Մշակույթի համար պետությունը պիտի մենեջեր լինի

Երգիչ, երգահան, գրող

Արսեն Համբարյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Մի հեռուստահաղորդման ժամանակ մշակույթի փոխնախարարներից մեկին հարցրեցին, թե ինչու չեք օժանդակում մշակույթի գործիչներին, որ իրենց գործերը կարողանան վաճառել: Նա պատասխանեց, թե մշակույթի նախարարությունը հո մենեջերական կազմակերպություն չէ: Ես ինքս ինձ ասացի՝ բա ինչ է: Իմ կարծիքով՝ մշակույթի նախարարությունը պիտի մենեջմենթով զբաղվի, պիտի կարողանա տեսնել, թե որ արվեստն է, որ ինչ-որ տեղ պետության, ժողովրդի հեղինակությունը բարձրացնում է, և արվեստագետին ամեն ձևով օժանդակի, որ արվեստագետը ոչ թե պատվիրված երգ, բեմադրություն իրականացնի, այլ կարողանա իր մտահղացումը իրականացնել: Կարծում եմ՝ մշակույթի նախարարության գործառույթը դա պիտի լինի, և եթե նա կարողանա դրանով ճիշտ զբաղվել, ապա արվեստագետն անպայման օգուտ կբերի նաև պետությանը:

Պետությունից անկախ պետք է զարգանան մշակույթի մենեջարական այլ ընկերություններ: Սակայն պետական կառույցը պիտի իրականացնի դա՝ գծելով գաղափարախոսական շրջանակ՝ թե ինչ եմ ուզում ներկայացնել դրսում, ինչ եմ ուզում տալ երաժշտական դպրոցում, և այդ ամենն իրականացնի այդ շրջանակում:

Այսօր եթե գալիս եմ, մի բան ստեղծում եմ՝ որպես երգիչ, որպես սցենարիստ, միշտ նույն պատին եմ դեմ առնում՝ որ չեմ կարողանում այդ ամենը գովազդել: Գովազդվում է այնքան աղբ, որ ծածկում է ամեն բան. դա միանշանակ մաքրել է պետք: Ինչ է նշանակում մասնավոր հեռուսատեսություններին չի կարելի որևէ բան արգելել: Մասնավոր հեռուստատեսությանը տրվել է մեր բոլորի եթերը, և դա պետք է կանոնակարգվի:

Մշակույթի նախարարությունը նախ պետք է դառնա մենեջերական կազմակերպություն: Մեր երկրում արտադրվող ամեն բանի՝ նյութական և ոչ նյութական արտադրանքի համար պետությունը ոչ թե պետք է մտածի՝ ինչպես հարկել, այլ պետք է հնարավորություն տա հանգիստ աշխատել, և ինքը պիտի նպաստի, որ դա զարգանա, ավելի լայն շուկաներ ձեռք բերի:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ