Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Հովիկ Չարխչյան

Գրող- գրականագետ
Հովիկ Չարխչյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Մշակույթը կար, երբ հեղափոխությունը չկար: Հեղափոխությունը եղավ եւ մշակույթը էլի կա ու վստահ եմ, որ հեղափոխությունից հետո էլ այն լինելու է: Մշակույթի գոյությունը, նրա որակական դրսեւորումները, անցյալից ժառանգություն վերցնելու հետեւողականությունը պայմանավորել քաղաքական պատճառներով, գլոբալ առումով ճիշտ չէ: Մշակույթը չէ, որ պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը պետք է ծառայի մշակույթին: Որովհետեւ ի՞նչ պետք է անի մշակույթը հեղափոխության համար, նրա կամակատարը պե՞տք է դառնա, նրա գովերգողը պիտ՞ի դառնա, իհարկե՝ ոչ:
Ազատ մշակույթ, թե պարտադրանք: Իսկ ո՞վ է լինելու պարտադրողը, ի՞նչ է պարտադրելու եւ դա մեզ դեպի ուր է տանելու....Նման նախադեպեր եղել են: Համաշխարհային պատմությունը լի է նման դրվագներով: Մշակույթի ազատականացման մեջ միայն վատ երանգներ տեսնել պետք չէ: Ես, իհարկե, գիտեմ, որ ազատության դեպքում դրսից ներթափանցող, մեր մշակույթը աղավաղող հոսանքները շատ են: Մենք բոլորս դա հստակ տեսնում ենք: Բայց մյուս կողմից ես չեմ պատկերացնում մշակույթ առանց ազատ դրսեւորման: Մշակույթից վերցրու ազատ դրսեւորման իրավունքը եւ այն կդադարի մշակույթ լինելուց: Շատ նուբ սահման կա ազատության եւ ամենաթողության մեջ, իսկ ո՞վ է այդ գիծը գծելու: Չափանիշը պետք է լինի, ոչ թե մշակույթի նախարարությունը, այլ հազարամյա մշակույթը, որը դարերի ընթացքում ամբողջացրել է չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվել:
Վերջին հիսուն տարում մշակույթի նախարարությունը քաղաքականություն է մշակում ու այդպես էլ չի մշակվում այդ քաղաքականությունը: Այսինքն դա մի գործ է, որ չի վերջանում: Եթե չլինի մշակույթի նախարարությունը մշակույթ չ՞ի ստեղծվելու, իհարկե, ստեղծվելու է եւ գուցե ավելի լավ մշակույթ ստեղծվի: Ինչպե՞ս կարող է մշակույթի նախարարությունը համակարգել անհատ ստեղծագործողին: Եթե մարդը տաղանդ չունի ինչքան ուզում ես գումար ծախսի նրա վրա, արդյունք չի ունենա: Մշակույթի նախարարությունը լավագույն դեպքում կարող է մշակութային միջավայր ստեղծել ու թույլ տալ, որ արվեստագետը հանգիստ աշխատի: Պետք չէ պահանջել այդ կառույցից մի բան, որ իր գործառույթներից ու հնարավորություններից դուրս է:
Մշակութային բարեփոխումներ իրականացնելիս կարեւոր է պահպանել մի սկզբունք: Չպետք է ջնջել ամեն ինչ ու զրոյից սկսել, մշակույթը պետք է կառուցել այն հենքի վրա, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ