Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Կարեն Անտաշյան

Բանաստեղծ

Կարեն Անտաշյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային  ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Գրականության համար այսօր լավ ժամանակներ չեն. Այս միտքը ես լսել եմ բազմաթիվ մարդկանցից, բազմաթիվ անգամներ եւ սրա համար մի պարզ բացատրություն ունեմ:  Հեղափոխությունը ՀՀ հռչակումից ի վեր ամենախելահեղ ստեղծագործությունն էր, որ տեղի է ունեցել հայ իրականության մեջ: Այն ունի բոլոր այն գործառույթները, որ պետք  ունենա ակտիվ ստեղծագործողը՝ վեր հանել թաքցրած, խեղաթյուրած ճշմարտությունը եւ  որոշակի մեթոդներով հանրահռչակել: Այս հեղափոխությունը դարձել է ճշմարտության հանրահռչակման թիվ մեկ էպիկենտրոնը եւ այն գործառույթները, որ ունի ժամանակակից  ստեղծագործությունը հեղափոխությունը վերցրել է իր վրա: Հեղափոխության գլխավոր գաղափարախոս Նիկոլ Փաշինյանի կողմից որպես ստեղծագործության հեղինակ հռչակվել է հայ ժողովուրդը: Ցանկացած ստեղծագործության մշակույթ դառնալու համար երկար ժամանակ, դարեր են անհրաժեշտ: Այս առումով, ես կարծում եմ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ ստեղծագործությունը ընթացքի մեջ է, բայց այն դեռ մշակույթ չի դարձել...Մշակույթը, դա հոգեւոր եւ նյութական  մեթոդների համախումբն է, որ ուղղորդում է մարդկանց՝ որոշակի պատմական իներցիա ստեղծելով: Մեր հեղափոխությունը արժեհամակարգային իմաստով այդ իներցիան դեռ չունի՝  այստեղ է մեր անելիքը:

Հեղափոխությունը բաժանարար գիծ է գծել հին Հայաստանի եւ նոր Հայաստանի միջեւ: Ինչով պետք է դա դրսեւորվի մշակութային քաղաքականության մեջ: Մշակույթի իրացման տարածքը երկու տեսակի է լինում: Հին Հայաստանում մշակույթի իրացման տարածքը մանուպիլյատիվ մշակույթն էր, որի հիմնական մետաֆորը, օրինակ, «Հայլուրի» Հայաստանն էր: Դա նշանակում է, որ  հրամցվող փաստերը եւ իրականությունը իրարից չափազանց հեռուն էին: Նոր Հայաստանում, նոր մշակութային քաղաքականություն պետք է հռչակվի, ազատականացվի դաշտը, պետք է ապահովվի բոլոր համայնքների, բոլոր ստեղծագործողների ներառականությունը:  Չպետք է լինեն ընտրյալ արվեստագետներ:

Մշակութային պորդուկտի ստեղծման ներառականություն եւ ապակենտրոնցում: Սա ամենակարեւոր մարտահրավերն է, որը պետք է օգնի իրացնել հեղափոխությունը, որպես մշակույթ: Պետք է ֆինանսավորվեն, ոչ թե  կոնկրետ մարդիկ, այլ ստեղծագործությունը պետք է դարձնել հնարավորինս հասանելի բոլորի համար:

Մշակութային քաղաքականության աշխարհում գործող չորս մոդելներ կա, որը կարող ենք ուսումնասիրել ,  գուցե եւ  որդեգրել եւ կիրառել Հայաստանում: Առաջին մոդելը այն է, երբ պետությունը հանդես է գալիս օգնողի կարգավիճակով: Օրինակը Ամերիկան է, որտեղ գոյություն ունի մասսայական մշակույթ: Մյուս մոդելը հովհանավորի ինստիտուտն է, որ բնորոշ է անգլիային, երբ կառավարությունը չի միջամտում մշակույթի գործերին: Կա ազնվականների հանրային խորհուրդ, որ ֆինանսավորում է հասցեական ստեղծագործություններ՝ շեշտը դնելով  բարձր արվեստի վրա: Մյուս մոդելը, ֆրանսիականն է, դա պետական մշակութային քաղաքականությունն է: Հենց այս մոդելն է փոխանցվել Խորհրդային միությանը, հետո էլ Ռուսաստանին ու մեզ: Այս դեպքում առանցքային դերակատարություն ունի մշակույթի նախարարությունը, որը ֆինանսավորում է մշակույթի տարբեր ոլորտներ: Կա նաեւ չորրոդ մոդելը՝ լրիվ վերահսկող մոդելը, որը գործում է Չինաստանում եւ Հյուսիսային Կորեայում: Այս դեպքում լիարժեք վերահսկողություն է իրականացվում մշակույթի ոլորտում եւ սահմանում չափանիշներ: Հայաստանում գործում է Ֆրանսիական եւ Չինական մեթոդների  միքսը: Ինձ թվում է, սակայն,  մենք պետք է ավելի մերձենանք ֆրանսիական մոդելին, որտեղ հնարավորինս ապահովված է մշակութային  գործիչների ներառականությունը: Առաջնահերթությունը պետք է լինի այնպիսին, որ ստեղծագործությունը լինի ինքնին, ոչ թե ինչ որ հանգամանքներից կախված: Սա կլինի հեղափոխության արժեքի կապիտալիզացիան:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ