Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Միհրան Նազարեթյան

Ոսկրածուծի դոնորների հայկական  ռեեստրի բժշկական տնօրեն

Միհրան Նազարեթյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Առողջապահական խնդիրները երկու ուղղությունների կարելի է բաժանել՝ համակարգային հարցերի մի մեծ խումբ եւ ծառայությունների հարցեր:

Հայաստանում շատ լավ բժշկական ծառայություններ կան, որը հստակ պետք է արձանագրենք:  Դա մենք տեսնում ենք օրթոպեդիայի մեջ, ակնաբուժության մեջ, սրտաբանական հրաշալի կլինիկաներ ունենք: Կարող ենք արձանգրել, որ ծառայություների մասով բազմաթիվ կարեւոր խնդիրներ են լուծված Հայաստանում եւ մենք պետք է հպարտ լինենք: Առողջապահական համակարգի վիճակը, սակայն, մտահոգիչ է: Այստեղ է, որ մենք կաղում ենք եւ լուծումներ պետք է փնտրենք ու գտնենք:  Հայաստանում եւ ամբողջ աշխարհում համակարգային առումով կոտեջային առողջապահություն է տիրում: Առողջապահությունը, ինչպես կոտեջներ բաժանված է  տարբեր ուղղությունների: Յուրաքանչյուր կոտեջ գործն անում է, ինչպես կարողանում, ինչ ուղղությամբ, որ ցանկանում է: Հիվանդը մեկ տեղ պետք է մտնի եւ դուրս գա առողջացած, Հայաստանում, դժբախտաբար, դա բացակայում է : Առողջապահության ֆրագմենտալ լինելը մեր համակարգային լրջագույն խնդիրն է: Պետք է մշակել մեկ ընդհանուր ճանապարհ եւ առաջնորդվել դրանով:

Ի դեպ, մենք պետք է օգնենք մեր առողջապահության նախարարին: Դիմենք, թող ամիսը մեկ անգամ նման քննարկում կազմակերպվի, որին կմասնակցեն գործող բժիշկներ եւ կբարձրաձայնեն հարցեր, որոնք առաջնային լուծման կարիք ունեն: Այսօր այստեղ այնքան լավ հարցերի մասին  է բարձրաձայնվում, որ առողջապահության նախարարությունը ուղղակի անհրաժեշտ է որ լսի: Պետք է հաշվի առնվի նեղ մասնագետների կարծիքները, Հայաստանում շատ լավ երիտասարդ մասնագետներ կան եւ նրանց կարծիքը պետք է կարեւորվի համակարգի բարեփոխման ճանապարհին:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ