Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Անուշիկ Հարությունյան

Երգչուհի

Անուշիկ Հարությունյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային  ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հասարակության կրթությունը պետք է սկսել երեխաների կրթությունից: Դպրոցների վրա ոչ, թե պետք է վաճառել չգիտեմ ինչ ծագում ունեցող ներկայացումների տոմսեր, այլ մշակութային օջախները երեխաների ու երիտասարդների համար դարձնել անվճար: Երիտասարդներին պետք է ճիշտ ուղղորդել եւ չառաջնորդվել այն գաղափարով,  որ պահանջարկն է ծնում առաջարկ: Ես սեփական օրինակով կխոսեմ, վերջերս հարսանիքի էի ներկա, սարսափելի վատ երաժշտություն էր հնչում: Որոշեցի երգել «Շողակն» անսամբլի շարքերից մեկը: Չեք պատկերացնի ինչ կատարվեց դահլիճում, փոխվեց տրամադրությունը, կազմվեց շուրջպար, միացան հարսն ու փեսան, տեսախցիկնրը չէին հասցնում նկարել…Սա նշանակում է, որ մարդիկ իրական արվեստի պահանջ ունեն: Նրանց հոգու հայելին կլկլոցները չեն, ուղղակի մարդիկ չունեն այլ  ընտրություն: Նրանց պետք է լավ ռիթմեր եւ երաժշտություն  ուրախանալու համար: Այդ պահից սկսած իմ պայքարի ուղին հստակեցվեց եւ ես հասկացա, որ դա հնարավոր է: Ինչո՞ւ չտանք մերը, իրական ժողովրդականը, ակունքներից եկողը, չէ որ շատ ունենք լավ պարեղանակներ ու երգեր:

Ռաբիսից առավել  այսօր ինձ անհանգստացնում է այն երաժշտությունը, որ մատուցվում է այլ անվան տակ: Վարչապետի մակարդակով, օրինակ,  Հրագն է գովազդվում , որն ավելի վտանգավոր է: Վարչապետը իր ելույթներից մեկի ժամանակ նաեւ ասաց, որ մեր երեխաների իդեալները  պետք է լինեն Թումանյանը, Կոմիտասը եւ այլն, իսկ այսօր ես կարծում եմ մեր երեխաների իդեալը Հրագն է: Հեղափոխությունից հետո մշակութային քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել  եւ եթե մենք՝ մշակույթի գործիչներս չլծվենք այդ գործին, ոչինչ էլ չի փոխվելու: Պետք է կառավարությանը ցույց տանք խնդիրները, որ հնարավոր լինի գտնել լուծումներ:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ