Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ

Արծրուն Հովհաննիսյան-ի խոսքը

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Նախիջևանի սահմանային գոտին հիմնականում հանգիստ էր մինչև վերջին երկու տարին: Իրավիճակի այս փոփոխությունը մեծ չափով կապ ունի սահմանի դիրքային բարելավումների հետ: Բարելավումներ անել սկսել ենք մենք, այս տարի՝ նաև Ադրբեջանն է նման քայլեր անում: Եվ որքան էլ տարօրինակ է, նման բարելավումները միշտ բերում են իրավիճակի սրացման: Այդպիսի սրացումներ նախկինում ունեցել ենք նաև այլ հատվածներում: Սակայն, գնահատելով իրավիճակը՝ պիտի փաստենք, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, բայց մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա: Դիրքային փոփոխությունները, սակայն, Նախիջևանի սահմանային գոտում առկա ակտիվության հիմնական պատճառներից միայն մեկն է:

Ադրբեջանում կան նաև լուրջ քաղաքական պատճառներ. փորձագետները շատ են այդ մասին խոսում:  Հայտնի է, որ Նախիջևանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան Տավուշի հատվածում է, Արցախի հատվածում է: Նախկինում այս հատվածում եղել է նույնիսկ փոխադարձ հարգանք, հրամատարների մակարդակով շփումներ: Հիմա, Ալիևը Նախիջևան այցերի ժամանակ կիրառում է հայատյաց հռետորաբանություն. ամեն կերպ փորձ է արվում Ադրբեջանի այլ հատվածներում և Նախիջևանում համաչափ ատելության մթնոլորտ պահպանել:

 

 «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ