Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար

Արա Պապյան-ի խոսքը

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը

Նախիջևանի խնդրի իրավաքաղաքական կողմը դիտարկելիս չէի ցանկանա պատմական առումով շատ խոսել, քանի որ պատմական մասն էական դերակատարություն չունի տիտղոսի որոշման համար (տիտղոսն այն ցուցանիշն է, որով որոշվում է տարածքի պատկանելությունը):

Գիտենք, որ Նախիջևանը Երևանի խանության հետ 1828թ-ից անցել է Ցարական Ռուսաստանին. այսինքն՝ ուներ այդ կարգավիճակը, Ռուսական կայսրության մաս էր: Հետո, երբ կայսրությունը հեղափոխության հետևանքով սկսեց տրոհվել, երեք ինքնահռչակ հանրապետություն ի հայտ եկավ: Այդ ժամանակ էր, որ առաջացան տարածքային վեճեր: Հիմա ինձ համար էական չէ, թե ով ինչ հավակնություններ ուներ, էականն այն է, թե  միջազգային իրավունքով այն ժամանակ ինչպիսի ամրագրում ստացավ: 1918թ. մայիսին, այդ երկրները հռչակվեցին, սակայն դրանց ճանաչումը չեղավ, որովհետև տարածքային վեճեր կային: Ճանաչվեցին միայն 1920 թվականի հունվարից, և հետաքրքիրն այն է, որ այս ճանաչումը չէր կանխորոշում նրանց սահմանները: 1920թ փետրվարին Ազգերի Լիգայում ստեղծվեց հատուկ հանձնաժողով (կոչվում էր Հայաստանի հանրապետության սահմանների որոշելու հանձնաժողով), որի անդամ էին կազմում Ազգերի լիգայի խորհրդի չորս անդամ երկրների ներկայացուցիչները՝ Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա: Եվ ահա այդ հանձնաժողովը, որը պիտի որոշեր Հայաստանի սահմանները Վրաստանի և Ադրբեջանի հետ, 1920թ փետրվարի 24-ին հանդես եկավ զեկույց-առաջարկով, որի հիմքում՝ որպես սկզբունք, դրված էր ազգագրական թվային պատկերը, որտեղ Հայաստանն Ադրբեջանի մասով նշված էր Արցախի ու Գարդմանքի սահմանով: Այսինքն, այդ սահմանով Հայաստանը ներառում էր ոչ միայն այն տարածքը, որ մենք այսօր վերահսկում ենք, այլ՝ շատ ավելին՝ շուրջ 10-12 հազար ք/կմ ավելի: Նախիջևանի առումով հարցը վիճելի չէր, Ազգերի լիգան որոշել էր, և դա Հայաստանի հանրապետության մաս է, և տարբեր փաստաթղթերով, քարտեզներով դա ամրագրված էր: Դրված էր, որ  դա պիտի ի կատար ածվի 100 օրվա ընթացքում՝ Վիլսոնի իրավարար վճռից հետո, և դա ամրագրվեց նաև Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածում:

Վճիռը կայացվեց 1920թ նոյեմբերի 22-ին, իսկ արդեն դեկտեմբերի 2-ին՝ տաս օր հետո, Հայաստանը, հին տերմինաբանությամբ ասած, սովետականացվեց, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ օկուպացվեց: Օկուպացվեց. որովհետև օտարերկրյա բանակը մտավ, տապալեց օրինական իշխանությունը (լավ էր, թե վատ էր` դա օրինական իշխանություն էր), և իր վարչախումբը բերեց իշխանության: 1921թ. Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով առաջին անգամ Նախիջևանը` որպես պրոտեկտորատ, դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ, նույն սկզբունքները հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով վերահաստատվեցին, և դրա տակ, բնականաբար, դրվեց Սովետական Հայաստանի ստորագրությունը:

Ես միշտ պնդել եմ և հիմա էլ եմ ասում, Մոսկվայի և Կարսի պայմանագրերն իրավական փաստաթղթեր չեն, դրանք միջազգային պայմանագրեր չեն, քանի որ միջազգային պայմանագիրն ունի շատ հստակ չափորոշիչներ, և դրանցից մեկն էլ այն է, որ պայմանագրի կողմ կարող են հանդիսանալ ճանաչված պետությունների օրինական կառավարությունների լիազոր ներկայացուցիչները: Իսկ հետագայում էլ ստեղծվեց ինքնավար հանրապետությունը, որն էլ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտում էր:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ