Հայ օրթոդոնտների նվաճումները

Տարեցտարի աճում է ատամնածնոտային շրջանի պաթոլոգիայի տարածվածությունը: Մարդկանց ավելի քան  70 տոկոսն ունի ատամների դիրքի կամ կծվածքի խախտումներ: Օրթոդոնտիայի զարգացման ներկայիս մակարդակն ու տեմպերը թույլ են տալիս բուժել ու կանխարգելել ատամնաշարի բոլոր թերությունները, կծվածքի անկանոնությունները: Բժշկական այս բարդ ու լայնաճյուղ գիտությունը Հայաստանում զարգացման բարձր մակարդակում է. այդ է վկայում վերջերս Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսը, որին մասնակցել  են 11 երկրներից ժամանած բարձրակարգ մասնագետներ: Կոնգրեսի աշխատանքները և օրթոդոնտիայի «անտեսանելի» առանձնահատկությունները «Երևակի» ընթերցողին ներկայացնում է Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ,Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ և  2-րդ համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, Օրթոդոնտների համաշխարհային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանը: 

-Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի կողմից կազմակերպված այս կոնգրեսն աննախադեպ երևույթ էր թե՛ ծավալի, թե՛ հրավիրված մասնագետների, թե՛ նրանց կողմից ներկայացված նորարարական օրթոդոնտիկ մեթոդների և ուղղվածությունների առումով: Ի՞նչը կառանձացնեք կոնգրեսի աշխատանքներից: 

-Օրթոդոնտիան ունի տարբեր դպրոցներ և ուղղվածություններ, նաև հաշվի առնելով ոլորտի զարգացման արագ տեմպերը՝ կարևոր է, որ բժիշկը, հատկապես երիտասարդները, ովքեր արտերկրում կոնգրեսների մասնակցելու հնարավորություն չունեն, ծանոթ լինեն դրանց և ճիշտ կողմնորոշվեն տարբեր մեթոդներում՝ ընտրելով կոնկրետ կլինիկական դեպքին համապատասխան հաջողված ու արդյունավետ մեթոդը: Կոնգրեսին մասնակցեցին և զեկույցներ ունեցան 11 երկրներից ժամանած բոլոր այդ դպրոցների բարձրակարգ մասնագետները: Նրանք իրենց հարուստ փորձը ներկայացրին ինկոգնիտո (ատամնաշարի լեզվային կողմից տեղադրվող), ինվիզիլայն (անհատական թափանցիկ շարժական սարքեր, որոնք պատրաստվում են միայն ԱՄՆ-ում` հիվանդի ատամնադրոշմի հիման վրա) և այլ նորագույն ապարատների կիրառման մեջ: Հետաքրքիր էր նաև հետազոտման ու ախտորոշման համակարգչային տոնոգրաֆիայի մասին զեկույցը, երբ ստանում ենք ատամնաշարի և ծնոտների եռաչափ պատկեր ու կարողանում ենք ավելի ճշգրիտ պլանավորում կատարել: 

Զեկույց եղավ նաև օրթոգնատիկ վիրահատության նոր մեթոդների մասին, որը ներկայացրեց Թուրքիայից ժամանած հայ մասնագետը՝ Թորոս Ալկան Թավլիան: Այդ վիրահատությունները օրթոդոնտների և դիմածնոտային վիրաբույժների համատեղ գործողություններ են, որոնց արդյունքում կատարվում է խիստ անհամաչափ արտահայտված ծնոտների չափերի և դիրքի շտկում: Այս մեթոդի միջոցով ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս մարդուն ստանալ ներդաշնակ դեմք և շտկել դիմածնոտային համակարգի որոշ թերի ընթացող ֆունկցիաներ (ծամողական, շնչառական, խոսք): Նախ կատարվում է պլանավորում, որը պարտադիր համաձայնեցվում է տվյալ անձի հետ, հետո եռաչափ պատկերի վրա մոդելավորվում է դեմքը, կատարվում է ատամների վիրտուալ տեղաշարժ՝ ըստ պլանավորված ապագա ծնոտների դիրքի, որը ստանալուց հետո կատարվում է վիրահատությունը: 

Արդյունավետ էր նաև Բելգիայից ժամանած մասնագետի՝ Գվիդո Սան Պեռմանսի զեկույցը: Նա հիմնվելով իր բազմամյա փորձի վրա՝ ներկայացրեց ստորին ծնոտը առաջ տեղաշարժող սարքերի տարատեսակների արդյունավետության աստիճանը: Դա կօգնի հայ մասնագետներին զատել կայուն ու ոչ կայուն մեթոդներն ու ավելի էֆեկտիվ աշխատել: 

Չեմ կարող չխոսել նաև օրթոդոնտիկ սարքերի ներկայացուցչական ֆիրմաների ներգրավվածության մասին, որը նպաստավոր եմ համարում երկու առումով, նախ այն բարձրացրեց օրթոդոնտների և օրթոդոնտիկ սարքեր ներմուծող ընկերությունների համագործակցության մակարդակը, և խորացրեց նորարարական մեթոդների մասին նրանց գիտելիքները: Որքան հմուտ ու բանիմաց լինեն ներմուծող ընկերությունները, կարողանան ներկայացնել արտոնագրված, բարձրորակ ու երաշխավորված սարքեր իրենց ամբողջ լրակազմով, այնքան ավելի լիարժեք կլինի նաև ոլորտի զարգացումը Հայաստանում: 

-Դուք խոսում եք բուժման բազմազան մեթոդների և վիրահատությունների մասին օրթոդոնտիայում, այնինչ շատերն այն համոզման են, թե օրթոդոնտիան միայն բրեկետ տեղադրելու և հանելու գործողություն է: 

-Իրոք, հասարակության մեջ տիրապետող է այն կարծիքը, թե բրեկետներն են բուժում կծվածքը, և բրեկետները տեղադրելուց հետո ինքնըստինքյան «հրաշքներ» են կատարվում: Այնինչ, իրականում դրանք ընդամենը գործիքներ են բժշկի ձեռքում, որոնց ճշգրիտ և հետևողական աշխատանքի դեպքում է միայն դրական արդյունք լինում: Այո՛, ատամնաշարի և կծվածքի խախտումները միայն էսթետիկական խնդիրներ չեն ենթադրում: Հենց այստեղ է այս մասնագիտության հմայքը. բերանի խոռոչում կծվածքի ու ատամնաշարի ցանկացած փոփոխություն կապված է ընդհանուր օրգանիզմի հետ, և այդ շեղումները կարող են անսպասելի այլ փոփոխությունների պատճառ դառնալ: Օրթոդոնտիկ պաթոլոգիաների պատճառագիտությունը լայն է: Խնդիրները կարող են սկսել դեռ հղիության ընթացքում, անգամ մինչև հղիությունը, եթե ծնողների մոտ կան ժառանգական պաթոլոգիաներ: Խնդիրներ կարող են առաջանալ արհեստական սխալ կերակրման արդյունքում, երբ լիարժեք չի զարգանում ստորին ծնոտը: Ատամնաշարի խախտումների պատճառ է դառնում նաև կաթնատամների վաղաժամ հեռացումը: Ծնոտի դեֆորմացիաները կարող են անգամ էկոլոգիական պատճառներ ունենալ, երբ շրջակա միջավայրում և սնունդի մեջ առկա ալերգիաները վերին շնչուղիների լորձաթաղանթն են վնասում: Կծվածքի խախտման պատճառ կարող է դառնալ անգամ կոշտ սննդի բացակայությունը կերակրացանկում, որի արդյունքում ունենք երիտասարդ պաթոլոգիա, որը չեն ունեցել մեր նախնիները. խոր կծվածք, երբ բնության կողմից սահմանված ծանրաբեռնվածություն չլինելու պատճառով կտրիչները չափից դուրս վերածածկված են մեկը մյուսով, և լիարժեք չեն զարգացել ծամիչ ատամները: Պատճառներն իրոք շատ են: Ի դեպ, կծվածքի շեղումները կարող են արտաքուստ աննկատ լինել, բայց գերլարել մկանները: Իսկ կծվածքի ու ատամնաշարի խախտումների պատճառով մշտապես գերլարված վիճակում է գտնվում մեր օրգանիզմի ամենաբարդ՝ քունքստործնոտային հոդը, ինչն էլ հանգեցնում է այդ հոդի գործառնությունների խախտմանը: 

-Քունքստործնոտային հոդի խախտումների շտկմամբ օրթոդոնտները զբաղվու՞մ են: 

-Երկար ժամանակ ամբողջ աշխարհում բժշկության մեջ չէին կողմնորոշվում, թե բժշկության որ ճյուղը պիտի զբաղվի այս հոդի պաթոլոգիաներով: Այնինչ դրանք շատ տարածված են, և գրեթե յուրաքանչյուր երկրորդ պացիենտը ունի նման խնդիր, որի պատճառ կարող են դառնալ ինչպես ատամնաշարի ու կծվածքի պաթոլոգիաները, այնպես էլ հոգեբանական սթրեսները, որոնց օրգանիզմը կարող է արձագանքնել դեմքի մկանների գերլարումով: Հայաստանում այդ խնդրով արդեն 10 տարի է՝ սկսել են զբաղվել օրթոդոնտները: Այդ բժիշկները կոչվում են գնատոլոգներ, լատ. թարգմանաբար՝ ծնոտաբաններ: Ասեմ ավելին, Հայաստանում օրթոդոնտները զբաղվում են նաև նեյրոմկանային ստոմատոլոգիայով, երբ կատարվում է գերլարված ու ֆիզիոլոգիական հատկությունները կորցրած մկանների միոռելակսացիա: Մկանները բերվում են զրոյական դիրքի, որոշվում է ծնոտի եռաչափ ճիշտ դիրքը, և էլեկտոմիոգրաֆիայի միջոցով գրանցվում են մկանների բիոպոտենցիալները: 

-Թե՛ կոնգրեսը, թե՛ տարբեր մեթոդների և ուղղվածությունների առկայությունը վկայում են, որ օրթոդոնտիան Հայաստանում զարգացման բարձր ցուցանիշ ունի: 

-Միանշանակ: Եվ այդ զարգացումն իր հերթին նպաստում է ստոմատոլոգիայի մյուս ճյուղերի զարգացմանը: Օրինակ՝ լիարժեք ու բարձրակարգ պրոթեզավորում կամ իմպլանտավորում անելուց առաջ հաճախ անհրաժեշտ է լինում շտկել սահմանակից ատամների շեղումները, որոնք խոչընդոտում են ատամնաշարի էսթետիկ վերականգնմանը և որոշ դեպքերում անկարելի դարձնում իմպլանտների տեղադրումը: Ատամնաշարը ուղղել կարելի է ցանկացած տարիքում: Հայաստանում դրա համար կան գրեթե բոլոր նախադրյալները՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող ներուժ և ամբողջ աշխարհում կիրառվող օրթոդոնտիկ բոլոր նորագույն ապարատներն ու մեթոդները: 

 

Երևակ ամսագիր