Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Վահե Արսեն

Բանաստեղծ
Վահե Արսենի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Մենք առաջնահերթ հասարակության մշակութային կրթվածությունը բարձրացնելու խնդիր ունենք, քանի որ արվեստ ընկալելը հեշտ չէ: Եթե անգամ ուղղորդես հասարակությանը նա միեւնույնն է կնայի լավ ներկայացումը, կկարդա լավ գիրքը, բայց անմասն կմնա, չի հասկանա, օրինակ, ինչի մասին է Ռոմեո եւ Ջուլիետը: Շատ կարեւոր է, որ ստեղծվեն մասնագիտական խորհուրդներ, որոնք էլ կկայացնեն որոշումներ, կտարանջատեն լավն ու վատը, արվեստն ու չարվեստը: Որքան հասարակության կրթվածության մակարդակը մեծանա, խորհուրդների անհրաժեշտությունը այնքան կնվազի:
Հայաստանում կրթվածության մակարդակի բարձրացմանը խանգարում է Սովետական Միությունից եկած գողական մշակույթը: Տեսեք ի՞նչ լեզվով են խոսում մեր երիտասարդները: Բայց չէ որ հենց խոսակացական լեզուն է դաստիարակում երիտասարդությանը, նա ոչ միայն խոսում, այլեւ մտածում է այդ լեզվով: Մշակութային բարեփոխումները մենք պետք է սկսենք՝ կերտելով կիրթ, ժամանակակից մարդու մոդելը, որը չի փնտրում յուրայիններ ու թշնամիներ եւ չի խմբավորում հասարակությունը:
Մշակութային առումով մենք պետք է ազատվենք սովետական մտածելակերպից, որը իշխում է գողական մշակույթի միջոցով, դրան միանում է ռաբիսը եւ հասարակությունը ապրում է բանտի գիտակցությամբ: Եթե 21-րդ դարի քաղաքացին ապրի բանտում մշակված մշակույթի վրա պատկերացնում եք ի՞նչ կկատարվի: Ինչ էլ անելու լինենք , ինչ հեղափոխություն էլ անենք, իրավիճակը չի փոխվի: Կարեւոր է նաեւ, թե ով է վաղը ստանձնում պաշտոն, որովհետեւ երեխան ենթագիտակցորեն ձգտելու է հետեւելու է նրա օրինակին, քանի որ երկրի ղեկը նրանց ձեռքում է:
Մշակույթի այս բարդ իրավիճակում մշակույթի նախարարությունը անհրաժեշտ է: Իհարկե, կան նման երկրներ, որտեղ չկա այդ կառույցը, բայց նրանք քաղաքապետարանում բաժիններ ունեն, գրական ֆոնդեր ունեն: Հայաստանում միայն այս կառույցն է, որից պետք է պահանջել: Մշակույթի նախարարությունը պետք է պայքարի գրական մոնոպոլիաների դեմ, անորակ երաժշտության դեմ: Կարեւոր է նաեւ եթերի վերահսկողությունը, որ ամեն աղբ չներթափանցի տուն եւ մեր երեխաների համար չափանիշ դառնա: Նապոլեոնը ասում էր, որ եթե հասարակությունը արվեստը չի ընդունում պետք է նիզակով մխրճել երակի մեջ: Արվեստի այսպիսի կարեւորումով Ֆրանսիան, դարձավ Ֆրանսիա: Նման մոտեցում է պետք Հայաստանում:
Հեղափոխությունից հետո մենք չենք կարող ակնկալել արագ արդյունք: Ես կարծում եմ, արդյունքը դրական է լինելու, բայց երեւալու է տասը, քսան , երեսուն տարի հետո միայն:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ