եվ սա, կարծում եմ, միակ կենտրոնն է ՀՀ-ում, որը, կարողանալով ազատամարտիկներին տալ այդ հնարավորությունը, ինչ-որ կերպ նաև սոցիալական խնդիր է լուծում: Բայց այնքան ֆինանսական կողմը չէ իրենց համար կարևոր, որքան զցացողությունը, որ իրենք դեռ պետք են: Նաև շատ կարևոր է, որ երիտասարդները հասկանան, թե ավագ սերունդը հանուն ինչի գնաց պատերազմ և ինչ գնով կերտեց մեր հաղթանակը: Արցախյան ազատամարտը մեր պատմության ամենալուսավոր էջերից է, դարեր ի վեր հաղթանակներ չտեսած մեր ազգը նորից վերածնվեց այս հաղթանակով, թևավորվեց, կարևոր է, որ այս գիտակցությամբ դաստիարակվի այս մեր երիտասարդ սերունդը, որովհետև ոգու ամրությունը հաղթանակի կարևորագույն գրավականներից է: Շատ ռազմական ստրատեգներ են խոսել այս մասին, և մի բան հստակ է ու անհերքելի. Արցախյան պատերազմում հաղթեց մեր ոգին, ազգային արժանապատվությունը:

 

 

 

«Երևակ» ամսագիր