Եվրոպական մշակույթ հայկական բիզնեսում․ Պրոֆալ

«Պրոֆ Ալ» ընկերության տասնյակից ավելի արտադրական ուղղությունները հիմնվել ու զարգանում են եվրոպական խոշորագույն և հայտնի ապրանքանիշերի՝ շուրջ 50 ընկերությունների հետ գործընկերության արդյունքում: Շինարարության, ինտերիերի ձևավորման բնագավառում եվրոպական արտադրող հզոր ընկերություններից շատերի արտադրանքը Հայաստանում ներկայացնում է «Պրոֆ Ալ»-ը ` որպես պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչ: 

 

Եթե հետևենք «Պրոֆ Ալ»-ի ավելի քան 10 տարվա դինամիկային, ապա կարող ենք արձանագրել միայն հաստատուն աճ՝ եղած ուղղությունները համալրելու, որակական ավելի բարձր աստիճանի հասնելու և նոր համագործակցություններ ձեռք բերելու տեսքով: 

 

Ամբողջ ընթացքում ընկերության մասնագետները չեն դադարում ուսումնասիրությունները բոլոր բնագավառներում: Դրանք դրսևորվում են անընդհատ կազմակերպվող կոնֆերանսների, արտերկրից հրավիրված մասնագետների հետ ուսումնական քննարկումների միջոցով: Ընկերության նպատակն է ոչ միայն վաճառել արտադրանքը, այլև մասնագետ դառնալ տվյալ բնագավառում: Եվ խոսելով դրանցից որևէ մեկի մասին՝ պարզապես չենք կարող շրջանցել մասնագիտական այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է ցանկացած սպառողին կամ այդ արտադրանքով հետաքրքրվողներին:

 

Անդրադառնանք «Պրոֆ Ալ»-ի և նրա միջոցով մեր շուկայի վերջին մի քանի լուրջ ձեռքբերումներին:

 

«Պրոֆ Ալ»-ը իտալական աշխարհահռչակ Gewiss ընկերության արտադրանքի պաշտոնական ներկրողն է Հայաստանում: Այն, ինչ անհաժեշտ է բնակարանի, առանձնատան կամ արտադրական տարածքների հոսանքի մոնտաժման համար, կարող եք ձեռք բերել Gewiss-ի մասնագիտացված խանութներից (Պարոնյան 1, Երվանդ Քոչարի 1 հասցեներում) և ընկերության գլխամասային գրասենյակից: Մինչ այս Gewiss-ը հայ սպառողին արդեն հայտնի էր, սակայն բավական սահմանափակ, ընդամենը մի քանի արտադրատեսակներով: «Պրոֆ Ալ»-ը Gewiss-ը ներկայացրեց իր ողջ տեսականիով ու համալիրով: Միևնույն ժամանակ ներդրեց այստեղ պահեստ ունենալու գաղափարը՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով ցանկացած պահի անհրաժեշտ քանակությամբ ապրանք ձեռք բերել: Ամբողջ աշխարհում տարածում գտած այս ապրանքանիշը իր գործունեությունը սկսեց իր բնագավառում հեղափոխությամբ, որն արտահայտվեց էլեկտրասարքավորումներում տեխնոպոլիմերի կիրառմամբ: Էկոլոգիապես մաքուր այս նյութն ապահովում է բարձր ֆունկցիոնալություն, անվտանգություն, պարզ մոնտաժ: Այս չափանիշն են ապահովում էլեկտրամոնտաժի սարքավորումների բազմազան տեսակները, որոնք առանձնանում են թե՛ որակով, թե՛ անվտանգությամբ, թե՛ դիզայնով: Ներկայացված է նաև հոսանքի բաշխիչ վահանակների լայն տեսականի, որը նույնպես աչքի է ընկնում իր գեղագիտական տեսքով: Իսկ ավտոմատ անջատիչների, պաշտպանիչ սարքերի ճիշտ ընտրությունը ապահովում է բացարձակ անվտանգություն էլեկտրաէներգիայի վտանգավոր ներգործություններից: Հաճախորդի ցանկությամբ ընկերության բարձրակարգ մասնագետները կկատարեն նաև հոսանքի ամբողջական մոնտաժ և սպասարկում: 

 

Շնորհիվ «Պրոֆ Ալ»-ի՝ իր արտադրական ողջ հզորություններով է Հայաստանում ներկայանում նաև ամերիկյան Raychem ընկերությունը: Նրա արտադրանքը մեզ ծանոթ է «տաք հատակ» անվանումով: Խոսքը էլեկտրական ջեռուցող մալուխների մասին է: Raychem-ը հիմնադրվել է 1957 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Այս ընկերությունը աշխարհում հայտնի է որպես «ինքնակարգավորվող» ջեռուցող մալուխների հայտնագործողը: Այդ գյուտից շատ չանցած արդեն ողջ աշխարհում սկսվում է դրա լայն կիրառությունը տարբեր՝ ջեռուցման, ավիացիայի, ռազմական ոլորտներում: Այսօր այդ ընկերությանն են պատկանում 120 արտադրական տարածքներ աշխարհի 85 երկրներում՝ շուրջ 30000 աշխատակիցներով: Այս տարվանից արդեն Raychem-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է «Պրոֆ Ալ» ընկերությունը: Վերջինիս միջոցով մեր սպառողը կարող է ձեռք բերել՝ 

 

ներտնային ջեռուցում` որպես ջեռուցման հիմնական կամ երկրորդային համակարգ, 

 

բաց հարթակների ջեռուցում` ձյունը հալեցնելու և սառցակալումը կանխարգելելու համար, 

 

տանիքների և ջրահեռացման համակարգերի ջեռուցում` ձյան և սառցալեզվակների՝ տանիքից կախվող վտանգավոր սառցաբեկորներ հալեցման համար, 

 

ջրատար խողովակների պաշտպանություն սառցակալումից, 

 

տաք ջրի խողովակներում անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման համակարգեր: 

 

Տարբեր կիրառությունների համար Raychem-ն ունի առանձին լուծումներ:

 

Բոլոր այս ուղղությունների համար ընկերությունն առաջարկում է ինքնակարգավորվող մալուխներ, իսկ ներտնային ջեռուցման և բաց հարթակների համար նաև ռեզիստիվ մալուխներ: Տարբերությունը դրանց միջև հետևյալն է. ռեզիստիվ մալուխներն ունեն ջեռուցման հաստատուն հզորություն ամբողջ երկայնքով, իսկ ինքնակարգավորվողները փոփոխում են ջերմատվությունը մալուխի ամբողջ երկայնքով՝ առավել սառը հատվածներում արտադրելով ավելի մեծ ջերմություն: Ռեզիստիվ մալուխներն ունեն անհամեմատ ցածր ինքնարժեք, սակայն ինքնակարգավորվող մալուխներն էլ կոմպենսացնում են վճարված բարձր գինը՝ շնորհիվ բավական մեծ էներգախնայողության: 

 

«Պրոֆ Ալ»-ի ցուցասրահում ներկայացված են միաժամանակ 8 տարբերակներ: Դրանց մեջ առկա են նաև գերբարակ ռեզիստիվ երկջիղ մալուխներ, որոնք թույլ են տալիս ստանալ տաք հատակ առանց շինարարական հատուկ ներգործության, այսինքն՝ ջեռուցող տարրը տեղադրվում է անմիջապես սալիկների տակ, երբ սովորաբար անհրաժեշտ է լինում ունենալ 6-10 սմ խորություն: Առաջարկվում են նաև այնպիսի տեսակներ, որոնց դեպքում ջեռուցող մալուխը գործարանային պայմաններում արդեն ամրացված է կպչուն ցանցի վրա, ինչը ապահովում է առավելագույնս պարզ մոնտաժում: 

 

Բոլոր ապրանքատեսակներն ապահովագրված են 12 տարվա երաշխիքով: Որոշ ապրանքատեսակների համար գործում է նաև բացառիկ՝ 20 տարվա երաշխիք, եթե մոնտաժն իրականացվում է ընկերության որակավորված մասնագետների կողմից: Դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տալուց բացի ընկերության մասնագետները պատրաստ են կատարել ինժեներական հաշվարկներ ջեռուցման օպտիմալ տարբերակի ընտրության համար: 

 

Միանգամայն տարբեր բնագավառներ, որոնք շաղկապված են կամ լրացնում են միմյանց. սա «Պրոֆ Ալ»-ի գործունեության հիմնական պատկերն է: Ուստի այստեղ տեղին է խոսել լանդշաֆտային ճարտարապետության մասին ևս: Ոլորտը խորությամբ ուսումնասիրելու, նրբություններին տիրապետելու և Հայաստան նոր մշակույթ ներմուծելու ջանքերը երկար տարիների պատմություն չունեն, սակայն «Պրոֆ Ալ»-ը, իր աշխատանքային ոճին հավատարիմ, արդեն ձեռք է բերել լուրջ համագործակցություններ կանաչապատման ոլորտում աշխարհում առաջատար ընկերությունների հետ: Եվրոպական հարուստ փորձը մեր երկրում ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ են երեք կարևոր բաղադրիչներ` ոռոգման համակարգերի գրագետ ներդրում, լանդշաֆտային ճարտարապետների, ինչպես և ագրոնոմների ներգրավում: Ամբողջ համակարգի արդյունավետ աշխատանքի համար դարձյալ պրոֆեսիոնալ մոտեցման սկզբունքն է կիրառվում: Համագործակցելով իտալական հանրահայտ Irritrol ընկերության հետ` «Պրոֆ Ալ»-ը ներմուծում է բարձրակարգ ավտոմատացված ոռոգման համակարգեր, իսկ դրանց կցամասերը՝ Unidelta ընկերությունից, որի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 

 

Մեր երկրի բնակլիմայական պայմանները միշտ չէ, որ նպաստավոր են այնպիսի բույսերի մշակման համար, ինչպիսիք առաջարկում է «Պրոֆ Ալ» ընկերությունը: Եվ մինչև բույսը իր սպառողին հասնելը 1-2 տարի անցնում է փորձարկման փուլը՝ հարմարեցնելու համար մեր կլիմային: Այդ աշխատանքների արդյունքում են նաև համալրվում մասնագիտական խմբերը՝ ոռոգման համակարգի մասնագետների, լանդշաֆտի դիզայներների և ագրոնոմների:

 

Իրականում պրոֆեսիոնալ մասնագետի դեֆիցիտը բավական լուրջ խնդիր է, և մեծ ջանքեր են անհրաժեշտ հաղթահարելու սիրողական մակարդակը: Այդ բացը ընկերությունը փորձում է լրացնել նաև իր աշխատակիցներին վերապատրաստելով Իտալիայում և Հոլանդիայում: Եվ նրա համագործակցության շրջանակը հիմնականում հենց այդ երկրների ընկերություններն են ստեղծում, որոնք ողջ աշխարհում հայտնի են կանաչապատման ու ձևավորումների մեծ փորձով: «Պրոֆ Ալ»-ի գործընկերներն են լանդշաֆտի ոլորտում տիրապետող դիրք զբաղեցնող եվրոպական New Coop, Torsan Lorenso, Sandro Bruschi ընկերությունները:

 

Ինտերիերի և էքստերիերի ձևավորման ոլորտում համալիր ծառայություններ առաջարկելու նպատակով «Պրոֆ Ալ»-ը համագործակցում է նաև գերմանական Lechuza և Emsa՝ որակյալ և ինքնատիպ ծաղկամաններ ու ցայտաղբյուրներ արտադրող ընկերությունների հետ: Դրանց պատրաստման համար օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք կայուն են ջերմաստիճանային տատանումների հանդեպ՝ մշտապես պահպանելով իրենց արտաքին տեսքը: Եվ հենց յուրահատուկ տեսքի շնորհիվ հնարավորություն են ստեղծում էքստերիերի դիզայնում ստանալ ամենատարբեր լուծումներ: Հետաքրքիր ու գեղեցիկ էքստերիեր ունենալու պահանջարկը «Պրոֆ Ալ»-ին ստիպում է այդ ամենի հետ ներմուծել նաև բազմատեսակ քարեր: Ճիշտ համադրության դեպքում ստեղծվում է յուրատեսակ ոճ: 

 

Արտաքին շուկայում կայուն գործընկերներ ունենալը և պարբերաբար նոր ուղղություններով հանդես գալը «Պրոֆ Ալ»-ի հիմնական ռազմավարությունն է: Դա ապահովելու ճանապարհներից է միջազգային ցուցահանդեսներին անընդհատ մասնակցությունը: Այն նաև լավագույն տարբերակն է արտադրանքը ներմուծելու հենց արտադրողից՝ մեր շուկայում ապահովելով ամենակարևորը՝ որակ և մրցունակ գին:

 

<Երևակ> ամսագիր