Մշակութային հեղափոխություն. Նոր Հայաստան. Քրիստ Մանարյան

Երգահան, սցենարիստ

Քրիստ Մանարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակութային  ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Ապրիլյան քառօրյայի ժամանակ ես միայն մի քանի հերթապահության եմ կանգնել, բայց հասկացել եմ, որ իմ կյանքում ամենակարեւոր բանն եմ արել: Ես կերազեմ, որ Հայաստանը լինի զորանոց եւ բոլորը ապրեն այդ կանոններով, իսկ զորանոցում կյանքը  շատ ավելի հետաքրքիր է եւ երբ լինի ազդանշանը, բոլորը պետք է շտապեն փրկելու հայրենիքը: Քաղաքացիական կյանքում ամեն բան այլ է, ո՞ւր է կորչում հայրենասիրությունը՝  չգիտես:

Հայաստանը այն առուն է, որը այստեղից  հեռու գտնվող չերեւացող դաշտեր է ջրում, եթե ինքը չորացավ,  այդ դաշտերն էլ են չորանալու: Պետք է գիտակցենք ինչ պատասխանատվություն է հայ ծնվելը: Դա կոչում է, որ տրված է մեզ: Հայերը այլ ազգերից  տարբերվում են նրանով, որ ունեն անհատական մտածելակերպ, ինչքան էլ հային պարտադրես,  նա չի դառնա կամակատար, նա ազատ մարդ է եւ մենք պարտավոր ենք օգնել նրան ինքնաարտահայտվելու: Հայ ազգը գոյություն ունի  մարդկության պատմության ամենասկզբից, մեր ազգը իմաստուն է եւ ի՞նչ եք կարծում մենք չգիտենք ի՞նչ պետք է անենք, որ ուղղությամբ գնանք, իհարկե, գիտենք մեր խնդիրը մեր թշնամիներն են, որ ուզում են այստեղ դառնա Թուրան:

Մեր երկիրը եղել է տասը իմպերիաներից մեկը, հիմա անընդհատ ասում ենք՝ փոքր ժողովուրդ: Ինձ համար դա կլաուստոֆոբիա է, երբ ես տեսնում եմ Մասիսը, որը սահման է, ինձ զգում եմ ինչպես վերլակում փակված մարդ: Իմ պատմական հիշողության մեջ հայրենիքս ոչ թե ծովից ծով է, այլ օվկիանոսից օվկիանոս: Պատմության ընթացքում մենք ոչ մեկին  չենք գաղութացրել, իրենք են անընդհատ փորձել դա անել…Եթե հարեւանդ քեզ վրա կրակում է  եւ դու պատ ես բարձրացնում, նա շարունակելու է կրակել: Ելքը մեկն է, պետք է  մտնել նրանց հող ,նրանց վերացնել եւ թնդանոթն էլ ջարդել: Այսօր մենք առաջնահերթ անվտանգության խնդիր ունենք, մնացած բոլոր հարցերը ստորադասելի են:

Մշակույթի ոլորտում ուղորդում, ըստ իս, անպայման պետք է լինի: Առանց այդ էլ, մենք շատ ազատամիտ ժողովուրդ ենք: Ես, օրինակ, մի ընկեր ունեի ռաբիս երգիչների համերգներ էր կազմակերպում եւ գումարը տրամադրում էր քաղցկեղով հիվանդ երեխաներին:  Ըստ նրա, դա լավ էր, ես դա չեմ ընդունում: Չի կարելի մի հիմար գործ անել,  գումարը վերցնել եւ ասել դրանով լավ գործ կանեմ հետո: Հիվանդ երեխաներին օգնելը լավ է, իսկ այդ համերգներին ներկա գտնվող երեխաների առողջության վրա ինչպե՞ս են ազդում այդ համերգները: Խոսելով ռաբիսի մասին, չենք կարող չնշել, սակայն, որ  Արմենչիկն ու Տիգրան Ժամկոչյանը  այսօր Միացյալ Նահանգներում համայնքը միավորողի դեր են  ստանձնել: Իսկ դա պակաս կարեւոր գործ չէ: Մեր վարչապետը հորդորում է բոլորին վերադառնալ, բայց տարբեր երկրներից եկողները իրենց հետ բերում են իրենց մշակույթը եւ դա նույնպես պետք է ուղորդել: Չկան ուրիշ հայեր, ներսի ու դրսի հայեր, բոլորն էլ մերն են: Կարող ենք եւ պետք է անենք, այլ ելք չկա:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ