Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Արա Այվազյան

Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական  վնասվածքաբանության  ու օրթոպեդիայի  բաժանմունքի ղեկավար

Արա Այվազյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Եթե ուզում ենք հասկանալ ի՞նչ փոփոխություն ենք ուզում անել, պետք է հասկանանք ի՞նչ ռեսուրսներ ունենք մեր ուզածին հասնելու համար եւ ի՞նչ ենք պատրաստ զոհաբերել: Մենք ունենք հիանալի բժիշկներ, որոնք չեն զիջում աշխարհի ոչ մի երկրի մասնագետներին, որոնք չնայած ֆինանսների պակասությանը մատուցվում են շատ բարձր մակարդակի ծառայություններ:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի առողջապահական բյուջեն 100 մլրդ դրամից պակաս  է, յուրաքանչյուր քաղաքացուն 20 հազար դրամ է բաժին հասնում: Բելգիայում , օրինակ, այդ թիվը 1000 եվրո է, հաշվի առնելով, որ մենք անգամ 100 եվրո չենք տրամադրում մեկ հիվանդին, մեր բժիշկները հրաշքներ են գործում: Գոնե 1000 եվրոյին մոտ գումար պետք է տրամադրվի, որ արդյունք ունենանք: Բժիշկները մաքսիմալն են անում, որ սուղ պայմաններում լավագույն արդյունք ապահովեն: Սակայն, ի՞նչ ենք մենք տեսնում ի պատասխան, բժիշկներին անընդհատ մեղադրում են՝ տեղին եւ անտեղի: Այսօր Հայաստանում հաճախ օրենքը մի կողմ են թողնում, բժշկի խիղճն են առաջին պլան մղում: Հավատացեք ամեն հնարավոր բան արվում է, որ եւ հիվանդին օգնած լինենք, եւ բժիշկը չտուժի: Սակայն այս ֆինանսական միջոցներով շատ բանի հասնելն անհնար է: Կոնքազադրային եվրոպական իմպլանտի գինը սկսվում է  2000 դոլարից, մենք  ինչպես վարվենք, անորակ չինական իմպլանտ գնե՞նք, որ մի քանի ամիս հետո ժանգոտվելու է…այդ դեպքում, թող այնպիսի համակարգ լինի, որ հիվանդը գիտակցաբար դա գնի եւ բժշկից հետագայում հաշիվ չպահանջի:

 Առողջապահությունը աշխարհում անընդհատ թանկանում է, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են ու թանկանում: Գնալով տարածում է գտնում քիչ ինվազիվ բժշկությունը բոլոր ոլորտներում: Դա պահանջում է թանկարժեք սարքավորումներ, ո՞վ է վճարելու ...պետությո՞ւնը, քաղաքացի՞ն..... Բոլոր խնդիրների հիմքում ֆինանսն է: Դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ որտեղից գումար հայթայթենք, հետո նոր ինչ փոփոխություններ անենք:

Այն որ անվճար բուժօգնության  տրամադրում հնարավոր չէ ամբողջ աշխարհում, դա փաստ է: Դա ծախս է, որի համար ինչ -որ մեկը դրա համար պետք է վճարի: Դրա համար վճարում է կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ քաղաքացին.... բայց մեր քաղաքացիները գալիս եւ բժշկից են պահանջում: Կարծես խոտ վաճառելուց լինես, այնպիսի խոսակցություններ ես լսում հիվանդից: Անհարգալից վերաբերմունքը բժշկի նկատմամբ պատահական չէ, նշանակում է համակարգը  խնդիր եւ առողջացման կարիք ունի: Որպեսզի խնդիրը պարզվի. մենք նախ պետք է հասկանանք ինչ համակարգ ենք ուզում՝ սոցիալական, ազատ շուկայական, թե ապահովագրական: Աշխարհում այսօր բազմաթիվ երկրներ կան, որոնցից յուրաքանչյուը իր համար որոշել է դա: Մեր առողջապահական համակարգում դա բաց է, չգիտենք որ ուղղությամբ գնանք: Կարող ենք վերցնել ինչ-որ մեկի սիստեմը կամ համադրենք մի քանի ուղղություն եւ մերը ստանանք, բայց մենք անընդհատ ինչ որ ժամանակավոր, պոպուլիստական  լուծումներ ենք գտնում՝ մի բժիշկ, որը կդառնա քավության նոխազ, մի որոշում, որ մարդկանց դուր կգա …Անընդհատ օրենքներ են փոխվում՝ մի օրենքը ընդունում են, մեկը հեռախոսով են ասում, մի ուրիշն էլ հեռուստացույցով ու բժշկին ասում են գնա գլուխ հանի, ինչպես կուզես, դա սխալ է, այդպես համակարգ չի առողջանա: Առողջապահությունը  պետք է լինի հստակ համակարգ, որտեղ յուրաքանչյուրն իր տեղն իմանա, այսօրվա ֆինանսական միջոցներով դա ցավոք հնարավոր չէ: Մենք չունենք գումար, բայց ուզում ենք փոփոխություն անել, նախ եւ առաջ պետք է հասկանանք, որքան գումար ունենք հետո նոր ինչ՞ի վրա ծախսենք կամ ինչպե՞ս առաջ գնանք….

Մեր առողջապահական համակարգը այսօր նման է նավակի, որ ինքն իրեն լողում է անհայտ ուղղությամբ: Նավը խորտակվում է, բայց յուրաքանչյուրն ուզում է ինչ -որ ծակ փակի: Բոլոր լուծումները , որ գտնվում են ժամանակվոր են եւ պոպուլիստական: Տարբեր երկրներ, տարբեր քաղաքականություն են որդեգրել, հիմա մենք չգիտենք ո՞ր ուղղությամբ ենք գնում եւ ուր ենք ուզում հասնել: Ֆինանսական միջոցները սուղ են, խնդիրները շատ են, բայց պետք է որոշել այդ ուղղությունը եւ առաջ շարժվել, ոչ թե ամբողջ ուժն ու ռեսուրսը օգտագործել չխորտակվելու վրա: Շատ լավ մասնագետներ կան, պրոֆեսիոնալներ, որոնց  գիտելիքն ու փորձը պետք է օգտագործել այդ ճանապարհը փնտրելիս:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ