Մեզ ճանաչում և վստահում են

Հարցազրույց “Կառուցագետ” ՍՊԸ գործադիր տնօրեն Հեղինե Արսենյանի հետ
-Ե՞րբ հիմնադրվեց “Կառուցագետ” ՍՊԸ-ն: Ո՞ րն էր կառույցի հիմնադրման նպատակը:
-2004 թվականի նոյեմբերի 29-ին ստեղծվեց “Կառուցագետ” ընկերությունը՝ հաշվի առնելով Հայաստանում փորձագիտական անկախ կառույցների բացակայության հանգամանքը: “Կառուցագետը” մեր հանրապետությունում առաջին կառույցներից է, որը զբաղվում է շինարարատեխնիկական և ապրանքագիտական ոլորտներում իրականացվող փորձաքննություններով, սակայն հետագայում՝ 2014-ին, վերանվանվել է Հայաստանի Հանրապետության “Կառուցագետ” անկախ փորձագիտությունների ազգային կենտրոնի՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:
Մեր նպատակն է՝ օրենքի սահմանում օգտակար լինել հանրությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քաղաքացիներից շատերը տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մենք փորձում ենք մեր մասնագիտական գիտելիքներից ելնելով՝ տալ այնպիսի խորհրդատվություն կամ մասնագիտական եզրակացություն, որը թույլ կտա օգտակար լինել մարդկանց առօրյա կյանքում, քանի որ տունը, շենք-շինությունը մարդկանց ամբողջ կյանքի համար է նախատեսված:
- Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ “Կառուցագետ” ընկերության կողմից տրվող փորձագիտական եզրակացության համար:
-Իրականացնում ենք շինարարատեխնիկական, ապրանքագիտական փորձաքննություններ, սակայն կատարվող աշխատանքները բազմազան են: Տրվում են ինչպես մասնագիտական եզրակացություններ, այնպես էլ տեղեկատվական գրություններ և փորձագիտական եզրակացություններ: Կատարվող աշխատանքների միջև տարբերությունը որոշվում է ըստ մեզ դիմած կազմակերպությունների: Նույն հարցի շուրջ քաղաքացիների, ՏԻՄ-երի, ինչպես նաև իրավաբանական անձանց դիմումների հիման վրա արվում են մասնագիտական եզրակացություններ և կազմվում են տեղեկատվական ակտեր, եթե առկա է փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը:
Մեր կողմից իրականացված փորձաքննություններից շատերը ենթակա են գաղտնիության, քանի որ ըստ օրենքի՝ նյութերը հրապարակման ենթակա չեն մինչև վերջնական վճռի հրապարակումը: Այդ պատճառով էլ մեր կողմից իրականացված աշխատանքներից շատերի մասին մենք իրավունք չունենք նույնիսկ բարձրաձայնելու: Մեզ ճանաչում են մեր կատարած աշխատանքներով, սակայն հասկանալի է այն պատճառը, թե ինչու ենք մեր մասին քիչ խոսում:
-Ինչու՞ են ձեր ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններից մարդիկ ընտրում ձերը՝ “Կառուցագետը”:
-Մեր տարիքը և մատուցած ծառայությունների որակը մեր գրավականն է և վստահության երաշխիքը:
-Ինչպիսի՞ անձանց կամ ի՞նչ մարմինների հետ եք համագործակցում ձեր աշխատանքներն իրականացնելիս:
-Մենք հիմնականում համագործակցում ենք դատարանների հետ, սակայն կան նաև փաստաբանական գրասենյակներ, որոնց հետ համագործակցում ենք, ինչպես նաև անհատ անձինք, ովքեր տարբեր միջոցներով տեղեկանում են մեր մատուցած ծառայությունների մասին:
-Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել ընկերությունն առ այսօր ծավալած իր գործունեության ընթացքում: Դրանցից որո՞նք եք առավել կարևորում:
-Մինչև օրս ՀՀ ամբողջ տարածքում գործող դատական մարմիններում, ինչպես նաև փաստաբանական ծառայություններ իրականացնող մարդկանց մոտ կառույցն ունի իր դերը, մեզ ճանաչում և վստահում են: Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր չեն համագործակցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր աշխատանքում մեկ կողմը հիմնականում դժգոհ է, քանի որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չի ընդունել, որ օրենքը պետք է լինի առաջին տեղում, իսկ փորձագետն իր կազմած եզրակացությունն իրականացնում է զուտ օրենքից ելնելով:
-Ընկերության գործունեության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ կան:
-Մտադիր ենք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ընդլայնվել՝ սարքավորումների ձեռքբերում, որոնք հնարավորություն կտան առանց կառույցը վնասելու պարզել դրա կառուցման ժամանակ օգտագործված տարրերի տեսակը և տրամաչափը: Օրինակ՝ ՀՀ-ում երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման ժամանակ դրանցում օգտագործված մետաղական տարրերի քանակը հաշվելու համար ներկայում չկա մեթոդիկա, որը թույլ կտա դա անել առանց վնասելու: Կան սարքավորումներ, որոնք ճառագայթների միջոցով պարզում են, թե ինչ ամրան է օգտագործվել և ինչ քանակությամբ: Հենց այդ սարքավորումներն էլ փորձում ենք ձեռք բերել: