Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Նիկոլայ Ծատուրյան

Բեմադրիչ-ռեժիսոր

Նիկոլայ Ծատուրյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային  ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Մեր մշակույթի վիճակը շատ վատ է: Խայտառակ վատ է:Մենք նախնադարում ենք: Ղազախստանի թատրոնը ներկայացումներ է արել, Մոսկվայից գնում են այնտեղ նայելու: Տանում են ներկայացումը Մոսկվա, տոմսերի համար հերթ է, մեր ո՞ր ներկայացումը նման իրարանցում կստեղծի…Ցավոք՝ ոչ մեկը: Հասարակությունը անկիրթ է, ղեկավարությունը անճաշակ ….որտե՞ղ է չափանիշը, չկա, վերացել է չափանիշը: Բարձիթողի վիճակում թողնել այս ամենը ուղղակի չի կարելի, պետք է ուղղորդվի, պետք է գործից գլուխ հանողը կանգնի գործի գլուխ: Եթե արվեստը բիզնես է, այդ կետւմ վերջանում է ամեն ինչ: Բիզնեսմեն ռեժիսորը ներկայացում է բեմադրում , գալիս են ծանոթ-բարեկամ գոռում են բռավո, նա էլ գիտի կարգին գործ է արել: Երկու ներկայացում հետո մարդ չի գալիս… Թատրոնում հարուստ հովանավորի ճաշակով է  որոշվում , ինչ ներկայացում լինի, դրա համար էլ վիճակը սա է, օրենքով պետք է վերահսկվի այս հարցերը, հովանավորին ոորոշակի տոկոս տաս եւ նա չխառնվի արվեստի գործերին…

Եթե ազգը չի կարդում, չի զարգանում, ինչպես  կարող է այդ երկրում արվեստ զարգանալ: Հիմա ինչ անենք…Դասատուն , եթե անգրագետ է, ի՞նչ պիտի դասավանդի: Դպրոցից մանկապարտեզից պետք է սկսվի փոփոխությունը: Նախարարությունը պետք է փող չխնայի եւ անգամ ամենահեռավոր դպրոցի ուսուցչին ուղարկի դուրս՝ վերապատրաստվելու:  Վերապատրաստվի, որ մտահորիզոն ունենա, որ երեխային կարողանա սովորեցնել: Ուսուցիչները մի բան են լավ անում, ասում են կգնաս կկարդաս այսինչ ստեղծագործությունը ու վերջ: Երեխան զզվում է դպրոցից, ինչպե՞ս սովորի… Երեխայի մտահորիզոնը պետք է ընդլայնել, ճաշակ ձեւավորել, որ նա ռաբիս չլսի, Կոմիտաս լսի: Նույնը կարող եմ ասել արվեստի տարբեր ոլորտների մասին …Ռեժիսորները, դերասանները պետք է գնան աշխարհը տեսնելու, հասկանան ի՞նչ ուղղություններ կան, ի՞նչն է կարեւորվում: Հայաստանը մեկուսացված է համաշխարհային մշակույթից, միայն  փառատոների միջոցով համաշխարհային մշակույթին հնարավոր չէ ծանոթանալ:  Հայտնի պատմություն է, Չերչիլի համհարզը ինչ -որ ստրատեգիա է ներկայացնում : Չերչիլը հարցնում է,  իսկ մշակո՞ւյթը, եթե չկա մշակույթ, ուրեմն ինչի համար են պատերազմները: Հանճարեղ մի խոսք էլ կա՝ հայրենասիրությունը զոհողություն է պահանջում, իսկ մենք ի՞նչ ենք անում, երիտասարդները գնում են, հեռանում են հայրենիքից… Ժողովուրդը պետք է զբաղվի արվեստով, ոչ թե քաղաքականությամբ:

Մեր թատրոնի մասին. Նոր ուղղություն են վերցրել երիտասարդները, նոր ինչ որ մեթոդներ, գնում, նստում, նայում եմ , բան չեմ հասկանում…Ընդունում եմ, լավ երիտասարդներ կան, Նարինե Գրիգորյանը, օրինակ, շշմելու ներկայացումներ է անում,նայում ես կլանված, բայց ռեժիսորներ էլ կան, որ նոր  ուղղության տակ իրենց անկարողությունն են թաքցնում, դա չեղավ արվեստ:

Իսկ ինչո՞վ է զբաղված մեր նախարարությունը, եկեք այս թատրոնին փող տանք, եկեք այս  ինչ ժանրը, այս ինչ արվեստագետին  խրախուսենք… Չափանիշ չունենք, չկա չափանիշ…Լուծման մեկ տարբերակ կա պետք է գումար չխնայել ու ստեղծել միջազգային հանձնաժողովներ, մեր կինոն, գրականությունը, նկարչությունը  պետք է գնահատեն լավագույն մասնագետները…Թե չէ մենք մեզ գնահատում ենք ու հանգիստ նստում: Դրա համար էլ ժողովուրդը սերիալի գերի է դարձել: Ասում են , դա է պահանջարկը, հավատացնում եմ՝ չկա այդպիսի բան, դա ես տալիս, դա են ուտում:

Նիկոլի ինչն եմ ես սիրում , նա մեզ  փրկեց մի ժանրից, որ կոչվում է սարսափ եւ գցեց մի ժանրի մեջ, որ կոչվում է ֆանտաստիկա, հիմա ես խորհուրդ եմ տալիս  մշակույթի նախարարությանը միացնել այդ երկու ժանրերը: Ինձ շատ է դուր գալիս, որ կոտրվեցին կարծրատիպերը… փողկապավորներին փոխարինելու են գալիս սովորական  մարդիկ: Մերկելին բերել մարդկանց մեջ է մտցրել, ասում են հնարավոր չէ, ինչո՞ւ…Հիմա տեսաք, որ հնարավոր է: Ամբողջ այս հեղափոխության ընթացքում ես ամենից շատ  հուզվել եմ մի օր, երբ երիտասարդները դուրս եկան հրապարակը  մաքրելու: Դա նշանակում է, արթնանում է մարդկանց ազգային գիտակցությունը, քաղաքացիությունը եւ սա պետք է անպայման շարունկել, որ մարդը զգա, որ ինքն է  ՏԵՐԸ այս երկրի: Եթե տերերը շատանան յուրաքանչյուրը իր բնագավառում, այս երկիրը երկիր կդառնա: Մի պատմություն էլ պատմեմ, Սոս Սարգսյանը համալսարանի ռեկտոր ընտրվեց ու սկսեց թատերականը վերանորգել՝ լսարանները, ճաշարանը, երբ հարցրեցինք, թե իր սենյակը երբ է նորոգելու, ասաց հետո, դա հետո…Սա է տեր լինելը: Երբ մեծ վարպետին ասում էինք մի բան պետք է արվի, ոչ ոքի չէր հանձնարարում ինքն էր անում, սա է տիրոջ հոգեբանությունը, այ երբ մենք տեր լինենք մեր երկրին , երկիրն այն  ժամանակ էլ երկիր կդառնա:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական-վերլուծական խումբ