Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Արսեն Գրիգորյան

Հանրապետական հիվանդանոցի  վիրաբուժական գծով տնօրեն

Արսեն Գրիգորյանի  խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

ՀՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի արժանապատիվ կյանքի եւ առողջ ապրելակերպի: Համակարգային հարցերի լուծումը պետք է սկսել այս կետը հաշվի առնելուց:  Խորհրդային միության տարիներին մենք ունեցել ենք լավ , կայացած առողջապահական համակարգ: Անկախ Հայաստանում այդ փորձը մոռացվեց, ստեղծվեց նորը, որն էլ ոչ թե զարգացվեց, այլ գնաց դեպի անկում:

Ես Խորհրդային միության տարիներին սովորել եմ Բժշկական համալսարանում, անկախության տարիներին կլինարդինատուրայում: Ցավոք սրտի տարեցտարի անկում ենք արձանագրում առողջապահության ոլորտում: Ըստ իս, դա երկու պատճառ ունի՝ համակարգային հարցերը եւ մարդկային արժեքներից բխող հարցերը: Ամբողջ աշխարհում  10-20 տարի առաջ  բժիշկը հարգված մասնագիտություն էր: Այսօր այդ հարգանքը չկա ու մեղավորը համակարգն է: Եթե տասը տարի առաջ բժիշկը հիվանդ էր բուժում , հիմա ասում են ծառայություն է մատուցում: Ծառայություն մատուցելու դիմաց պետք է վճարել եւ քանի որ հիվանդը գումար չունի արդեն չարանում է բժշկի դեմ՝ անկախ այն հանգամանքից օգնեց բժիշկն իրեն, թե՝ ոչ:

Բժշկական տուրիզմը Հայաստանում լիարժեք չի կարող գործել… կան, իհարկե, հիվանդներ, որ մեր երկրիր են գալիս բուժվելու: Սրտի ինվազիվ բժշկությունը, օրինակ, կամ պլաստիկ վիրաբուժությունը, որը Հայաստանում իրականացնելու համար մարդիկ տարիներով հերթագրվում են: Տարբեր երկրներից շատ են գալիս նաեւ հայ ստոմատոլոգների մոտ: Բայց դա դրսում ապրող հայերն են: Ինչու չի գա Եվրոպացին, որովհետեւ այնտեղ ունեն ապահովագրություն եւ բուժվում են անվճար, իսկ Հայաստանում պետք կլինի վճարել:

Հաճախ է հարց բարձրացվում առողջապահություն, թ՞ե հիվանդաբուժություն…Ես կարծում եմ, գրագետ եւ առողջ հասարակություն ունենալու գրավականը կանխարգելիչ բժշկությունն է:  Այսօր պոլիկլինիկայի բժիշկներին դիմում են միայն այն հիվանդները, որնոք այլ ելք չունեն: Վստահություն չկա մարդկանց մոտ պոլիկլինիկայի հանդեպ: Կարեւորագույն հարց է զարգացնել բուժօգնության առաջնային օղակը, այդ դեպքում, առողջապահությամբ կզբաղվեն պոլիկլինիկաները: Հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը կթեթեւանա, հիվանդաբուժության հարցերը արդեն միայն կլուծվեն այնտեղ: Իսկ ի՞նչ է կատարվում մեր ախտորոշման համակարգում: Բոլոր լաբորատորիաներում  կարող է նույն սարքավորումը օգտագործվել , բայց նաեւ ռեակտիվների հարց կա: Թանկարժեք սարքավորումների համար նաեւ թանկարժեք, ժամկետի մեջ եղող ռեակտորներ են պետք, ինչը վստահ չենք կարող ասել, որ բոլոր լաբորատորիաներում է օգտագործվում: Կամ էլ տեխնիկան նախատեսված է մինչեւ 25 աստիճանի դեպքում օգտագործվելու համար,  ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչեւ 43 աստիճան , այդտեղ արդեն կարող ենք սխալ ունենալ :

Պակաս կարեւոր չեն առողջապահության համակարգի կադրային խնդիրները: Մարդկային ռեսուրսները պետք է ճիշտ ընտրվեն եւ զարգացվեն նրանց հմտությունները: Շատ կարեւոր է հաշվի առնել նաեւ իրավական եւ իրավապաշտպանական հարցերը: Շատ անգամ բժշկական անփութության համար դատական գործ է բացվում: Հաճախ բժիշկն արդարացվում է, սխալը՝ հերքվում, բայց բարոյական վնասը մնում է: Տուժում է բժշկի հեղինակությունը եւ անունը:  Անհրաժեշտ է օրենքով ամրագրել բժշկական սխալի ապահովագրությունը նման խնդիրներից խուսափելու համար: Այս խնդիրներին լուծում տալու համար մեզ անհրաժեշտ է համակարգային մոտեցում: Հստակ չէ, թե  ո՞ր դեպքում է բժշկի սխալը դիտարկվում անփութություն, ո՞ր դեպքում բժշկական սխալ: Բժշկական սխալը քրեորեն դատապարտելի չէ: Տարբեր կլինիկաներ ունեն հիվանդության բուժման իրենց մոտեցումները, որոնք էլ ենթադրում են իրենց բարդությունները: Եթե կատարվում է դատաքննություն, հաշվի է առնվում դա: Դատապարտելի են անփութությունը եւ դիտավորությունը:

Եվրոպական երկրներում առողջապահական համակարգին պետությունից տրամադրվում է ՀՆԱ-ի շուրջ տասը տոկոսը, Հայաստանում այդ թիվը չի հասնում անգամ երեք տոկոսի, ասում են երեք տոկոս պետք է լինի, բայց մոտ մեկ տոկոս է: Շատ լավ գիտեք, որ բժիշկները բողոքում են, որ իրենք պետպատվերից տոկոսներ չեն ստանում, չնայած նախարարությունը մեծ թվեր է ուղարկում, որ որոշակի տոկոսը իրենցն է…Եթե այս նույն տեմպերով շարունակվի առողջապահության ոլորտի բարձիթողի վիճակը, մեր երեխաները եւ թոռները չեն կարողանալու բուժվել Հայաստանում: Սոցիալական խնդիրների արդյունքում համակարգը գնալով կթուլանա, կշարունակվի բժիշկների արտագաղթը եւ մեր երեխաները ու թոռները  ստիպված կլինեն բուժվել առնվազն Վրաստանում: Լուծումը մեկն է, ոլորտի բարեփոխումները պետք է սկսել արդեն այսօրվանից:

Շատ կարեւոր է , որ գերատեսչության ղեկավարը վարչապետին տա այն տեսլականը, որով  առաջ ենք գնալու: Մինչեւ չլինի այդ ուղղությունը եւ գերնպատակը մենք առաջ գնալ չենք կարողանա: Պետք է վերլուծություն արվի՝ Սվոթ անալիզ, որոշվի ուժեղ եւ թույլ կողմերը եւ հարցին լուծում տրվի: Շատ կարեւոր է բժշկի վարկանիշը, նախարարությունը պետք է աշխատի նաեւ այդ ուղղությամբ:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական-վերլուծական խումբ