Գիշերային քաղաքի դեմքը

Երբ բեմում երգում էր Ազնավուրը, թե Հանրապետության հրապարակում և թե տանը՝ էկրանի առաջ, բոլորս հիացած էինք . քաղաքն առաջին անգամ չէր Ազնավուրին լսում, բայց նման շքեղ բեմական լուսավորություն առաջին անգամ էր քաղաքն իրեն թույլ տալիս, երբ բեմը ոչ միայն ուղղանկյուն հարթակն էր, այլ ամբողջ հրապարակը, երկինքը, ամբողջ տարածությունը… և այդ ամենը ընդամենը… լույսի միջոցով: Իսկ այսօր Հայաստանում վաղուց արդեն համաշխարհային կարգի որևէ երգիչ, ձայնային և լուսային տեխնիկայի առումով, չի զգում տարբերություն՝ Եվրոպայո՞ւմ է երգում, թե՞ Հայաստանում: Եվ նա չի էլ գուշակի, որ ընդամենը տասը տարի առաջ մենք լուսավոր ոչ թե բեմի, այլ անգամ ճանապարհի կարիք ունեինք:Տասը տարի առաջ՝ 2003թ., ստեղծվեց «Պրոլայթինգ» ընկերությունը, առաջին ընկերություններից մեկը Հայաստանում, որը ցույց տվեց, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ մոտեցում լուսավորությանը: «Պրոլայթինգը» վերցրեց երկու բավական լայն դաշտ, ներքին և արտաքին լուսավորություն՝ մեր երկրում կիրառելով լուսավորության ժամանակակից տեխնիկական հնարավորությունները:

 

Այս բնագավառում եվրոպական տարբեր ընկերություններ կարողացան ստեղծել այնպիսի ստանդարտներ, որոնց սկսեցին հետևել ամբողջ աշխարհում: «Պրոլայթինգ» ընկերությունը տասնյակից ավելի ռազմավարական գործընկերներ ձեռք բերեց գերմանական, իսպանական և իտալական ընկերությունների շարքում: 

 

Ինժեներական ու տեխնիկական միտքը անընդհատ նոր սահմաններ է գծում, քանի որ խոսքը լույսի՝ մարդու համար կարևորագույն գործոնի մասին է: Լուսավորությունն այսօր մի քանի խնդիր է լուծում՝ առողջության անվտանգություն, բիզնեսի արդյունավետություն… 

 

Լույսը տեսողություն չէ միայն, այն հոգեբանական հզոր գործիք է նաև: Մեր միջավայրը լուսավորելու ամենամեծ պայմանը և ցանկացած ինժեներական լուծման ելակետը հենց հոգեբանական ազդեցությունն է: Գրագետ հաշվարկ, ստեղծագործական միտք, ճկուն լուծումներ և անընդհատ նոր տեխնոլոգիաներ. «Պրոլայթինգ» ընկերության ցանկացած նախագիծ այս բանաձևի միջոցով է իրականանում: Իսկ արդյունքը նրա հիմնական նպատակն է՝ ունենալ առողջ հասարակություն: Այս պարագայում դա ոչ թե մաղթանք է, այլ ինտերիերի լուսավորության առանցքային կետը: Մասնագետների բերած վիճակագրական տվյալները փաստում են, որ դեռ փոքրուց երեխաների ակնոց կրելու դեպքերի ավելի քան 70 տոկոսը ոչ բավարար կամ սխալ լուսավորության արդյունք է: Ուստի մանկապարտեզների, դպրոցների, նաև բնակարանների, գրասենյակների լուսավորությունը ստանձնելիս պետք է կրել չափազանց մեծ պատասխանատվություն: Առանձին խնդիր է հիվանդասենյակների, հիվանդանոցային տարբեր նշանակության ու գործառույթներով բաժանմունքների լուսավորությունը: «Պրոլայթինգ» ընկերությունը Հայաստանում կարողացել է պահպանել ու երբևէ չշեղվել եվրոպական ստանդարտներից: Իսկ ընկերությունն ընդգրկել է հասարակական ամբողջ հատվածը՝ բնակելի տներ, մշակույթի կենտրոններ, դահլիճներ, հանգստի և մարզական տարածքներ, գրասենյակներ, հիվանդանոցներ և այլն:

 

Լույսի և ստվերի խաղը միայն կտավը կարող է դարձնել հանճարեղ գործ: Սակայն ստեղծագործական երևակայությունն այսօր վրձնով աշխատելու գաղտնիքների մեջ չէ միայն: Մտքի թռիչքը կարող է հանգիստ սահմաններ չճանաչել լուսավորության ժամանակակից տեխնիկական հնարավորությունների շնորհիվ: Արտաքին լուսավորության սպեկտորը որքան լայն, նույնքան բազմաշերտ է: Ճարտարապետություն բառն այստեղ պատահական չէ: Եվ պրոֆեսիոնալիզմը այստեղ ևս ստիպում է հաշվի առնել մի շարք կարևոր կետեր: Ամենակարևորը՝ պահպանել շինության՝ որպես ճարտարապետական կոթողի ամբողջական տեսքը, միևնույն ժամանակ ընդգծել ճարտարապետական այն հնարքները, տարրերը, որոնք ցերեկը նկատելի չեն: Հենց սա էլ կոչվում է գրագետ մոտեցում, երբ ճարտարապետը կարող է հանգիստ լինել, որ իր գաղափարին տեր են կանգնել: Մայրաքաղաքում «Պրոլայթինգ» ընկերությանն են վստահվել հենց յուրօրինակ ճարտարապետություն ունեցող և քաղաքի համար կարևոր մշակութային ու հանրային նշանակության շինություններ. բավական է նշել միայն Մատենադարանի շենքը, Թումանյանի տուն-թանգարանը, թեև ցանկը կարելի է երկար շարունակել: Մեր մայրաքաղաքի, այսպես ասած, գիշերային ճարտարապետությունը վայելելու ռեալ հնարավորություն մենք ունեցանք 2003 թվականից սկսած: «Պրոլայթինգը» ստանձնեց քաղաքի պուրակների, բաց համալիրների, հասարակական և քաղաքի դիմագիծը արտացոլող այլ վայրերի լուսավորության գործը:

 

Երևան քաղաքում ցանկացած բովանդակության և մասշտաբի տոն այսօր հանգիստ են նշում, քանի որ լույսի և ձայնի տեխնիկական հնարավորությունները կարող են գերազանցել անգամ առաջադրվող պահանջները: Եթե դիտենք նման միջոցառումների ցանկը, որոնց տեխնիկական սպասարկումն ապահովել է «Պրոլայթինգ» ընկերությունը, դարձյալ պետք է թվարկենք ամենաակնառու, անգամ պետական կարևորությամբ տոնական համերգներն ու միջոցառումները. այսպես՝ 2006թ. Շառլ Ազնավուրի համերգը Երևանում, 2007թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցի առիթով կազմակերպված միջոցառումը, եթե հիշում եք, հենց այդ օրը Հանրապետության հրապարակում բացվեցին երգող-պարող, գունավոր լուսավորմամբ շատրվանները, 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբությունը, այնուհետև Անդրեա Բոչելլիի համերգը Երևանում: «Պրոլայթինգը» տեխնիկական որակյալ սպասարկմամբ ապահովեց գրատպության 500 ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ողջ տարվա կտրվածքով, որի ընթացքում դարձյալ Հայաստանում կիրառվեցին տեխնիկական ժամանակակից նվաճումները: Իսկ թե մեծ տոնակատարության լուսավորություն է ապահովում, մշակութային կառույցի, շքեղ առանձնատան, թե փոքրիկ բյուջեով մանկապարտեզի, չափանիշները միշտ նույնն են և սկզբունքը մեկը չփոխել պրոֆեսիոնալի իր ձեռագիրը: «Պրոլայթինգ» ընկերությունը հիմնադրվել է հենց մասնագիտական բարձր պահանջների բազայի վրա: Ընկերությունը ստեղծել է մասնագիտությամբ երաժիշտ Ռուբեն Տոնիկյանը, ում մասնակցությամբ դեռ մինչև ընկերության հիմնումը իրականանում էին բավական ծավալային երաժշտական նախագծեր, որի ընթացքում սեփական երկրում լուրջ և ժամանակակից տեխնիկական հնարավորություններին տիրապետելու պահանջ առաջացավ: Եվ ստեղծվեց «Պրոլայթինգ» ընկերությունը՝ Հայաստանում առաջին կազմակերպություններից մեկը, որը զբաղվեց պրոֆեսիոնալ ձայնային ու լուսային նախագծերի իրականացմամբ և տեխնիկական սպասարկմամբ: 

 

Այսօր «Պրոլայթինգը» ամփոփում է իր 10-ամյա գործունեությունը, կատարված գործերի արխիվային փաստաթղթերի, գծագրերի հսկայական կույտի մեջ առանձնացնելով իր ամենակարևոր առաքելությունը և այն էլ՝ բաց ճակատով. ապահովել այնպիսի լուսավորություն, որ մեր երեխաները երբևէ չկորցնեն ամենաթանկը՝ իրենց աչքի լույսը:

 

<Երևակ> ամսագիր