Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Կարեն Վերանյան

«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Կարեն Վերանյան-ի խոսքը

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Այսօր hայաստանյան փորձագիտական դաշտում չկան համալիր պատկերացումներ, թե ինչ է կատարվում Նախիջևանի ներքաղաքական զարգացումներում: Չկա հետազոտություն, որ թույլ կտար ավելի հստակ, ավելի հիմնավոր փորձագիտական գնահատականներ տալ ու կանխատեսումներ կատարել:

Ի վերջո, Նախիջանը մեզ համար ռեսու՞րս է, թե՞ խոցելի հարթակ. և Ադրբեջանի համար այն ռեսու՞րս է, թե՞ խոցելի կետ՝ խնդիր: Չունենալով Նախիջևանի հետ ցամաքային սահման, բնականաբար, առաջին հայացքից, այն խնդիր է, որովհետև եթե ռազմական գործողություններ սկսվեն արցախյան ուղղությամբ, և որոշակի լարվածություն լինի Նախիջևանում, Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ այստեղ` նույնիսկ չնայած թուրքական կողմի աջակցությանը:

Այս հարցը պետք է դիտարկել ոչ միայն հայ-ադրբեջանական դիմակայության տեսանկյունից, այլև՝ տարածաշրջանային հարթության շահերի բախման առումով. սա շատ ավելի խոշոր խնդիր է, և պետք է դիտարկել ռուս-թուրքական հարաբերությունների՝ քաղաքական, ռազմական հարաբերությունների համատեքստում:

Այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանում, հատկապես վերջին չորս-հինգ տարիներին, ռազմականացման գործընթաց է, որ առավել ակտիվացավ 2016 թվականի ապրիլյան գործողություններից հետո. սա Թուրքիայի կողմից է հիմնականում իրականացվում: Եվ դրան զուգահեռ իրականացվում է հայ-ռուսական համատեղ գործողությունների շարք, որ հնարավորություն է տալիս պահպանել բալանսը:

Փորձագետներ, զինվորականներ նշում են, որ տեխնիկան (հրետանի, զենիթային կայաններ՝ հարձակողական սպառազինություն), որ կուտակվում է Նախիջևանում, չի նշանակում, որ լոկալ կամ լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանն այստեղ կարող է անցնել ռազմական գործողությունների: Բայց և չի ենթադրվում, որ չի կարող մի-երկու հրթիռ արձակել, օրինակ, Երևանի ուղղությամբ: Հիմա դրված է ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման խնդիր:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ