Ի՞նչ ակնկալել, ո՞ր կողմից և ինչո՞ւ. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

 

Մի բան մենք պետք է լավ հասկանանք, դրանից հետո հեշտ կլինի վերլուծել: Այսպես. հնարավոր է, որ մեր շահերը ինչ-որ պահի չհամընկնեն ռազմավարական դաշնակցի շահերին: Այնպես չէ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի շահերը համընկնում են բոլոր հարցերում՝ առանց բացառության: Դա շատ բնական է: Դասական օրինակ բերեմ. Ռուսաստանը ցարերից եկած մի ավանդույթ ունի. շատ զգայուն լինել պետության սահմանների հարցում: Օրինակ` ռուս սահմանապահները սպանեցին թուրք հովվին, շատերը մոռացան, որ 3 տարի առաջ նույնը տեղի ունեցավ ռուս-ուկրաինական սահմանին: Այսինքն՝ Ռուսաստանում սահմանն ունի ավելի բարձր գին, քան մարդու կյանքը, բայց հայ, վրացի և ադրբեջանցի սահմանապահի համար կյանքն ավելի բարձր է, քան սահմանը: Միայն այդ օրինակը ցույց է տալիս, որ մենք ռուսներից տարբեր ենք: 

Ռուսաստանում այն կարծիքին են, որ ռազմավարական համագործակցությունն ավելի շատ Հայաստանին է պետք: Մոսկվան շատ հանգիստ անում է քայլեր, որոնք հակասում են հայկական շահին: 

Ռուսաստանում հիմա նախագահ Պուտինի վրա գլխավոր ազդեցությունն ունեն ոչ թե խորհրդարանը կամ կառավարությունը, այլ կորպորացիաները` «Газпром»-ը, «Росвооружение»-ն «Роснефть»-ը: Այդ կորպորացիաներին չի հետաքրքրում ոչ մի ռազմավարական շահ հայերի հետ: «Росвооружение»-ն սկսում է հեքիաթ պատմել, թե դա զուտ բիզնես է, բայց պետության ռեակցիան պետք է լինի հետևյալը՝ պետական ինստիտուտների միջոցով փորձի փակել պետական շահին վնասող երևույթների ճանապարհը: Կորպորացիան ասում է` ես ունեմ 1մլն աշխատող, որոնց պետք է պահեմ: Այսինքն՝ գերակայում է բիզնես շահը, բայց ոչ թե պետական, այլ մասնավոր: Նաև Հայաստանում մասնավոր բիզնես շահի գերակայության համեմատական օրինակ բերեմ: Այսօր տարբեր  ընկերություններ Հայաստանից հայերին զանգվածաբար արտերկիր են տանում: Ըստ էության, նրանք հայաթափում են Հայաստանը, հեշտացնում են մարդկանց տեղափոխումը Հայաստանից: Դու ասում ես` ազգի դավաճան, նա էլ թե` սա բիզնես է, գործ եմ անում: Նույնն էլ՝ ռուսական կորպորացիաների պարագայում: Ու ի՞նչ է ստացվում. երբ ռուսը զենք  է ծախում Ադրբեջանին, ես նրան քննադատում եմ, բայց չեմ քննադատում այն հային, որը հայաթափում է Հայաստանը: Եթե Ռուսաստանում կորպորացիաներն են որոշողները, մեր երկրում որոշողները կամ որոշումների մեջ մեծ դեր ունեցողները օլիգարխներն են: Դրա համար, ցավոք, չենք կարող այդպես հեշտ քննադատել «Գազպրոմ»-ին: Մեր նպատակը պետք է լինի աշխատել և՛ իրենց նախագահի, և՛ կորպորացիաների հետ: Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, մենք արժեք ենք. ի վերջո, այստեղ ռազմաբազա ունեն, հիմնականում Հայաստանի միջոցով է տարածվում ռուսական ազդեցությունը Կովկասում: 

Ուզում եմ հիշեցնել Կարսի պատմությունը, որն արդեն դասական օրինակ է դարձել: Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովուրդը Անտանտ-ի կազմի մեջ էր, որը կռվում էր Գերմանիայի ու նրա դաշնակից Թուրքիայի դեմ: Հայ ժողովուրդը հաղթող դուրս եկավ, քանի որ գտնվում էր հաղթող բլոկի մեջ: Բայց ո՞ւմ տվեցին տարածքները: Տվեցին պարտված կողմին` Թուրքիային: Եթե միայն խոսք լիներ Արևմտյան Հայաստանի մասին, ապա կարելի էր քննարկել, այնտեղ նրբություններ կան: Բայց  Արևելյան Հայաստանից պոկեցին նրա մեծ մասը` Կարսը, Իգդիրը, Մասիս սարը, և տվեցին Թուրքիային: Դեռ Ղարաբաղի ու Նախիջևանի մասին չեմ խոսում: Ո՞վ տվեց Կարսը Թուրքիային: Բոլշևիկյան Ռուսաստանը: Չի բացառվում, որ վաղը ինչ-որ մարդիկ որոշեն Ղարաբաղը վերջնականապես տալ Ադրբեջանին: Պետք է թույլ չտանք, որ կրկնվի Կարսի սցենարը. պատերազմի դաշտում հաղթենք, բայց տարածքները հանձնենք պարտված կողմին: Կարսի հանձնումն իրավիճակային որոշում էր բոլշևիկների կողմից: Ռազմավարական առումով Կարսը Ռուսաստանին պետք էր, բայց այդ ժամանակ Լենինն իրավիճակային որոշմամբ առաջնորդվեց: Մենք պետք այնպես անենք, որ Ղարաբաղը հանկարծ այդպիսի իրավիճակային որոշման հետևանքով չհանձնվի: 

Ըստ իս` մեր անվտանգության երաշխքիներից մեկն այն է, որ շարունակենք Ռուսաստանի հետ աշխատել, առայժմ ոչ մի դեմարշ չպետք է լինի: Երկրորդ` անընդհատ պետք է այլընտրանք ստեղծենք. օրինակ` գազամուղ ունենք Իրանի հետ, երկրորդը ունենանք, քանի որ առաջինը ծախեցինք ռուսներին: Մոսկվան պիտի իմանա, որ վաղը չի կարող գազի միջոցով փակուղու առաջ կանգնեցնել մեզ: Անհրաժեշտ է այլընտրանքային աշխատանք Եվրամիության հետ, անպայման ակտիվ աշխատանք Միացյալ Նահանգների հետ: Ինչո՞ւ եմ ես ողջունում մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը թեև կազմում է մեր ռազմական համագործակցությունների ծավալի 5%-ը, որովհետև Ռուսաստանը գիտե, որ այդ  5%-ը կա, ու հեշտ չի լինի Ղարաբաղը հանձնելը: Պետք է ասեմ, որ Ռուսաստանի համար հիմա տարբերակը մեկն է՝ կախյալ ու չլուծված վիճակում պահել Ղարաբաղի հարցը, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը վերահսկողությունից դուրս չգան, քանի որ հենց Ղարաբաղի հարցը լուծվի, նշանակություն չունի՝ ում օգտին, Ադրբեջանն ու Հայաստանը կգնան դեպի Եվրոպա: Ռուսաստանն այսօր ռեալ մեծ լծակներ չունի ազդելու Ադրբեջանի վրա: Զսպիչ գլխավոր մեխանիզմն այն է, որ աշխարհը կսկսի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե նա պատերազմ սկսի: Չեմ ասում՝ բոլորը, բայց շատ հավանական է, որ Ֆրանսիան ու Ռուսաստանը ճանաչեն: Կասկած չունեմ, որ Ֆրանսիան կճանաչի: Ֆրանսիան սպասում է հարմար պահի, որ հարված հասցնի Թուրքիային: Շատ հավանական է, որ Ռուսաստանը զորք կբերի և կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Դրան կհետևի ֆրանկոֆոն և Ռուսաստանին մոտ կանգնած մի քանի երկրների կողմից ևս ճանաչումը: Դա միջազգային ավանդույթ է. օրինակ` Կոսովոյի դեպքում, եթե Սերբիան պատերազմ չվարեր, Կոսովոյի անկախությունը չէին ճանաչի, սերբերին կստիպեին հարգել Կոսովոյի իրավունքը, կտային ինքնավարություն, բայց երբ սերբերը սկսեցին լայնամասշտաբ պատերազմ, աշխարհը ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Ղարաբաղի անկախության ճանաչմանն ուղղված զգալի գործընթաց կգնա Միացյալ Նահանգներում, կոնգրեսը որոշում կընդունի, որ կառավարությունը ճանաչի. այլ հարց է` կառավարությունը կճանաչի՞, թե՞ ոչ: Այդ պատճառով էլ չեմ կարծում, թե պատերազմի հավանականությունը մոտ ապագայում շատ բարձր է:

Մաքսային միությանը միանալու նախագահի հայտարարությունը ինձ զարմացրեց: Այս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ կատարվեցին Եվրոպայի հետ, ու հանկարծ մի օրում հրաժարվեցինք: Այստեղ գլխավոր պրոբլեմն այն է, որ մենք հրաժարվում ենք Ասոցիացման պայմանագրից, որը կարող էր կոնկրետ դրական արդյունքներ տալ մեզ, և գնում ենք այնտեղ, որտեղ դեռ կազմակերպությունը ձևավորված չէ: ՄՄ-ն նոր կազմակերպություն է, փաստաթղթերի վերջին մասը պատրաստվել է ընդամենը մեկ տարի առաջ: Հիմա աշխատանքային փուլն է` հասկանալու համար, թե որ մեխանիզմը չի աշխատում, որը պիտի աշխատի: Ես կասեի, որ ՄՄ-ն այսօր դեռ կայուն կամ գործող միավորում չէ, ու գնալ դեպի դա` չիմանալով, թե ինչ ես տալու կամ ստանալու, մեղմ ասած, խրախուսելի չէ: Այդուհանդերձ, նման շրջադարձային որոշման կայացման համար երկու գործոն կարող է դեր խաղացած լինել: Առաջին՝ կա Ղարաբաղի խնդիր, և Մոսկվայից շատ բան է կախված, միգուցե այդ գործոնն է աշխատել: Հայաստանը խոցելի է այնքանով, որ Ռուսաստանը հանկարծ իր դիրքորոշումը չփոխի հօգուտ Ադրբեջանի: Երկրորդ՝ Ռուսաստանը ռեալ դեմ էր, որ Ուկրաինան ստորագրեր Ասոցիացման պայմանագիրը: ՌԴ-ի համար Հայաստանն ու Մոլդովան պակաս կարևոր էին այդ հարցում: Ռուսաստանը ուզում էր ցույց տալ, որ հետխորհրդային տարածքում ունի ազդեցություն, ՌԴ-ի համար դա պատվի հարց էր: Եվ ահա մեր միջոցով կարողացավ հասնել իր ցանկությանը: Բացի այդ պուտինյան Ռուսաստանը ոչ մի առիթ բաց չի թողնում` «ապտակ հասցնելու» Եվրոպային և Միացյալ Նահանգներին:

 

<Երևակ> ամսագիր