Պետության՝ մշակույթի հանդեպ վերաբերմունքն առևտրային է

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր

Ռուբեն Բաբայան -ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Նիցշեն ասում էր. «Խնձորի բարակ կճեպն է մշակույթը, որը հսկում է աշխարհի քաոսը»: Այստեղ կա մեծ ճշմարտություն: Չի կարող լինել քաղաքակիրթ գիտություն, կրթություն, քաղաքակիրթ առողջապահություն առանց մշակույթի: Չի կարող:

Այսօր, սակայն, մեր պետության՝ մշակույթի հանդեպ վերաբերմունքն առևտրային է. սահմանափակվում է վաճառք ձևակերպելով: Հեռախոսի երաժշտության և Վահան Արծրունուն երաժշտության միջև տարբերություն չի դնում: Ես կարծում եմ, որ այս վերաբերմունքը պիտի փոխվի: Պատկերացրեք, եթե Մեդիչին հայտարարեր տենդեր, կշահե՞ր արդյոք Միքելանջելոն. հաստատ կգտնվեր մի ավելի էժան քանդակագործ կամ նկարիչ:

Երկրում կարող է չլինի մշակույթի նախարարություն, բայց լինի մշակույթ. բացարձակ կարևոր չի, որ լինի մշակույթի նախարարություն: Վերջին երեսուն տարում որևէ բարեփոխում այս ոլորտում չի եղել: Շատ դժվար է պատկերացնել, որ որևէ ոլորտ կարող է զարգանալ, եթե վերջին երեսուն տարում որևէ բարեփոխում չի արվել: Սակայն, իրականում մշակույթ կա, և տաղանդավոր մարդիկ կան. և մշակույթի նախարարությունը նրանց հետ հարաբերվելու երեք ձև  ունի՝ խանգարել, չխանգարել, օժանդակել: Ինձ համար լավագույնը չխանգարելն է:

Երբ մեր քննարկումների ժամանակ դուրս գանք դեմագոգիկ սահմաններից և սկսենք խոսել գործնական, շատ ավելի լավ կլինի: Օրինակ, երբ մենք ասում ենք «արժեհամակարգ», մշակույթը պիտի սպասարկի այդ արժեքային համակարգը: Այդ ժամանակ դուրս կմղվեն այն պետական պատվերները, որ շատ վտանգավոր են: Եվ նշենք, որ եթե արժեքային համակարգի կենտրոնում մարդը չէ, այնտեղ շատ մանիպուլյացիաներ են հնարավոր: «Գիտեք ինչ, ձեր ստեղծագործությունները վնասում են մեզ». կարո՞ղ է ասվել. իհարկե. և հաճախ ասվել է:  «Հանուն ժողովրդի կարելի է կործանել ժողովրդին», չէ՞. մենք այդ պատմությունը գիտենք, մենք այդ պատմությունն անցել ենք: Իսկ հանուն մարդու ոչ մեկին չի կարելի ոչնչացնել:

Մշակույթը մարդուն դարձնում է մարդ. ընդհանրապես, այն համակարգերն են զարգանում, այն հասարակություններն են զարգանում, որտեղ կա երկխոսություն, որովհետև երկխոսության հիմնական գործոնը ոչ թե այն է, որ երկու հոգի կարողանում են խոսել, այլ՝ երբ երկու հոգի կարողանում են իրար լսել: Դրա մի ճանապարհ կա. դա մշակույթն է: Երբ մենք կարդում ենք գիրք, մենք սկսում ենք հասկանալ ուրիշի ներքին աշխարհը, մենք լսում ենք մեղեդի, գալիս են որոշակի պատկերներ, էլի մտնում ենք երկխոսության մեջ: Այս ամենը շատ անհրաժեշտ է մարդու համար, հասարակության համար:

Ես չգիտեմ՝ հարցերն ինչպես է պետք լուծել: Դեղատոմս եթե ունենայի, կգնայի այդ շենքում կաշխատեի: Բայց մարդիկ, ովքեր ստանձնում են այդ պատասխանատվությունը, պարտադիր պիտի ներկայացնեն իրենց տեսլականը: Կարող է՝ չհամաձայնենք, համաձայնենք, վիճենք: Դա պետք է: Բայց մենք հաճախակի սահմանափակվում ենք քննարկելով այս կամ այն նախարարի դեմքը… մտքերը չեն հետաքրքրում: Դեմքը լավն է, մինչև իր տեղը հասնի, նստի, բա հետո՞…

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ