Վերջին հնարավորություն, թե՞ առաջին ընտրություն

Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլև առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ: Ինչպե՞ս. զրուցեցինք Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ:

 

-Ո՞րն է Ձեր կենտրոնի ստեղծման նպատակը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

 

-Մեր կենտրոնը Երևանում բացվել է 2012 թվականին` Հայաստանում առաջին 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) գործածությամբ: Մինչ այդ Հայաստանում կիրառվող բոլոր տոմոգրաֆները եղել են 0.3 տեսլա հզորությամբ, որոնք չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին: Հենց այդ բացը լրացնելու համար հիմնեցինք մեր կենտրոնը: Այն մասնաճյուղն է մի մեծ ցանցի, որն 80 նման կենտրոններ ունի: Գլխամասային կենտրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Բացելով այն՝ մենք մի քանի նպատակ էինք հետապնդում. բարձրակարգ սպասարկման միջոցով բարձրացնել նման ծառայությունների որակը Հայաստանում, սարքավորումների հզորության հաշվին ստանալ ավելի որակյալ պատկեր, վերացնել գոյացող հերթերը, ինչը դարձյալ լուրջ խնդիր էր:

 

-Որքանո՞վ է կարևոր ՄՌՏ հետազոտություն անցնելը, և ինչու՞ են մարդիկ այդ հետազոտությանը դիմում ծայրահեղ դեպքում:

 

Մագնիսա-ռեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆները Հայաստանում համարվում են «դժվարամատչելի և թանկարժեք» հետազոտություններ: Թեև դրանք վաղուց արդեն մատչելի են ամբողջ աշխարհում: Հետևյալ օրինակը կարող եմ բերել. Հայաստանում ամսական կատարվում է մոտ 2500 ՄՌՏ հետազոտություն, այն դեպքում երբ պետք է կատարվի մոտ 10.000, որպեսզի կարողանանք ասել` մեթոդը ծառայում է իր նպատակին: Ինչու՞ է մեր հանրապետությունում այն ավեiլի քիչ օգտագործվում ախտորոշման մեջ: Պատճառները մի քանիսն են: Առաջինը բժիշկների կրթական ծրագրերում այս հետազոտությունների մասին տեղեկությունների բացակայությունն է: Այսինքն՝ համակարգային խնդիր կա. անտեսվում է այս մեթոդների կիրառման կարևորությունը: Երկրորդը` երբ ՄՌՏ-ն Հայաստանում սկսեց առաջին անգամ կիրառվել, բավական թանկ արժեր և անհասանելի էր թվում շատ-շատերին: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվեց այն կարծրատիպը, որ ՄՌՏ հետազոտության պետք է դիմել ծայրահեղ դեպքում: Հաջորդ խնդիրը՝ մարդիկ դեռ մինչ օրս կարծում են, թե այս հետազոտության համար ստիպված են հերթ կանգնել: Օրինակ՝ մեր կենտրոնում հետազոտություն կարող են անցնել հենց դիմելու օրը, քանի որ մենք աշխատում ենք գրեթե շուրջօրյա՝ առավոտյան ժամը 7-ից մինչև 23:00, ամեն օր` առանց հանգստյան օրերի:

 

 

 

-Ի՞նչ են իրենցից ներկայացնում մագնիսա-ռեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆները, ի՞նչ հիվանդություններ կարելի է ախտորոշել այդ հետազոտությունների օգնությամբ:

 

-Վստահ կարող եմ ասել` նշված հետազոտությունների կիրառելիությունը աստիճանաբար մեծանում է: Գրեթե չկան հիվանդություններ, որոնց ախտորոշման ընթացքում կիրառելի չլինեն ՄՌՏ-ն կամ ՀՏ-ն: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան հիմնականում օգտագործվում է գլխի, ողնաշարի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և հոդերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ: Օգտագործվում է նաև սրտի, կրծքագեղձի հիվանդությունների, էպիլեպսիայի ախտորոշման դեպքում: Ֆունկցիոնալ ՄՌՏ-ի շնորհիվ հնարավոր է նույնիսկ մինչև նեյրովիրաբուժական միջամտությունը որոշել, թե գլխուղեղի որ հատվածն ինչի համար է պատասխանատու, որպեսզի ոչ մի կենտրոն չվնասվի այդ ժամանակ: Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) հիմնականում օգտագործվում է ոսկրերի, շնչուղիների, թոքերի, որովայնի խոռոչի և փոքր կոնքի հիվանդություններն ախտորոշելիս: Այսինքն՝ վերջին երկու հետազոտությունները կատարվում են թե՛ ՄՌՏ-ով, թե՛ ՀՏ-ով: Եվ շատ հաճախ անհրաժեշտ է լինում հետազոտել երկու տարբերակով էլ, որպեսզի տարբեր մեթոդների առավելությունները իրար գումարվեն, իսկ թերությունները չեզոքացվեն: Հետազոտությունների ժամանակ ստացվում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր պատկերներ, և բժիշկը ուսումնասիրում է դրանցից բոլորը, որպեսզի ոչինչ բաց չթողնի:

 

-Ինչո՞վ է պայմանավորված առաջնահերթ հենց այս հետազոտություններին դիմելու անհրաժեշտությունը:

 

-Ես չեմ ցանկանում պակաս կարևոր համարել որևէ մեթոդի կիրառումը: Բայց, օրինակ, սոնոգրաֆիա անցնելուց հետո որոշակի կասկածներ են մնում, միշտ անհրաժեշտ է լինում ավելի բարդ, ավելի լավ պատկեր տվող հետազոտություն անցնել: Դա կարող է լինել ՀՏ, ՄՌՏ, սրտի համար` անգիոգրաֆիա: Կամ թոքերի ռենտգենի դեպքում. մարդը արյուն է հազում, սակայն ռենտգենը ցույց է տալիս, որ ոչ մի խնդիր չկա: Բայց նույն ախտանշանները շարունակվում են, և համապատասխան հետազոտությունից հետո պարզվում է` պացիենտը ուռուցք ունի, որը ռենտգենով չէր երևացել: Ռենտգենը հնարավորություն չի տալիս շերտերով դիտել և պարզել, թե որտեղ է խնդիրը, և մյուս օրգանների ստվերները կարող են փակել բուն գոյացությունը: Ցավոք, ուշացած դեպքերը բազմաթիվ են: Գալիս են հիվանդության այնպիսի բարդ մակարդակում, երբ այլևս հնարավոր չէ որևէ կերպ օգնել պացիենտին: Իմ մտահոգությունն այն է, որ հիվանդությունը կարող ենք բացահայտել կես կամ մեկ տարի առաջ, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ կամ գոնե մասնակի բուժել պացիենտին: Հիվանդության ամենաբարդ մակարդակում գտնվող պացիենտները շատ-շատ են` դիմողների մոտ 80%-ը, այնինչ համաշխարհային վիճակագրությամբ պետք է լիներ մոտ 50/50%: Նրանք հիմնականում շատ ավելի վաղ են բժշկի դիմում են, սակայն շատ հաճախ գործն այս հետազոտություններին չի հասնում: Եվ երբ պացիենտին հարցնում ես, թե ինչու ավելի շուտ չի անցել ՀՏ կամ ՄՌՏ, նա պատասխանում է, որ իրեն ոչ ոք այդ մասին չի ասել: Այսինքն՝ բժիշկը պետք ուղղորդի պացիենտին, և ոչ թե հակառակը, ինչպես հիմա հաճախ տեղի է ունենում: Այս հետազոտություններին շուտ դիմելը հնարավորություն է տալիս հիվանդությունը բացահայտել վաղ շրջանում` հատկապես ուռուցքային հիվանդությունների դեպքում:

 

-Արդյո՞ք տոմոգրաֆիան ապահովում է ճգրիտ ախտորոշում, թե՞ հնարավոր է` վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ լինեն այլ հետազոտություններ:

 

-Ոչ մի մեթոդ կատարյալ չէ, այդ թվում՝ ՄՌՏ-ն և ՀՏ-ն: Բուժող բժիշկը դրանք օգտագործում է որպես իր զինանոցի մի մաս: Եթե պացիենտը դիմում է բժշկին, օրինակ, սուր գլխացավով, ոչ ոք միանգամից պացիենտին ՄՌՏ հետազոտության չի ուղարկում: Կատարվում են մի շարք անհրաժեշտ հետազոտություններ, եթե վերջնական պատասխան չի ստացվում, արդեն անհրաժեշտություն է առաջանում ՄՌՏ-ի կամ ՀՏ-ի: Բայց այս դեպքում էլ հաշվի են առնվում կլինիկա-լաբորատոր տվյալները և պացիենտի գանգատները: Նշեմ, որ ՄՌՏ-ն կատարելապես անվտանգ մեթոդ է, ճառագայթման վտանգ ընդհանրապես չի պարունակում: ՀՏ-ի դեպքում այլ է: եթե մեզ դիմում են ՀՏ հետազոտություն անցնելու համար, մենք անպայման ճշտում ենք, թե վերջին անգամ պացիենտը երբ է անցել այլ ճառագայթային հետազոտություն, և եթե ինտերվալը մեծ չէ, ապա նրան առաջարկում ենք անցնել ՄՌՏ հետազոտություն:

 

-Սարքավորումները հատուկ խնամք են պահանջում:  Ինչպե՞ս եք դա ապահովում:

 

-Սա ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ինչու են հետազոտությունները համեմատաբար թանկ: Սահմանված գները հիմնավորված են: Եթե համեմատենք նույն սարքավորմամբ Գերմանիայում և Հայաստանում կատարված հետազոտությունը, ապա Գերմանիայում այն 5-10 անգամ թանկ է: Սարքավորումները շատ բարդ և բազմաֆունկցիոնալ են, և դրանց սպասարկումը ևս բարդ ու ծախսատար գործընթաց է: Յուրաքանչյուր սարքավորում բազմաթիվ ենթահամակարգեր ունի` օդային, ջրային և հելիումային հովացման, օդափոխության համակարգեր, բուն մագնիսական դաշտն ապահովող հատված, ռենտգենյան ճառագայթ գեներացնող խողովակ և այլն: Սրանք միշտ պետք է աշխատեն կատարյալ, որպեսզի կարողանանք առաջին հայացքից պարզ թվացող հետազոտություններն իրականացնել: Այդ ամենի համար մեծ ջանքեր են պահանջվում: Մենք սարքավորումների սպասարկումն անցկացնում ենք միայն գիշերը` ժամը 23:00-ից հետո, եթե իհարկե դրա կարիքը կա, որպեսզի առավոտյան արդեն կարողանանք հետազոտություններ կատարել: Այս երեք տարիների ընթացքում մեր սարքավորումների աշխատանքը երբեք չի խափանվել: Մենք Սանկտ Պետերբուրգում ունենք մեր սեփական ինժեներական թիմը, և եթե չենք կարողանում խնդիրը կարգավորել մեր ուժերով, այնտեղից շատ օպերատիվ աջակցություն ենք ստանում:

 

Մենք միշտ զարգացնում ենք մեր տեխնիկական հագեցվածությունը և նոր հետազոտություններ ներդնում. օրինակ՝ եթե ժամանակին մենք չէինք կատարում սրտի ՄՌՏ, հիմա արդեն կատարում ենք: Արդեն կատարում ենք նաև կրծքագեղձերի ՄՌՏ և էպիլեպսիայի համար հատուկ ՄՌՏ:

 

Ուզում եմ կոչ անել մեր կոլեգաներին և այցելուներին ՄՌՏ և ՀՏ հետազոտությունները չհամարել որպես վերջին հնարավորություն հիվանդություններն ախտորոշելու և պացիենտի կյանքը փրկելու համար, այլ միշտ համարել դրանք առաջին ընտրություն, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի լավ արդյունքներ գրանցել բուժման մեջ և փրկել բազմաթիվ կյանքեր: