Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Տիգրան Քամալյան

Վլադիմիր Ավագյան ԲԿ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Տիգրան Քամալյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Առողջապահական համակարգում խնդիրները շատ են, սակայն մենք չունենք այնքան ժամանակ եւ միջոցներ, որ ամեն ինչ քանդենք, նորից սկսենք կառուցենք, միեւնույն ժամանակ իրավունք չունենք տեղում դոփելու: Աշխարհում բժշկությունը առաջ է գնում, Հայաստանն էլ պետք է առաջ շարժվի: Մենք լավ ժառանգություն ունենք, Խորհրդային միությունից բավականին լավ ավանդույթներ է փոխանցվել մեզ, որ կարելի է պահել, բարեփոխել եւ զարգացնել նոր ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային պրոտոկոլներն ու փորձը:
Առողջապահության ոլորտի բարեփոխումները պետք է սկսել ավելի խորքից՝ կրթական մակարդակից: Մենք այստեղ խնդիր ունենք թե դիպլոմային, թե հետդիպլոմային մակարդակներում: Եթե մենք կարողանանք ապահովել նաեւ , որ որակյալ կրթությամբ առողջապահության կազմակերպիչներ լինեն, որոնք կտիրապետեն միջազգային ստանդարտներին, կարծում եմ նրանք համակարգային փոփոխությունների լուծումներ կգտնեն: Այսօր համալսարանում արդեն կա այդ ուղղությունը, որը դեռ նոր է եւ կայանալու խնդիր ունի: Նման ֆակուլտետ կա նաեւ Ամերիկյան համալսարանում, սակայն չափազանց կարեւոր այս մասնագիտությունը հիմնականում ընտրում են մարդիկ, որոնք այլ տեղ չունեն գնալու կամ պետք է կրթությունը դրսում շարունակեն: Այսինքն ոլորտը կայանալու խնդիր ունի….Ովքեր են այսօր զբաղվում բժշկական կազմակերպման հարցերով ՝ լավ բժիշկները, որը երեւի թե համակարգային սխալներից մեկն է:
Կարեւոր է ընտրել հստակ ուղղություն եւ շարժվել առաջ: Հաճախ պրիմիտիվ հարց է հնչում, որ ուղղությամբ պետք է զարգանա մեր բժշկությունը Ամերիկյան, թ՞ե Եվրոպական: Ես կարծում եմ նախընտրությունը պետք է տալ հայկականին: Տարբեր ազգեր առողջապահության համակարգի տարբեր մոդելներ են ընտրել: Մենք չպետք է ձգտենք նմանվել ինչ-որ մեկին: Մեր ընտրած ուղղությունը պետք է լինի մերը, դա կարող է լինել տարբեր համակարգերի միքսը, կարելի է օգտագործել նաեւ Խորհրդային միությունից մնացած լավագույն ավանդույթներն ու ժամանակակից աշխարհի փորձը….Ֆինանսավորման հարցում եւս պետպատվերից եւ ապահովագրումից բացի այլընտրանքային ինչ-ինչ ճանապարհներ կարելի է գտնել: Աշխարհում ընդունված են տարբեր գիտական, բարեգործական ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորման մեթոդներ են: Մեր ճանապարհը դժվար է լինելու, դրական ելքով, քանի որ մենք ունենք լավ երիտասարդ կադրեր:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ