Դատական համակարգի անկախության հիմնահարցեր. Զարուհի Հովհաննիսյան

իրավապաշտպան

Զարուհի Հովհաննիսյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

Շատ կարևոր է՝ երկրում ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքները: Դա կատարվում է բացառապես դատարանում՝ իրավական պետությունների պարագայում: Հայաստանում այդ վստահությունը դատարանների նկատմամբ հեղափոխությունից հետո անգամ գոյություն չունի: Մենք տեսնում ենք այդ իրավիճակը տարբեր նախարարությունների առաջ խմբված մարդկանց տեսքով: Դատական համակարգի կայացած լինելու պարագայում այդ մարդիկ չէին հայտնվի նախարարությունների առջև, չէին ողողի դրանք իրենց բողոքներով, այլ կվիճարկեին իրենց խնդիրները դատական մակարդակով:

Տեղի է ունեցել երկրում փոփոխություն, սակայն դատական համակարգը մնացել է նույնը՝ նույն անվստահությունն է տիրում դատական համակարգի նկատմամբ: Եվ կարելի է ասել՝ ինչու:

Այդ ամբողջ համակարգը ձևավորվել է նախկին վարչախմբի կողմից, և դա հստակ նպատակ է ունեցել. մարդուն դիտարկել՝ որպես եկամտի աղբյուր, հարստահարել նրան, նրան տարբեր խնդիրների մեջ գցելով՝ նրանից շահույթ ակնկալել, և կոռուպցիոն մեխանիզմներով հասցնել մինչև այն անձը, որից կախված է եղել դատական համակարգը: Եվ այժմ, երբ հայտարարվում է, որ մենք որևէ ճնշում չենք գործադրելու դատարանների վրա, և դատարանն ազատ է որևէ որոշում կայացնելու, մենք միևնույնն է, տեսնում ենք, որ այդ սխեմաների կապերը չեն խախտվել: Վերջին իրադարձություններն էլ ապացուցեցին, որ դատարանը կարող է կայացնել մի վճիռ, որը հանրային վստահության տեսանկյունից խնդիր ունի: Այսինքն, դատարանը շարունակում է այդ կապերի մեջ լինել:

Ինչպիսի համակարգ է գործել և ինչպիսին է այժմ մնացել. գոյություն են ունեցել երեք խմբի դատավորներ: Առաջին խմբում եղել են ամենաանվստահելի, ամենակախված դատավորները, որոնց միշտ վստահվել են քաղաքական դատավարությունները: Մենք շատ հաճախ ականատեսն էինք լինում, երբ նույն դատավորի բարձրագույն քննությամբ անցնում էին գործերն այն մարդկանց, որ հետապնդվում էին, թակարդվում էին իրենց քաղաքական հայացքների համար, և նույն դատավորներն էին, նույն վկաները՝ անընդհատ նույն խումբն էր նմանատիպ գործերում: Կայացվում էին վճիռներ, որ հանրային բավական լուրջ ընդվզում էին արթնացնում:

Երկրորդ խումբն այն դատավորներն էին, որ ազատության ինչ-որ չափաբաժին ունեին, սակայն կարևորագույն գործերում, որ կապված էին քաղաքական դատավարությունների, որոշ տնտեսական բնույթի գործերի հետ, նրանք անպայման խորհրդակցում էին նշված բարձրագույն անձի հետ:

Երրորդ խումբ դատավորները, այնուամենայնիվ, անկախ էին, և ամենաչսիրվածն էին: Նրանց ոչ մի հանրային կարևորության գործ չէր վստահվում:

Այդ ամենի մասին եղել են բազմաթիվ զեկույցներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որ բավական աղմուկ առաջացրեց 2013թ.: Այդ զեկույցի հիման վրա կարելի էր պատկերացում ունենալ, թե ինչպես են կազմվում դատավորների այդ երեք խմբերը, և ինչպես են ձևավորվում այդ կոռուպցիոն ռիսկերը որոշակի սխեմաներով, և այնուամենայնիվ, հենվելով այդ անկախ, թիրախավորված, մերժված անկախ դատավորների վրա՝ ինչ-որ հնարավոր տարբերակներով կայացնել անկախ դատական համակարգը:

Կա ևս մի ճանապարհ՝ անցումային արդարադատությունը: Այստեղ ևս թիվ մեկ խնդիրը հանրության վստահության հաստատումն է (երբևէ այն չի եղել, որ ես հնարավարություն ունենայի օգտագործել «վստահության վերականգնում» արտահայտությունը):

 

 

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ