Դատական համակարգի անկախության հիմնահարցեր. Ավետիք Իշխանյան

իրավապաշտպան

Ավետիք Իշխանյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

Քաղաքական, մշակութային, կրոնական, աշխարհագրական վիճակից կախված՝ տարբեր ժողովուրդներ տարբեր տիպի զարգացումներ են ունենում: Եվ չի կարելի համեմատել մուսուլմանական երկրների զարգացումը եվրոպական երկրների անցած ճանապարհի հետ: Այսօր, օրինակ, Սաուդյան Արաբիան, որ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է, դատարան չունի:

Հայաստանի պարագայում, սակայն, ինձ դեռ ոչ ոք չի համոզել, թե այն ինչ տիպի զարգացում պիտի ունենա: Ես համոզված եմ, որ Հայաստանի զարգացումը կապված է եվրոպական տիպի զարգացման հետ: Եվրոպան էլ մինչև Ռեֆորմացիա, մինչև Ֆրանսիական հեղափոխություն միջնադարյան պետություն էր, որտեղ թագավորի կամքն էր, այսինքն՝ իշխանության տարանջատում գոյություն չուներ: Հիշենք Լյուդովկոս 14-րդի խոսքը՝ պետությունը ես եմ: Հետո Եվրոպայում առաջ եկան լուսավորիչները, տարբեր փիլիսոփայական հոսանքներ: Այստեղ շատ չխորանամ, այլ ուղղակի նշեմ, որ պետությունն ունի պետական կառույցներ, որ պիտի քաղաքական ազդեցությունից զերծ լինեն.  դրանք են՝ բանակը, ոստիկանությունը, դատարանները: Քաղաքական իշխանության փոխփոխությունն այս կառույցների վրա ազդեցություն չպիտի ունենա: Սա իրավական պետության ձողն է, հիմքն է. երբ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին, պիտի հիշենք, որ չկա ժողովրդավարություն առանց իրավական հիմքի:

Ես բերեցի Եվրոպայի օրինակը. կարող եմ բերել Անգլիայի օրինակը: Բայց մեր տիպի երկրները, որ եկել են գաղութացված պետություն ունենալու և դեռևս պետություն չունենալու կարգավիճակից, երբ անկախություն ստացան, շատ հետաքրքիր էր և շատ կարևոր, թե ինչ ժառանգություն ստացան իրենց նախկին գաղութատիրոջից: Օրինակ, Բրիտանիայից անկախացած երկրների մեծ մասն անմիջապես իրավական պետության կարգավիճակ է ունեցել: Մենք, ցավոք սրտի, եղել ենք այնպիսի երկրների կազմում, որոնցից անկախ դատական համակարգ ժառանգելու ակնկալիք չենք ունեցել:

Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես ձևավորվեց անկախ Հայաստանում դատական համակարգը: 1995թ. մեզ պարտադրված Սահմանադրությամբ դատական իշխանությունը սպանվեց: Նշեմ, որ կա դատական իշխանություն և դատական համակարգ, և եթե դատական համակարգն անկախ չի, նա դատական իշխանություն չի: Մեզ մոտ սպանվեց դատական իշխանություն հասկացությունը: Հիշենք, որ Հանրապետության նախագահը նշանակում էր ոչ միայն վարչապետին, նախարարներին՝ վարչապետի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետին, նաև՝ Ազգային ժողովը կարող էր ցրել, նաև Հանրապետության նախագահն արդարադատության խորհրդի նախագահն էր, նրա տեղակալներն էին արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, մյուս անդամներին ինքն էր նշանակում: Եվ այստեղ խոսել անկախ դատական համակարգի մասին, անիմաստ է: Եվ մենք ունեցանք միջնադարյան ֆեոդալական համակարգ այդ Սահմանադրությամբ:

2001թ. Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, և նրա պարտավորություններից մեկը դատական իշխանության անկախությունն էր: 2005թ. Սահմադրական փոփոխություններով մտցվեցին իբր թե ինչ-որ փոփոխություններ՝ կոսմետիկ: Ես հիշում եմ, որ այդ հարցը՝ դատարանների անկախությունը գործադիր իշխանությունից, Հայաստանի իշխանություններն ատամներով էին պահում: Հիշենք արտահայտությունը. «Հայաստանի իշխանությունները մեզ հետ պինգ-պոնգ են խաղում», որովհետև այստեղ չէին ուզում, որ նախագահն այդ լիազորությունները կորցնի: Ի վերջո, եկան կոմպրոմիսի, որ Հայաստանի արդարադատության խորհուրդն անկախ է, բայց վերջը նաև՝ նախագահն է ստորագրում. վերջնական որոշումը նախագահին մնաց: Ներկայացված ցուցակներից նախագահն իր ընտրությամբ էր որոշում՝ ում նշանակեր:

Սա մեր վիճակն է, որ երկար տարիներ պահպանվել է, և երբ խնդիրներ են եղել Եվրոպայի հետ քննարկումներում, նշել են, որ, այո, բարեփոխումներ են պետք, բայց հետո ոչինչ չի արվել: Որովհետև դատաիրավական համակարգն ընդհանրապես, և դատարանը հատկապես հիմնական գործիքն է եղել իշխանությունը պահելու:

Ինչու՞ են կեղծվում ընտրությունները: Որովհետև այդ ձեռքը, որ ընտրություններն է կեղծել, նա ինքն իրեն չի պատժելու: Սա այն իրավիճակն է, որ փոխանցվել է մեզ:

Անկախության որոշման համար որոշակի ինդիկատորներ կան. դրանք ընդունված միջոցներ չեն, բայց որոշիչ են: Հայաստանում արդարացման վճիռներ համարյա չեն լինում. ասենք, մեկին մի քանի հոդվածներով արդարացնում են, բայց մի հոդվածով, միևնույնն է, դատում են: Կարող եմ ասել, որ արդարացման վճիռներ գործնականում չեն լինում: Սա այն դեպքում, երբ կայացած դատական համակարգ ունեցող երկրներում, ասենք՝ Գերմանիայում, տարեկան 15-20 տոկոս արդարացման վճիռներ են լինում: Մեզ մոտ 2 տոկոս էլ չկա:

Խափանման միջոցները ևս լավ ինդիկատոր են: Հեղափոխությունից հետո, իհարկե, սկսել են ավելի քիչ կիրառվել: Բայց պատմեմ հեղափոխությունից առաջ եղած մի դեպք. քրեակատարողական հիմնարկներից մեկի պաշտոնյայի հետ զրուցում էի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մասին, նա  ասաց. «Էս վերջերս նախարարը հավաքել էր դատավորներին, ձեռքը խփել էր սեղանին և ասել՝ շատ մի կիրառեք կալանքը. և սկսել են քիչ կիրառել»: Փաստորեն, ընդունել էր, որ անկախ չեն: Դատավորների անկախությունն ամենակարևորն է՝ ոստիկանությունից մինչև դատախազություն, դատարան:

Տեսեք՝ ինչ կատարվեց: 2002թ. Ռոբերտ Քոչարյանը Ազգային անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը լուծարեց և դարձրեց ծառայություններ՝ իրեն կից: Այսինքն՝ դրանք դարձան գվարդիաներ: Հետագայում քննչական կոմիտեների հարցը. կոմիտեների նախագահներին նշանակում էր Հանրապետությանը նախագահը. էլի, անունն անկախ էր: Ընտրություններն էլ, ասացինք՝ ինչպես էին անցնում: Փաստորեն, ամբողջ այդ շղթան որևէ անկախություն չուներ. մի կաթսայի մեջ էր:

Ես միշտ կողմ եմ եղել խորհրդարանական կառավարման մոդելին, բայց տեսեք, թե մեզ մոտ դա ինչ փոխեց. նույն լիազորությունները, որ ուներ նախագահը, փոխանցվեցին վարչապետին: Ազգային անվտանգությունը՝ կից վարչապետին, ոստիկանությունը՝ կից վարչապետին, քննչական կոմիտեները նշանակվում են վարչապետի կողմից, դատարաններն էլ չգիտեն՝ ինչ անել:

Այն ամբողջ նախագահական համակարգը, փոխված վարչապետականի, պահպանվեց: Եվ այն, ինչ Սերժ Սարգսյանն իր համար էր սարքել, փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին: Գո՞հ ենք մենք դրանից: Ժողովուրդը ծափահարում է: Մտածել է պետք:

Դատարանը պիտի լինի ոչ միայն գործադիր իշխանությունից և կոռուպցիայից զերծ, այլև հասարակական ճնշումներից զերծ: Իհարկե, դատարանները սովոր են ճնշման, սպասում են, մի մասն էլ գուցե դեռ ճնշման տակ է: Բայց հասարակական ճնշումն անհամեմատելի է:

Պետք է հասարակությունը պահանջի դատաիրավական փոփոխություններ: Եվ պետք է դատավորների կազմը փոփոխվի: Դատավորներ կան՝ օրինակ, Մնացական Մարտիրոսյանը, որ այլևս պիտի դատավոր չլինեն: Ես չեմ ասում՝ նրանք մարդ չեն: Բայց նրանք պիտի փոխվեն: Դատավորը պիտի լինի այնպիսի մարդ, որ պիտի լինի և՛ ներքին անկախ, և՛ արտաքին ճնշումներից անկախ, և՛ պետք է լինի  բարձր մակարդակի անաչառ իրավաբան:

Դատական համակարգի խնդիրների լուծման տարբերակ է անցումային արդարադատությունը: Մեծամասամբ ընտրվում են ոլորտներ, կազմվում են հանձնաժողովներ և փաստահավաքություն են անում: Փաստահավաքությունն էլ արվում է այնքան ազատ, որ չվախենան և խոսեն նույնիսկ նրանք, ովքեր հանցագործություն են կատարել՝ իմանալով, որ հետապնդում չի լինելու: Արդյունքում, փաստորեն լինում է դատաիրավաքաղաքական հռչակագիր, որով պետությունը ներողություն է խնդրում, փոխհատուցում է տալիս զոհերին ու գիծ գծում, որ այլևս նման բան չի լինելու: Սա հանրային համերաշխության հաստատման մի միջոց է:

Եթե մենք ուզում ենք դարձնել երկիրն իրավական, պիտի հիշենք, որ դատական իշխանությունը պետության ողնաշարն է: Հայաստանում տնտեսական զարգացումը կարող է ապահովել միայն անկախ դատական համակարգը, որը թույլ չի տա կլաններ, մոնոպոլիաներ: Եվ այսօր մենք, հարգելով այն մարդուն, ով մեզ փրկեց հին իշխանությունից, որից մենք բոլորս հոգնել էինք, չպիտի սպասենք, թե ինչ պիտի անի նա. դա հպատակի հոգեբանություն է: Պետք է այսօրվանից այս հարցերը բարձրացնենք, որպեսզի դառնանք իրավական պետություն:

 

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ