Դատական համակարգի անկախության հիմնահարցեր. Լարիսա Ալավերդյան

 իրավապաշտպան

Լարիսա Ալավերդյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

«Այսօր հանրության վերաբերմունքի փոփոխությունն արդարադատության հանդեպ մեր առաջնային խնդիրներից մեկն է: Եվ խնդիրների լուծման գործընթացը բերում է մի անխուսափելի հարցադրման. արդյո՞ք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի են այս ոլորտում բերել ցանկալի արդյունք. այստեղ մտածելու տեղ կա»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ասել այս բառերը: Սա Սերժ Սարգսյանի 2016թ. ելույթից է: Խոսքերը մնացել են անէական: Այսինքն՝ բոլոր խնդիրները հնչեցվել են:

Պետք է ձեզ ասեմ, որ մեր հասարակական կազմակերպությունը՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների», իրապես, հասնում է հաջողությունների, երբ մենք զբաղվում ենք այն հարցերով, որոնք քաղաքական չեն, հասարակական հնչեղություն չունեն: Այն գործերը, որ չեն հետաքրքրում վերնախավին, որոշ դատավորների մոտ ընթանում են նորմալ: Այսինքն, այնտեղ, որտեղ մենք հստակ տեսնում ենք միջամտությունը, այնտեղ կա հստակ վերնախավի շահագրգռությունը:

Վերնախավը հիմա փոխվել է: Բայց ստացվում է, որ միապետի դերակատարում ունեն մեր ղեկավարները, և միապետն է նշանակում այդ բոլոր մարդկանց: Երբ ես դա ասացի Շվեդիայում, ինձ նայեցին զարմանքով՝ չէին հասկանում, թե ինչ խնդիր կարող է լինել դրա հետ կապված: Ասացին՝ գիտեք, մեզ մոտ էլ է միապետը նշանակում. մեզ մոտ հենց այդպես էլ կոչվում են՝ թագավորական դատավորներ: Եվ հենց դա է նրանց անկախության երաշխիքը, և դա ամենաբարձր կարգավիճակն է այդ երկրում: Այնտեղ ոչ վարչապետը, ոչ նախարարները այդքան հարգանք չունեն, որքան՝ այդ դատավորները: Նշանակում է՝ կամքի կրող են:

Եթե թողնենք ամեն ինչ մի կողմ, թե կարգերն ինչով են տարբերվում միմյանցից, էականը մնում է մի բան. մարդը պիտի լինի կամքի կրող:

Փոխվել է հիմա մեր երկրի կարգը. արդյո՞ք դա բավարար պայման է, որ դատարանն սկսի անկախ գործել: Ես կարծում եմ՝ այստեղ մտածելու բան չկա, ուղղակի գործել է պետք: Նախ հստակեցնենք, որ հասարակությունն ունի իներցիոն զարգացման հատկություն: Ոչ հասարակությունը, ոչ էլ դատավորները չեն փոխվելու միայն այն պատճառով, որ կարգախոսներն են փոխվել, նոր կոչեր են հնչում՝ և անկեղծ են հնչում: Դա ամենևին չպետք է հույս տա հասարակությանը, թե հիմա անմիջապես ամեն ինչ լավ է լինելու:

Երկրորդը՝ արդյո՞ք ունենք դատավորներ, որ գրագետ են: Ես կարող եմ հավաստել. իրոք, կան շատ գրագետ դատավորներ՝ իրավաբաններ, որ այդպես էլ չեն արժանանում այդ պատվին՝ նշանակվել դատավոր: Կա գործող մեխանիզմ, որն ուղղակի հետ է մղում նրանց, ովքեր կարող են և պատրաստ են անկախ լինել: Այդպիսիք մինչև հիմա չեն մտել այդ համակարգը. այսինքն՝ խնդիր է մնում, թե ինչպես են նրանք ընտրվում: Ես կարծում եմ, որ մի անձը չէ, որ պետք է նշանակի, այդ ցուցակները պիտի կազմվեն, նշանակումներն արվեն կոլեգիալ մարմնի կողմից: Եվ վերջապես, ունեցել ենք այդպիսի պրակտիկա, երբ ընդգրկվում էին այդ հանձնաժողովներում հասարակական կազմակերպության փորձառու մասնագետներ. եղել է այդպիսի մեխանիզմ կադրային քաղաքականության մեջ: Հետագայում այդ նորմն օրենքից հանվեց:

Հասարակության դերի մասին խոսելիս պիտի նշեմ, որ ինձ խիստ զարմացրեց ատենակալների ինստիտուտի նկատմամբ դիմադրությունը: Բացատրությունն այստեղ եղել է նույնը, ինչ Ցարական Ռուսաստանում. բնութագրվել է Հայաստանը՝ որպես հետամնաց, խիստ իրար հետ կապված և ոչ այնքան վստահելի հասարակություն ունեցող երկիր, որտեղ ատենակալների ինստիտուտը չի կարող աշխատել:

Խոսքս անկախ Հայաստանի մասին է. Սովետականում էլի գործում էր ատենակալների ինստիտուտը: Սա ահռելի խնդիր է. հասարակության իրավական անգրագիտությունը և հասարակության իրավական գիտակցության ցածր մակարդակը կարող է ուղղակի շշմեցնի արտասահմանից եկածներին, քանի որ գիտեն, որ մենք գրագետ մարդիկ ենք: Նրանք ապշում են, երբ նայում են, թե ինչպես են որոշ լրագրողներ, քաղաքացիներ արտահայտվում մարդու իրավունքների մասին, և մասնավորապես, դատավարական իրավունքների մասին:

Երբ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ իրական ճնշումներ էին, Էստոնիայի արդարադատության կանցլերն էր եկել (այդպես էր կոչվում այնտեղ Մարդու իրավունքների պաշտպանը)՝ Եվրոպայի Մարդու իրավունքների պաշտպանների անունից զորակցություն հայտնելու: Մենք միասին հանդիպեցինք գլխավոր դատախազին: Դա զավեշտ էր: Կանցլերի այն հարցին, թե դատախազությունն ինչ դեր ունի արդարադատության համակարգում, նա ասաց. «Մենք դատական իշխանության մասն ենք»: Կանցլերն ավելի դանդաղ սկսեց խոսել, ապշած էր: Երբ դուրս եկանք, ասաց՝ դժվար է, շատ դժվար է: Հիշենք, որ Էստոնիան և Հայաստանը ԽՍՀՄ տարիներին համարվում էին առաջադեմ, զարգացած. իսկ հիմա նույն ժամանակահատվածում նրանք միանգամայն այլ ուղղություններ որգեդրեցին: Եվ հասանք այնտեղ, որ դատախազն է գլխավորը դատաիրավական համակարգում: «Ինչ հարուստ եք, որ ամեն ինչ դատարանով եք լուծում»,- մեր վիճակագրությանը ծանոթանալով` զարմացավ Էստոնիայի կանցլերը (իրենց ՄԻՊ-ը): Քանի որ գիտենք, որ վեճերի լուծման ամենաթանկարժեք գործառույթը դատարանն է: Իսկ Հայաստանում նախադատականը և այլ ձևեր չկան:

Ես ելույթս ավարտեմ Ինդիրա Գանդիի խոսքերով. «Բոլոր խոչնդոտները, որ կանգնած են մեր և մեր նպատակին հասնելու միջև, մենք կրում ենք մեր մեջ»: Հասարակական կազմակերպությունների՝ այսքան տարիների աշխատանքին պիտի գումարվի ևս մեկը. որպեսզի նախևառաջ մեր հասարակությունը լինի ավելի գրագետ, ավելի պահանջատեր: Մենք այնքանով կլինենք իրավական պետություն, ինչքանով զարգացած լինի մեր հասարակությունը: Ասեմ նաև, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերի որոշ արտահայտություններ պարզապես ապշեցնում են. օգտագործվող բառապաշարը խոսում է այն մասին, որ ճանապարհը երկար է լինելու, դժվար, և մեզ վրա շատ թանկ է նստելու: 

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ