Ճարտարապետության սիմֆոնիա

Ճարտարապետությունը համարում են քարե սիմֆոնիա: Իսկ այն ընկալելու և արարելու համար նախևառաջ պետք է ունենալ գեղեցիկը տեսնելու և վերապրելու ունակություն: Որքանո՞վ են մեր հասարակությունում ապրող ճարտարապետն ու պատվիրատուն պատրաստ տեսնել այն` իրենց շահից անդին: Եվ միգուցե տեսնեն, թե՞ գտնեն արվեստը բիզնեսից տարբերող նուրբ, բայց կարմիր թելը: Արվեստում արվեստի պակասի կործանարար հետևանքների մասին է ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանի խոսքը: 

 

Երևանի ճարտարապետությունը հիմնականում ձևավորվեց Խորհրդային Միության տարիներին, երբ միակ պատվիրատուն պետությունն էր: Ճիշտ է, այդ ժամանակ էլ` հատկապես խորհրդային իշխանության վերջին տասնամյակներին, տեղի ունեցավ շինարարության որակի անկում: Բայց Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած առաջին տարիներին խախտումներն ավելի մեծ ծավալ ստացան: Այդպես էլ պետք է լիներ. ճարտարապետությունն ուղղակիորեն կապված է երկրի կարգավիճակի, առավելապես` կայացած պետության կայացած քաղաքացու կերպարի հետ: Այնինչ, այդ քաղաքացին դեռ չէր ձևավորվել, նա պատրաստ չէր այդ փոփոխություններին, հենց ազատ ստեղծագործելու հնարավորությունից օգտվելու ժամանակ էլ ակնհայտ դարձան յուրաքանչյուր մասնագետի տաղանդի չափն ու խորքը: Ճարտարապետությունը դարձավ անհատի տաղանդի սահմաններում իրականացվող աշխատանք, որն, ազատվելով նախկին կաղապարներից, հաճախ դրսևորվեց ըստ պատվիրատուի պատկերացումների ու շահերի` ետին պլան մղելով հանրային շահը: Շատ նոր ճարտարապետներ, չունենալով համապատասխան բազա և անցած չլինելով համապատասխան դպրոց, մտան բիզնեսի մեջ: Բայց ճարտարապետությունը սոսկ բիզնես չէ, այն սոսկ ինչ-որ նշանակության շինության գծագիր չէ, այլ կենսամիջավայր ստեղծող արվեստ, որն ազդելու է, դաստիարակելու, սովորեցնելու: Դա կարող է դրսևորվել, այսպես ասած, «ճարտարապետական ռաբիսի» ազդեցության տակ: Ցավոք, ժամանակի հետ ստեղծվող այդ անճաշակությունը չստացված գիրք կամ երաժշտություն չէ, որ աղբամանը նետելով ու այրելով ոչնչացնես… Այնպես որ, մի օր ի վերջո պիտի ընդունենք, որ ունենք այն, ինչ ունենք: Փառք աստծո, կան ԽՄ տարիներից պահպանված և նախախորհրդային շրջանի ճարտարապետական գոհարներ, որոնք ապագա սերնդի համար գրքեր են, ուսուցողական գրականություն, որով սովորելու են ու առաջնորդվելու: Դեռ կան այդ ճարտարապետությամբ ոգևորվող ու այն նոր տեխնոլոգիաների հետ սինթեզող ճարտարապետներ: Բայց հնի ու նորի գրագետ համադրման համար էլ պետք է ունենալ համապատասխան բազա: Ու եթե մենք ուզում ենք մեր մասնագիտությունը հասցնել արվեստի մակարդակի, պարտավոր ենք ուրիշ կերպ մոտենալ նրան` գիշեր-ցերեկ, առանց դադարների: Ճարտարապետը դեռ ուսանելու տարիներից պետք է հասկանա՝ ճարտարապետությունը արվեստ է, որը կարող է դառնալ բիզնես, կամ բիզնես է, որն իր մեջ արվեստ է կրում: Արդի ճարտարապետությունն անհնար է առանց այս երկու բևեռների միակցման, այլապես կրթությունը կլինի թերի, իսկ ճարտարապետը կդառնա փող աշխատող մասնագետ, և կշարունակվի քաղաքի խաթարման թնջուկը: Որպեսզի այդ թնջուկը կամաց-կամաց բացվի, յուրաքանչյուր ճարտարապետ իր տեղում, իր արվեստանոցում պետք է կարողանա համագործակցել երիտասարդ ու տարեց ճարտարապետների հետ, երիտասարդին փոխանցի իր փորձը, տարեց մասնագետի հուսալի ձեռքը հանձնի այն նախագծերը, որոնք պահանջում են ավելի մեծ փորձ ու պատասխանատվություն: Ճարտարապետը պետք է կարողանա սինթեզել այսօրվա, վաղվա ու երեկվա տեսլականները ու չկառչի նախագծից` ամենայն խորությամբ ընկալելով այն մեծ պատասխանատվությունը, որն ինքը ստանձնում է յուրաքանչյուր նախագծի համար: Մեր արվեստանոցում աշխատանքային բաշխումը հենց այդ սկզբունքով է արվում, ու մենք իրոք այս առումով կարող ենք պարծենալ: 

 

Վերջին տարիներին շատ բան է փոխվել դեպի դրականը թե ճարտարապետ-պատվիրատու երկխոսությունում, թե արվեստանոցների աշխատանքային պրոցեսներում: Եվ արդյունքում ստեղծվել են նորակառույցներ, որոնք գծագրվել են ճիշտ, գրագետ և արվեստին մոտ լուծումներով: Բայց դա մենք քիչ ենք տեսնում կամ չենք տեսնում ընդհանրապես: Քաղաքի ճարտարապետությունը հայտնվել է հանրային ուշադրության թիրախում, առավելապես բացասական շեշտադրումներով քննարկվում ու քննադատվում է շատ բան: Բայց չէ՞ որ նույն խնդիրը կա բոլոր ոլորտներում. բոլոր բնագավառներում կա ճիշտ, պրոֆեսիոնալ, ներդաշնակ վերակառուցման խնդիր, դասական արվեստն ընկալելու և այն առօրյայի մաս դարձնելու խնդիր: Ճարտարապետությունը տարբեր արվեստների` նկարչության, քանդակագործության, անգամ երաժշտության սինթեզ է: Իզուր չեն ասում, թե ճարտարապետությունը քարերի սիմֆոնիա է: Այո, ճարտարապետությունը նաև երաժշտություն է պարունակում, որը չի լսվում, չի հնչում: Բայց եթե չունես համապատասխան բազա, դասական երաժշտությանը վարժված ականջ, ինչպե՞ս այն կհնչեցնես, ինչի՞ց պիտի ոգևորվես, եթե կենցաղդ մանր է: Մարդն անկախ ոլորտից պիտի ինքնակրթմամբ զբաղվի, ծանոթ լինի համաշխարհային դասական արվեստի տարբեր ճյուղերին, հատկապես երաժշտության գործերին: Սա այն սահմանն է, որտեղ չեն ասում՝ ճաշակին ընկեր չկա: 

 

Ակադեմիական բարձրարվեստ երաժշտությունը բառի ուղղակի իմաստով առօրյա է Սեմյոն Բարսեղյանի ընտանիքում: Կինը` Արմինե Գրիգորյանը, Ա. Խաչատրյանի տուն թանգարանի տնօրենն է, «Խաչատրյան տրիոյի» դաշնակահարուհին, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Երաժիշտ են նաև նրանց երկու զավակները: Դասական արվեստը առօրյա պետք է լինի նաև հասարակության կյանքում, անընդհատ պրոպագանդվի, տարածվի, հնչի, որ մարդն ակամա ձեռք բերի գեղեցիկը գտնելու և տեսնելու լավ սովորություն. համոզված է Արմինե Գրիգորյանը: 

 

 

 

Ժամանակակից արվեստում շատ սահմաններ են խախտվել, խախտվել են բարձր ու ցածր ոճերը, հաճախ մեկը մյուսի անվան տակ է ներկայացվում, փոխարինվում մեկը մյուսով: Եվ երաժիշտներն այսօր համերգային գործունեությունից զատ միևնույն պատասխանատվությամբ զբաղվում են նաև դասական երաժշտության պրոպագանդայով: Այդ նպատակով էլ ստեղծվել է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը, որի շնորհիվ «Խաչատրյան տրիոն» համերգներ է ունենում ոչ միայն արտասահմանում և Երևանում, այլ նաև Հայաստանի մարզերում` համագործակցելով մարզային երաժշտական հաստատությունների հետ: Անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է շատ տաղանդավոր երեխաներ գրավել դեպի երաժշտությունը: Մենք այսօր ունենք սերնդափոխության խնդիր. լավ մասնագետները նախընտրում են աշխատել արտերկրում, իրենց տաղանդը ներդնում են օտար արվեստի զարգացման մեջ, իսկ մեզ մոտ առաջանում է մի մեծ վակուում, որը դժվար է լցնել: 

 

Դասական երաժշտության պրոպագանդան կարևոր է ոչ միայն երիտասարդ մասնագետներ գրավելու, այլ նաև հասարակության հոգեկերտվածքի վերափոխման առումով: Հենց հիմքից՝ ընտանիքից ու դպրոցից, պիտի սկսել ճիշտ երաժշտության մատուցումը, քանի որ դասական երաժշտություն լսելը ոչ թե պարզապես գեղագիտական վայելք է, այլ նախևառաջ հիմնարար արժեքների ընտրության ձևավորում, ներաշխարհի կառուցում բարու, գեղեցիկի համամարդկային հիմքերի վրա: Երեխան միշտ չէ, որ երաժիշտ կդառնա, բայց կդառնա տարբեր ոլորտներում այնպիսի մասնագետ, ում ընտրությունը միշտ կլինեն բարձր որակն ու պրոֆեսիոնալիզմը: Բացի այն, որ դասական արվեստը օգնում է ապրել ավելի լեցուն, հուզական կյանքով, այն օգնում է նաև շատ ավելի խոր մակարդակում հասկանալ, որ մենք այս աշխարհ ենք գալիս ոչ միայն որպես սպառող: Մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով նաև այս աշխարհին ինչ-որ բան թողնելու, ինչ-որ բան ստեղծելու առաքելություն ունի: Միայն այդպես է հնարավոր բուժել այս համատարած ընչաքաղցը, բիզնեսային, եսակենտրոն ախտը, որով վարակված է մեր քաղաքը, բուժել` մթնոլորտ բաց թողնելով մաքուր արվեստի բացիլը: 

 

<Երևակ> ամսագիր