Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Վլադիմիր Վարդանյան

Միջազգային իրավունքի մասնագետ

Վլադիմիր Վարդանյան-ի խոսքը

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը

Նախիջևանը՝ որպես Երևանի խանության մաս, Սուրմալուի հետ միասին, 1828թ. անցավ Ռուսաստանի վերահսկողության  տակ. սա կարևոր փաստարկներից մեկն է, քանի որ Սուրմալուի հատվածը և դրա փոխանցումը Թուրքիային բավական շատ է վիճարկվում իրավական տեսանկյունից:

Նախիջևանի պարագայում մենք դեմոգրաֆիկ խնդիր չկարողացանք լուծել. եթե մենք կարողանայինք հայացնել այդ տարածքը, ապա մենք այսօր այս խնդիրը չէինք ունենա: Ադրբեջանը չունի Նախիջևանի հետ ցամաքային սահման, և շատ արագ այդ տարածքը պարզապես կինտեգրվեր Հայաստանին: Ինչքան էլ Ադրբեջանը բարձրացներ իրավական տեսանկյունից Նախիջևանի՝ որպես պրոտեկտորատի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերի հարցը, նշանակություն չէր ունենա:

Կարսի և Մոսկվայի պայմանագրերը անվավեր են. և դա ոչ այն պատճառով, որ սուբյեկտները ճանաչված են կամ ճանաչված չեն, այլ քանի որ Մոսկվայի պայմանագիրն՝ այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող միջազգային իրավական կանոնների խախտում է: Ռուսաստանն այս պայմանագրով պարտավորություն ստանձնեց պարտավորեցնել սկզբում Հայաստանին ու Վրաստանին, հետո՝  Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին ընդունել սահմանված դրույթները: Այսինքն, այս՝ ուժի սպառնալիքի մեջ է ամենամեծ խնդիրը:

Իսկ օրեր անց՝ խորհրդայնացումից հետո, արդեն Խորհրդայի՛ն Ռուսաստանը կարող էր պարտադրել, քանի որ արդեն Խորհրդային Ռուսաստանը վերահսկում էր Խորհրդային Ադրբեջանը և Խորհրդային Հայաստանը. այս տեսանկյունից, կրկին փաստենք, խնդիր ունենք վավերականության: Այո, Ռուսաստանը օկուպացրել էր և այդ պայմանագրերով կայացնում էր որոշումներ օկուպացված տարածքների բնակչության փոխարեն. Խորհրդային Ռուսաստանը չէր կարող պարտադրել ինքնիշխան սուբյեկտներին կնքել նման պայմանագրեր:

Կարսի պայմանագրի վավերականության մասին այսօր չենք խոսում, բայց գիտենք, որ սահմանի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն առանձին պայմանագրով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքներով:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ