Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Գագիկ Գինոսյան

«Կարին» ազգագրական երգի –պարի համույթի ղեկավար

Գագիկ Գինոսյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային  ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Արվեստագետը, որը իր տեսլականը ունի, չի կարող տարբեր հարթակները  չօգտագործել իր մտքերը բարձրաձայնելու համար, անգամ այն դեպքում, եթե նրա  խոսքը հնչում է ձայն բարբառո հանապատի: Շուրջն ամեն ինչ մշակույթ է՝ պահվածքը, խոսքը…Մշակույթի նախարարության գործառույթը այդ ամենը  համակարգելն է: Ո՞րն է լավը, ո՞րն է բարձրաճաշակը…դա պետք է սահմանվի: Ճաշակ պետք է ձեւավորվի մարդու մեջ, որ քաղաքացին դառնա անհատ:

Ոչ մի քաղաքական ուժ չի  խոսում քաղաքացուց, ինչպիսի՞ն պիտի լինի քաղաքացին, որ տեր կկանգնի իր երկրին, ազգային ինքնությանն ու ապագային: Նոր իշխանությունները պիտի իրենց համար որոշեն  ի՞նչ քաղաքացի է պետք Հայաստանին եւ ըստ դրա մշակեն մշակութային քաղաքականություն: Դժվար է առաջ գնալ առանց դա ճշտելու:

Կամ մշակութային քաղաքականություն, կամ ազատականություն, դրանք իրար հակասող բաներ են: Ինձ  վտանգավոր է թվում մշակույթի ազատականացման ձգտումը: Մոլախոտը աճում է անգամ այն դեպքում, երբ դաշտը վարված եւ մշակված է լինում: Իսկ ազատ դաշտում դրա հայտնվելը անխուսափելի է, այնտեղ  միայն մոլախոտ է աճում: Նույնը այսօր տեսնում ենք մշակույթում: Մշակույթի ազատականացումը նույնն է, որ ոչխարին գցես առյուծի վանդակը եւ մտածես ժամանակը ցույց կտա ո՞վ պիտի շարունակի ապրել: Մենք հստակ պետք է հասկանանք ի՞նչ ենք ուզում եւ դեպի ո՞ւր ենք գնում:

Եթե մենք չունենք մշակութային քաղաքականություն, մենք չենք կարող առաջ շարժվել: Նախորդ իշխանությունը վարում էր կոմպլեմենտար քաղաքականություն, այնպես էր անում, որ բոլոր ոլորտներին գումար հատկացվի, բայց քիչ-քիչ, ըստ իս, դա ինքնանպատակ է:  Օրինակ  հսկայական գումարներ էր  ծախսում Նժդեհ ապականող ֆիլմ, կամ <<Տաքսի էլի լավ ա>> նկարահանելու համար, այնինչ այդ գումարով տասնյակ ազգագրական  խմբեր կարելի էր ֆինանսավորել: Կոմպլեմենտար քաղաքականությունը բերում է նրան, որ թատրոնի շենքը նույն պայմաններով է տրամադրվում ռեպ երգչին եւ ազգային հերոսի ծննդյանը նվիրված միջոցառմանը: Դա ինչի կարող է բերել, ինքրեդ մտածեք:

 Հինգ երկրի խաչմերուկում գտնվող երկիրը չի կարող առաջ շարժվել, առանց մշակութային հստակ քաղաքականության: Եթե ես խաչմերուկում եմ, պետք է տեր կանգնեմ այդ խաչմերուկին, այլապես կվերածվեմ Իրաքի, որտեղ բոլորը տեր են բացի Իրաքից: Նույնը կարելի է ասել Սիրիայի մասին: Եթե մենք ուզում ենք նմանվել այդ երկրներին ուրեմն գնանք ազատականացման:

Ամերիկայի համար դեմոկրատիան շատ լավ խաղ է, բայց ոչ մեր դեպքում, երբ   այն  օտարի ձեոք է դառնում քո մարմնի մեջ խրված եւ քեզ կառավարելու գործիք ՝ մեր բյուջեն եւ մեր աշխարհագրական դիրքը մեզ թույլ չեն տալիս,որ մենք նույնքան դեմոկարտ լինենք: Թշնամի երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում մեր մշակույթը ապականելու գործն իրականացնելու  համար, մենք ինչպե՞ս կարող ենք մեկ դոլար ներդնել ու ակնկալել, որ ամեն բան լավ է լինելու: Մեր  երկրի բյուջեն Ադրբեջանի բանակի բյուջեից փոքր է եւ մշակութային ինտերվերցիան ակնհայտ է: Դանիայում ստեղծվում է մի կազմակերպություն, որը Թուրքիայի ֆինանսավորմամբ Հայաստանում գումար է դնում ապականված մշակույթը տարածելու  համար: Մենք շրջապատված ենք երկու թշնամի երկրով, որ պարբերաբար քաղաքական լոբբինգ եւ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի դեմ: Վստահ եմ, որ այդքան գումար ներդնողը նաեւ լուրջ  գումար կներդնի  խեղաթյուրված մշակույթ տարածելու համար  եւ եթե ասում ենք, որ  ամեն ինչ թույլատրելի է, մենք կարծես հանենք մեր զրահները  եւ կանգնենք զինված մարդու առաջ: Եթե ես այս երկրին տեր պիտի կանգնեմ, ես վահան պետք է լինեմ եւ նաեւ սուր ունենամ:

Ոչ Խորհրդային միությունը, ոչ այս երեսուն տարիների ամենաթողությունը ի զորու չեն եղել հային մշակույթից զրկել: Գուցե հիմա էլ դժվար կլինի, վայրիվերումներ կլինեն, բայց անհնար է հային զրկել մշակույթից: Իշխանություններ կփոխվեն, մարդիկ կգան ու կգնան, իսկ մշակույթը կմնա հավերժ:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ