Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Հայկ Մանասյան

Գաստրոէնտերոլոգ

Հայկ Մանասյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Առողջապահության համակարգի անկատար լինելը ակնհայտ է: Իմ կարծիքով, այն երբեք էլ չի եղել կայացած: Խորհրդային տարիներին դա ուրիշ համակարգ էր, ուրիշ գաղափարախոսության վրա հիմնված: Աշխարհն այսօր փոխվել է, առաջին հարցը որ ինքներս մեզ համար պետք է պարզենք, դա այն է, թե որ ճանապարհով ենք առաջ գնալու: Սոցիալակա՞ն ուղղվածություն ենք ուզում ունենալ, երբ բոլորը անկախ կարիքներից կունենան անվճար բուժվելու իրավունք, թ՞ե  ազատ շուկայական, երբ յուրաքանչյուրը պարտավոր կլինի վճարել իր բուժման համար: Սա որոշելուց հետո միայն պետք է գծվի առաջ շարժվելու քարտեզը եւ գնալ որոշակի ուղղությամբ: Ես անձամբ կողմ եմ սոցիալական ուղղության ներդրմանը, քանի որ հակառակ դեպքում բողոքի ալիքը չի դադարի: 

Այսօր պետպատվերը պետությունը գնում է մասնավոր հիվանդանոցներից, ինչ -որ գնով, որի մեջ ներառված է տվյալ հիվանդնանոցի շահույթը: Բայց չէ որ նույն այդ ծառայությունը պետությունը ինքը կարող է սպասարկել: Օրինակ, կա Նորքի պետական սրտաբանական հիվանդանոց, որը կարող է առանց շահույթ հետապնդելու ծառայություն մատուցել՝ ինքնարժեքով: Դա զգալի կնվազեցնի ծառայության ծախսը եւ կմեծացնի պետպատվերի ծածկույթը:

Համակարգի խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համակարգային մոտեցում: Պետությունից տրված գումարն այսօր քիչ է, սոցփաթեթի շրջանակում այդ քիչն ավելի է քչանում: Օրինակ բերեմ, սոցփաթեթով ստուգվում է տղամարդկանց վահանաձեւ գեղձը, որը աբսուրդ է: Այդ հիվանդությունը տղամարդկանց չնչին  տոկոսի մոտ կարող է զարգանալ, բայց  գրել են փաթեթով ինչպես կանանցը, այնպես էլ տղամարդկանցը պետք է ստուգվի եւ տարիներով դա  չի փոխվում: Դա մեծ  գումար է, որ տրամադրվում է բյուջեից: Միայն այս օրինակին նայելով անզեն աչքով երեւում է սոցփաթեթի թերությունները, իսկ եթե խորանանք ինչեր կգտնենք…  Պոլիկլինիկաներում կան լաբորատորիաներ, որոնք աշխատում են, առանց  միկրոսկոպը միացնելու, առանց ռեակտիվ ունենալու հարյուրավոր պատասխաններ են գրվում՝ հատկապես երեխաների պլանային  ստուգումների ժամանակ, այնինչ պոլիկլինիկան այն անհրաժեշտ օղակն է, որը պետք է ապահովի  առողջության պահպանումը:

Կյանքի միջին տեւողությունը 2018 թվականի տվյալներով 5-7 տարով դրական տեղաշարժ է ունեցել: Այս դինամիկան վկայում է, որ բոլոր դեպքերում մենք ունենալու ենք դրական տեղաշարժ: Հարցն այն է, թե տվյալ ուղղություններն ընտրելուց հետո ինչ ճանապարհով գնանք ցավոտ եւ կարճ, թ՞ե անցավ եւ երկար:  Ցավոտ նշանակում է լուրջ, կտրուկ եւ երեւացող քայլերով, որին կարծես թե մեր կոլեգաները եւ բնակչությունը պատրաստ չեն,  որովհետեւ մենք ամենաշատը վատ ենք զգում վատամարդ լինելուց: Հարցն այն է,թե  բարեփոխումները կարվեն արագ եւ ցավոտ, թե՝ դանդաղ, բայց անցավ:

Ֆինանսական խնդիրների լուծման համար երբեմն որպես ճանապարհ մատնանշվում է բժշկական տուրիզմը:Կարող եմ ասել, որ  բժշկական տուրիզմը, մեր առողջապահությանը ոչինչ չի տա: Միայն ստոմատոլոգիան եւ պլաստիկ վիրաբուժությունն են աշխատում, որովհետեւ Հայաստանում ավելի էժան է: Բժշկության արտահանման մեթոդը այսպիսին է, ոչ թե հիվանդներն են գալիս Հայաստան, այլ բժիշկներն են լքում երկիրը, գնում աշխատում եւ ապրում այլ երկրներում: Դա բերում բժիշկների արտագաղթի, որը չափազանց վտանգավոր խնդիր է: Առողջապահության համակարգի  խնդիրների լուծման համար չափազանց կարեւոր է մեր բժիշկների արժեւորումը: Եթե մեր սպորտսմենը ելույթ է ունենում  ԱՄՆ  դրոշի տակ, միգուցե նա այնտեղ տասնապատիկ շատ ստանա, բայց միայն գնահատականը մոտիվացիա է, որ նրան ստիպում է չթողնել եռագույնը եւ չգնալ ոչ մի տեղ: Բժշկության մեջ զրոյական վերաբերմունք կա «բժիշկ- չեմպիոնների» հանդեպ: Այնինչ այնպիսի մոտիվացիա, հարգանք պետք է լիներ, որ բժշկի մտքով անգամ չանցներ  թողնել ու հեռանալ երկրից:

Մեկ այլ կարեւորագույն խնդիր եւս. հիվանդի ճնշումից առավել, այսօր բժշկի  վրա ադմինիստրատիվ ճնշում կա: Բժշկին ճնշում է կոնկրետ հիվանդանոցի ղեկավարը: Բժշկի իրավունքը պաշտպանված չէ: Պետք է ստեղծվեն արհմիություններ, որի միջոցով շատ հարցեր ինքնստիքյան կլուծվեն: Եթե մենք ունենանք արհմիություններ, ինքնստիքյան կլուծվի նաեւ բժշկական ապահովագրության եւ բժիշկների ապահովության այլ հարցեր: Եթե մենք սկսենք հակառակ ծայրից, ապահովագրենք բժշկական սխալը, բայց ներքին ճնշումները շարունակվեն, դա ոչնչի չի բերի, ղեկավարի ասած ամեն խոսքի համար բժիշկը չի կարող դիմել համապատասխան մարմնին:

Այսօր շատ է բարձրաձայնվում կանխարգելիչ բժշկության կարեւորության մասին: Առողջապահության նախարարությունը նշում է, որ հիվանդանոցները պետք է զբաղվեն առողջության պահպանմամբ առաջին հերթին: Իմ կարծիքով կանխարգելիչ բժշկության ներդնումը պետք է սկսել պետական կառավարման մարմիններից, պետք է սովորեցնել, որ կանխարգելիչ բժշկությունը դա ոչ միայն վակցինացիան է կամ սքրինինգային ծրագրերը,  այլ բուն բժշկությունն է: Եթե երկու հետազոտությամբ կարելի է բուժել հիվանդին, հինգ հետազոտություն չպիտի արվի, եթե երկու դեղով կարելի է բուժել, հինգ դեղ չպիտի տրվի: Սա նշանակում է կոմերցիոն բժշկություն, որը ստեղծում է սպառման դաշտ, որպեսզի դրանով շուկան մեծանա: Միայն գաստրոէնտերալոգիայի հետ կապված ես հաշվարկ եմ արել եւ հասկացել, որ դեղորայքի տեղին, ոչ շռայլ նշանակումը տարեկան մեկ միլիարդ դրամ խնայողություն կարող է ապահովել:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ