Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ

Վարդան Ոսկանյան -ի խոսքը

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը

Նախիջևանի հետ սահման ունենալու նպատակով Թուրքիան  Իրանին հատկացրել է շուրջ  երեք անգամ ավելի մեծ տարածք Կոտուրի լեռներում՝ ստանալով այս փոքր կտորը: Փաստորեն, տեղի է ունեցել տարածքի անհամաչափ փոխանակում, որի արդյունքում Թուրքիան փաստացի ցամաքային կապ է հաստատել Նախիջևանի հետ:

Այդ ժամանակաշրջանում Իրանի Ռեզա շահը շատ խնդիրներում ընդօրինակում էր Քեմալ Աթաթուրքին՝ աշխարհիկացման գործընթացից սկսած մինչև կառավարման բարեփոխումներ և այլն: Իրանցիները ժամանակին, ի դեմս Իրանի շահի, չեն գիտակցել, թե ինչ բացթողում է տեղի ունենում՝ ներքին քաղաքականությունից մինչև սահմանի խնդիրներ, և հետո միայն շատ վերլուծաբաններ դա որակել են՝ որպես պատմական սխալ: Թուրքիայի դիրքերն ուժեղացել են տարածաշրջանում, Իրանի դիրքերը թուլացել են:  Իրանում այս հարցի մասին երկու կարծիք չկա. որևէ մեկը չի արդարացնում այդ տարածքային փոխանակումը:

Բայց նույնիսկ դա չի խանգարում Իրանին ունենալ Ադրբեջանում մեծ ներկայություն. այս տարիներին իրանցիներն Ադրբեջանի նկատմամբ ձեռք են բերել հսկայական ազդեցության լծակ. բավական է իրանցիները ճանապարհը փակեն, Նախիջևանը կհայտնվի շրջափակման մեջ: Իրանցիներն Ադրբեջանում հսկայական եկամուտի աղբյուր են՝ առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում: Նաև, Նախիջևանն Իրանից կախված է գազի ապահովման առումով:

Այս պահին Իրանի և Նախիջևանի միջև գործում է հետաքրքիր վիզային ռեժիմ. իրանցիները չեն պահանջում որևէ մուտքի արտոնագիր Ադրբեջանի քաղաքացիներից, մինչդեռ Ադրբեջան մուտք գործող Իրանի քաղաքացին պիտի ստանա մուտքի արտոնագիր: Ըստ էության, Ադրբեջանի վախերը պայմանավորված են Ադրբեջանի շիական բնակչության շրջանում Իրանի ազդեցությամբ: Իսկ Իրանը ցանկանում է, որ հնարավորինս շատ ադրբեջանցիներ գան Իրանի տարածք՝ բնականաբար համապատասխան վերահսկողության պայմաններում, սովորեն իրենց  հոգևոր ճեմարաններում, համալսարաններում: Ի տարբերություն Թուրքիայի, որ ձգտում է աշխատել Ադրբեջանի ռազմական, տնտեսական, քաղաքական վերնախավի հետ՝ Իրանը ձգտում է աշխատել Ադրբեջանի լայն հասարակական շերտերի հետ: Եվ արդյունքում,  Ադրբեջանում ունենք երկփեղկված հասարակություն՝ թուրքամետ վերնախավ և իրանամետ հասարակական խավի մի բավական լայն շերտ. և դա մենք պետք է օգտագործենք:

Նախիջևանի տարածքում Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է տեղավորվել Հայաստանի կողմից փափուկ ուժի կիրառման մեխանիզմներում: Շատ դեպքերում աշխարհում պատերազմների գրանցած հաջողությունների ժամանակ շեշտադրումներն արվում են դասական պատերազմական գործիքներին՝ սպառազինությանը, արդիական բանակին: Բայց չպիտի մոռանանք այսօր հիբրիդային պատերազմների առկայությունը, և նշենք, որ դրանց համար Նախիջևանում այսօր առկա է պարարտ հող՝ թե էթնիկական տիրույթում, թե ցեղային բաժանման տիրույթում: Էթնիկական, տնտեսական հենքերի վրա ձևավորված կլանների հետ աշխատելը կարող է շատ արդյունավետ լինել, քանի որ թեպետ Նախիջևանը եղել է Ադրբեջանի մաս, բայց տնտեսապես առավել ինտեգրված է եղել Հայաստանին:

Իրանցիները փորձել են աշխատել Ադրբեջանի այս հատվածի հետ՝ մասնավորապես ապահովել իրանական բեռների տրանզիտը դեպի Հայաստան, Վրաստան և Սև ծով, որովհետև իրանական քաղաքական չհայտարարվող օրակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է իրանական տրանզիտը դեպի Եվրոպա՝ ոչ Թուրքիայի վրայով, օգտագործելով առավելապես հայկական խողովակը: Ցավոք, այսօր Հայաստանի ենթակառուցվածքները դա թույլ չեն տալիս:

Ժամանակին Հայաստանը վարել է Նախիջևանի հետ առանձին բանակցություններ՝ կապված Հայաստանի հետ սահմանային լարվածության հետ: Այս մեխանիզմների հստակ մշակումը՝ ոչ ի հաշիվ մեր բանակի և սպառազինության, կարելի է իրականացնել և այս առումով իրանցիները կարող են դառնալ հարթակ կամ միջնորդ հայ-նախիջևանյան հանդիպումներ կազմակերպելու համար:

Ինչ վերաբերվում է սահմանային լարվածությանը, ապա նշենք, որ դա չի բխում Իրանի շահերից: Ակնհայտորեն Իրանի արտաքին քաղաքական կողմնորոշումն է սահմանների ամբողջ երկայնքով ապահով իրավիճակի ապահովումը՝ լինի դա Արցախի հատվածում, թե Նախիջևանի հատվածում:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ