Վեգա. ճարտարապետական դպրոցի ինքնատիպ ձեռագիրը

Հայկական ճարտարապետության սկզբունքներ ու նորագույն տեխնոլոգիաներ. դրանց միասնության արդյունքում մայրաքաղաքում, հանրապետության մարզերում ու Հայաստանի սահմաններից դուրս կյանքի են կոչվում նոր գաղափարներ: Աշխատանքի 10 տարիների ընթացքում «Վեգա» արվեստանոցում ձևավորվել է հստակ մթնոլորտ՝ վարպետություն, հարգանք ու ազնվություն մասնագիտության նկատմամբ: 

Ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանը 2004 թվականին ժառանգեց «Վեգա» արվեստանոցը: Ժամանակի ընթացքում այն դարձավ լավագույններից մեկը՝ զբաղեցնելով իր հստակ դերն այս ոլորտում: Այս տարիների ընթացքում ընկերությունը նախագծել է տասնյակ շինություններ, մենատներ, խանութներ, բանկային ու օֆիսային տարածքներ: Սրանից ոչ մեկը մյուսին չի կրկնում ու յուրահատուկ է: Սեմյոն Բարսեղյանն իր նախագծերին զուգահեռ իր առջև նաև այլ խնդիր ունի` շարունակել այն ճարտարապետական դպրոցի ավանդույթները, որոնք յուրացրել է ժամանակին լեգենդար ճարտարապետներից: Հենց դրանց կիրառմամբ էլ ցանկանում է ցույց տալ ճարտարապետության իսկական դեմքը:

 «Վերջին քսան տարում հասարակությունը ձևափոխվեց. բնականաբար, այդպես պետք է լիներ: Մարդիկ հիմա նոր մտածողություն ունեն, սակայն այդ նոր մտածողությամբ մարդկանց պետք է ուղղորդել, նրանք պետք է հասկանան, որ սա սովորական մասնագիտություն չէ, այլ՝ շատ լուրջ: Ես ցանկանում եմ դա ասել ոչ թե իմ ընկեր ճարտարապետներին, այլ հասարակությանը՝ փոխելով նրա վերաբերմունքը մեր մասնագիտության հանդեպ»:

 «Վեգա» արվեստանոցում տարբեր տարիքի մարդիկ են աշխատում: Նրանց մի մասը հենց ստեղծման պահից է այստեղ, մյուսները ճարտարապետության բնագավառում դեռևս առաջին քայլերն են կատարում: «Վեգա»-ում ճարտարագետ Մանուշ Ստեփանյանն աշխատում է երկար տարիներ: Այստեղ նա գտավ այն, ինչ ուզում էր տեսնել հայկական ճարտարապետական արվեստանոցներում՝ հետաքրքիր գործեր, որոնք չեն կրկնվի, աշխատանքներ, որոնք կբերեն ոչ միայն գումար, այլև, ինչպես ինքն է ասում, հպարտության զգացողություն: 

«Մենք ինչ նախագծել ենք, արդեն կառուցվել է, դա շատ կարևոր է: Ոչ մի նախագիծ չի մնում թղթի վրա, մեր արվեստանոցը շատ հետաքրքիր է, ոչ մի գործ մյուսին չի կրկնում, այս պահին ես հետաքրքիր գործեր եմ գերադասում անել, այդպես տարիքս է թելադրում: Գիտեք ինչ, մասնագետի համար կարևոր է, որ իր գործերը կառուցվում են հենց այնպես, ինչպես նա նախագծել է: Պետք է այս ոլորտում լինել դրա կարևորությունը հասկանալու համար»: 

2004 թվականից մինչ այժմ «Վեգան» մի քանի տասնյակ նախագծեր է կատարել: Ամենամեծ բազմաբնակարանից ու հյուրանոցային համալիրից մինչև ամենափոքր խանութը նախագծվում է միևնույն սկզբունքով՝ հայկական քարի դարավոր ավանդույթների ու մոդեռնի համադրությամբ: Սեմյոն Բարսեղյանը, որ յուրացրել է հայկական ճարտարապետական լավագույն դպրոցի ավանդույթները, հիմա աշխատում է այլ պայմաններում, պատվիրատու-նախագծող հարաբերությունները թելադրում են այլ սկզբունքներ: Սակայն վստահ է, որ ժամանակակից աշխարհում նույնպես հնարավոր է պահպանել ազգային մտածելակերպն ու հայկական ճարտարապետության դիմագիծը: 

«Կարևորը հարգանքն է մասնագիտության նկատմամբ: Վարպետություն ու ազնվություն. այս սկզբունքները ես սերմանում եմ նաև իմ թիմի մեջ»,- ասում է ճարտարապետը:

Այս արվեստանոցի գերխնդիրը ճարտարապետական դպրոցի հիմնադրումն է, և 10 տարվա ընթացքում «Վեգան» երիտասարդ մասնագետների համար հենց այդ դպրոցն է դարձել: Այստեղ աշխատած յուրաքանչյուր ճարտարապետ է խոստովանում՝ ուր էլ գնա և ում հետ էլ աշխատի, միևնույնն է, իր ձեռագիրը պահպանվում է: 

Գոհար Ջալալյանը հիմա իր սեփական գործն ունի, սակայն անցած դպրոցի յուրաքանչյուր սկզբունք կիրառելի է մշտապես: «Եկել եմ այստեղ դեռ ուսանողական տարիներից: Գիտեք, այս արվեստանոցը տալիս է մի բան, որ չես կարող սովորել բուհում։ Գոյություն ունի ճարտարապետական դպրոց գաղափար, իսկ ոչ բոլորը կարող են ասել, որ եթե ճարտարապետ են, ուրեմն ունեն դպրոց։ Այստեղ կա այդ դպրոցը։ Այս գաղափարը մնում է քո մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ դու աշխատում ես ուրիշի հետ»։ 

Երիտասարդ մասնագետներ Հռիփսիմե Նազարյանն ու Անուշ Սարգսյանը ևս այստեղ են կատարում իրենց առաջին քայլերը: 

Անդրանիկ Տոնոյանի համար մասնագիտական կնքահայր դարձավ հենց Սեմյոն Բարսեղյանը: Վարպետի սանն է դեռ դպրոցական տարիքից: Այսօր միասին են կատարում ամենալուրջ նախագծերը՝ բանկային շինություններ ու խանութներ, բնակելի բազմաբնակարաններ ու մենատներ: «Սկսեցի մտնել մասնագիտության մեջ, դանդաղ քայլերով շատ մեծ դպրոց անցա, բացի մասնագիտությունից կյանքի շատ մեծ դասեր ստացա վարպետ Սյոմայից, շատ մեծ դպրոց է սա։ Միասին նախագծում ենք բանկային համալիրներ, մենատներ: Սակայն ես երբեք չեմ մոռանա իմ առաջին աշխատանքը, որ այցեքարտ եմ համարում. դա Չարենցի 24 շենքն է»,- ասում է երիտասարդ ճարտարապետը։

Արվեստանոցի ղեկավարը չի թաքցնում՝ «Վեգա»-ն ստեղծեց բավականին բարդ պայմաններում. թե՛ մրցակցությանը դիմակայելու, թե՛ սեփական սկզբունքներին անդավաճան մնալու խնդիր կար։ Այդ ճանապարհին Սեմյոն Բարսեղյանը մտերիմների աջակցությունը մշտապես է զգացել, կան մարդիկ, ովքեր նրա հետ աշխատել են այս տարիների ընթացքում առանց դադարի: Ճարտարապետը նաև հպարտանում է, որ հենց ընկերներ դարձած գործընկերների օգնությամբ է կարողացել հաղթահարել մեծ ու փոքր դժվարությունները: Նրանց թվում են նաև անվանի ճարտարապետներ, նախագծողներ ու շինարարներ և Երևան քաղաքի տարբեր տարիների գլխավոր ճարտարապետներ: Խորհրդային տարիներին Սեմյոն Բարսեղյանը սովորել ու աշխատել է «Հայպետնախագիծ», «Երևաննախագիծ» հաստատություններում, եղել Զավեն Բախշինյանի, Սարգիս Գուրզադյանի սանն ու նրանց կրտսեր ընկերը: Նա այսօր իր առջև խնդիր է տեսնում՝ ոչ թե պարզապես գումար վաստակելու համար արտադրանք ներկայացնել, այլև հայկական ճարտարապետական ավանդույթներն ի մի բերելով՝ սերունդներին փոխանցել լավագույնն, ինչ իր մեջ ամփոփում է ճարտարապետական արվեստը: Իսկ այստեղ անելիքներ շատ կան: Ներկա ճարտարապետությունը ձևավորվեց այնպիսի իրավիճակում, երբ սկսեցին գերակա դառնալ պատվիրատուի պատկերացումները, իսկ դրանք շատ հաճախ կարող են արվեստի հետ որևէ կապ չունենալ: Սակայն ճիշտ ճարտարապետի խնդիրն այսօր այդ երկու հարցերը՝ բիզնեսն ու արվեստը, մեկ օղակում ընդգրկելն ու դրանք հավասար նժարների վրա պահելն է: Ճարտարապետներից ոչ ոք չի փաստում, թե հեշտ գործ է: Ուստի այստեղ էլ ավելի է կարևորվում երիտասարդ մասնագետներին կրթելու հարցը, որպեսզի հենց նրանք ի սկզբանե կարողանան տարբերել քաղաքն աղավաղող քարե պատկերները արվեստի գործերից ու իրենց նախագծերում պահպանեն ճարտարապետական գրագետ դպրոցի ձեռագիրը:

 

Երևակ ամսագիր