Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Լիլիթ Բլեյան

հեղինակ-կատարող

Լիլիթ Բլեյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային  ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հեղափոխությունը ոչ թե փոփոխություն է, այլ փոփոխության շանս: Ըստ իս, մեզ մոտ իշխանությունը փոխվեց, հասարակությունը նույնը մնաց: Միեւնույն ժամանակ մենք հասկացանք, որ չենք ճանաչում մեր հասարակությանը իր ամբողջության մեջ եւ շատերի համար էին  անակնկալ երիտասարդները, որ դուրս եկան փողոց ու պայքարեցին, այն  գույները, որ մենք տեսանք…Առաջ մենք ունեինք ամեն բան փոխելու ցանկություն, չկար հնարավորություն, այսօր կա այդ հնարավորությունը, ուր կտան Ճանապարհները, ցույց կտա ժամանակը:

Այսօրվա քննարկման մեջ ես տեսնում եմ, որ մենք հաճախ շատ կատեգորիկ ենք: Մենք ինքներս մեզ եւ դիմացին շատ դեպքերում ուզում ենք ոչ թե հասկանալ, այլ համոզել: Մենք առաջին հերթին խնդիր ունենք հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ այն ինչ տեղի է ունեցել նոր չի սկսվել եւ երկար խմորումների արդյունք է: Սա այն սերնդափոխությունն է, որ անխուսափելորեն պետք է տեղի ունենար, հասներ կուլմինացիային: Հայաստանում  դա իշխանափոխության տեսքով տեղի ունեցավ, իսկ, օրինակ, 1968 թվականին Ֆրանսիայում շատ ավելի հզոր ալիքները չբերեցին իշխանափոխության, այլ բերեցին մշակութային հեղափոխության: Ես չգիտեմ, ո՞րն էր մեզ համար ավելի կարեւոր, որ իշխանությունը փոխվեր, թե ներքին մաքրման պրոցեսներ տեղի ունենային: Երաժշտության լեզվով ասեմ, ես կուզեի, որ մենք սկսենք ավելի լեգատո մտածել: Դա նշանակում է պահել երաժշտական գիծը ստեղծագործության սկզբից մինչեւ վերջ, մնալ նույն տրամաբանության մեջ: Քանի որ մենք հասարակություն ենք, որ  անկախացել է 30 տարի առաջ, մենք չենք կարող ժխտել այն ամենը ինչ տեղի է ունեցել մինչեւ այդ, մեր մշակութային զարգացումները նոր չպետք է սկվեն, մշակույթը կար, եղել է ու կլինի: Հեղափոխությունից հետո ես մշակութային դաշտում ոչ մի փոփոխություն դեռ  չեմ տեսնում: Օրինակ, ինչու պետք է մշակույթի նախարարությունը, որոշի ո՞ւմ, ի՞նչ գնով հատկացնի դահլիճները: Ինչո՞ւ: Դա թատրոնի որոշելիքը պետք է լինի: Այս դեպքում միայն արվեստագետները կսկսեն համագործակցել թատրոնների հետ: Այլ բան է, որ պետությունը օգնում է մշակույթին, բոլորովին այլ բան է, երբ վերահսկում է: Մշակույթի նախարարությունը մի կարեւոր բան պետք է անի, թուլացնի վերահսկողությունը եւ թողնի, որ մարդիկ շնչեն:

Այս պահին հասկանալ, թե մենք ի՞նչ պետք է անենք շատ դժվար է…Շատ պրակտիկ պետք է լինենք առաջին հերթին եւ չպիտի վախենանք քայլեր անելուց, որոնք գուցե եւ աբսուրդ են թվում: Եթե պետք է գնալ կառուցվածքային փոփոխությունների, ուրեմն պետք է համարձակ գնալ դրան:

Մենք ունենք մշակույթի նախարարություն, որ այսքան տարի չի ծառայել իր նպատակին եւ դա են վկայում բոլոր դժգոհությունները, որ հնչում են արվեստի տարբեր ոլորտներից: Չկա մշակութային ընդհանուր քաղաքականություն, մրցույթներ կազմակերպել, դրամաշնորհներ տալ եւ այլն, դա գուցե  շատ լավ բան է, բայց լուծում չէ, հատվածային մոտեցում է, որը միայն ժամանակավոր լուծում է լինելու: Մշակութային քաղաքականության  հիմքում պետք է լինի մշակույթը բոլորին հասանելի, մատչելի դարձնելու խնդիրը, որն այսօր բաց է Հայաստանում: Ես կարծում եմ խնդրի լուծման ճանապարհները պետք է սկսել հենց այդ կետից: Մշակույթին առնչվելու հնարավորություն պետք է ունենան բոլորը՝ անկախ ապրելու վայրից, ֆիզիկական վիճակից եւ այլն: Երբ սպառողի տեսանկյունից ես նայում, խնդրի լուծումն ավելի հեշտ է երեւում: Եթե մենք ուզենանք, որ մշակույթը հասնի Տավուշի սահմանամերձ գյուղի միակ աշակերտին, հավատացեք, կհասնի…Եթե խնդիր է դրվում, լուծումն անպայման է գտնվում:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ