Դատական համակարգի անկախության հիմնահարցեր. Հայկ Եգանյան

փաստաբան, իրավապաշտպան
Հայկ Եգանյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը
Վերջերս դատավորների նշանակման արարողությունը շատ տպավորիչ էր: Դատավորները նստած են, և երկրի նախագահը նշանակում է: Աշակերտի նման նստած՝ զեկուցում են, թե իրենք որտեղ են աշխատել: Այստեղ ամենամեծ խնդիրը հենց դա է՝ կաշկանդվածությունը: Ես, դատավոր լինելով, իրավունք չունեմ, ի սկզբանե, կաշկանդվել իմ նշանակումով: ԱՄՆ-ում, որքան գիտեմ, երկրի նախագահը երդվում է Գերագույն դատարանի նախագահի առջև: Մեզ մոտ կաշկանդվելը գալիս է հենց սկզբից: Դատարանների անկախության խնդիրները շատ են. նշեմ:
Մոնիտորինգ պիտի արվի, թե ինչ վիճակ է պետություն-քաղաքացի-բանկ հարաբերություններում: Ես, իրոք, միշտ խնդիր եմ տեսել բանկերի հետ հարաբերություններում: Խոշոր բիզնեսմենները՝ ոչ, շարքային քաղաքացին միշտ խնդիր է ունեցել:
Խնդիր է, թե ինչու Մարդու իրավունքների պաշտպանը դատական գործընթացի ժամանակ իրավունք չունի գնահատական տալ: Տարվա վերջում զեկույցը, որ իրավական հետևանք չունի, ոչինչ է: Դատական գործընթացում նրա մասնակցությունը կարող է լուրջ նշանակություն ունենալ՝ թեկուզ խորհրդատվական իմաստով:
Շատ կարևոր է, որ Եվրադատարանում պարտված դատավորը պատիժ կրի՝ ազատվելով պաշտոնից, այն դեպքում, երբ պետությունն ընդունի իր պարտությունը:
Իմ կարծիքով, մեր տունը քանդեց նախադեպային ինստիտուտը. սա ուղիղ ռեֆլեքս դարձրեց Վճռաբեկ դատարան գնալը: Այս երևույթն, իհարկե, կար, բայց հիմա դարձավ իրավական ճանապահը: Եվ հիմա դատավորն օրենքը մեկնաբանելու փոխարեն պահարանից փնտրում է նախադեպեր:
Տարիքը. ես ոչ մեկին նկատի չունեմ, բայց 28-30 տարեկան անձը, որ ամուսնացած չի, երեխա չունի, քննում է ամուսնական գործեր: Բարդ գործընթացներում եթե դատավորի անցած ճանապարհը չունի փորձառություն, նա չի կարող անկախ դատական ակտ կայացնել:
Ֆինանսական անկախությունը. չկա՛:
Դատավորի խիղճը. դա էլ չկա: Իսկ դուք տեղյա՞կ եք, որ Ամերիկան խղճին տվել է իրավական բնորոշում. «Մարդու ներքին, որ հավասար է աստվածայինին»:
Ունենք դատավորներ, որ վճիռ են կայացնում՝ մոռանալով, թե ինչի մասին էր վեճը: Դատավոր, դատախազ, քննիչ, թոշակի անցնելուց հետո փաստաբան են դառնում: Շատ հարցեր կան: