Համակարգը նորից կրիմինալ դրսևորումներ կունենա, եթե օրենք չընդունվի

Երգիչ, երգահան

Վահան Արծրունու խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Խոսելով մշակութային քաղաքականության մասին՝ մենք պետք է առաջին հերթին նկատի ունենանք համակարգումը: Այս կառույցի միջոցով պետք է ներկայացնել, հանրայնացնել, զարգացնել, և իհարկե, խնդիրները լուծել: Միակ լծակը հիմա, որով պետությունն առնչվում է մշակութային դաշտին, այս դաշտը բաժանելն է՝ տարանջատելով իրարից հաստիքային-պետական աշխատողին և ազատ ստեղծագործողին, որին չեն նկատել, որով չեն զբաղվել և չեն զբաղվում:

Ազատ ստեղծագործողներն առաջին հերթին բուհերի շրջանավարտներն են, անկախ թատերական ռոք, ջազային խմբերն են, այն հսկայական տիրույթը, որով մշակույթի նախարարությունը երբեք չի զբաղվել: Մեր անկախացումից ի վեր այն անտեսվում էր, քանի որ այն չէր ուզում համագործակցել կամ չգիտեր՝ ինչպես համագործակցել մշակույթի նախարարության հետ:

Հիմա մշակույթի նախարարության քաղաքականությունն այս է. մենք տեսնում ենք դաշտը՝ դիտարկում ենք այն, ինչ կա՝ մայր թատրոն, պետական թատրոններ, և այլն, մենք ստանում ենք բյուջե և բյուջեն բաշխում ենք այդ վեկտորներով: Եթե տարվա ընթացքում լավ ենք բաշխում, տարվա վերջում մեր աշխատանքը բարձր է գնահատվում: Սա մի իրավիճակ է, որը գործում է օրենքի բացակայության պայմաններում. օրենք չկա:

Մշակույթի նախարարությունն այս իրավիճակը նաև օգտագործում է իր օգտին՝ բաժանելով դաշտը յուրայինների և ոչ յուրայինների, տալով գնահատականներ՝ դու ավելի մշակութային ես, դու՝ ոչ, կամ ես քեզ սիրում եմ, քեզ տալիս եմ: Եվ դրա կրիմինալ դրսևորումը՝ դու ինձ տալիս ես ապտակ կամ չես տալիս: Սա հետաքրքիր գունապնակ է. լայն հնարավորություններ ադմինիստրացիայի համար, որը օգտագործել է օրենքի բացակայությունը, որպեսզի այսպես համակարգի այս դաշտը:

Այդ համակարգումը բերեց նրան, որ մենք հիմա ապրում ենք մշակութային փլատակների վրա, քանի որ երեսուն տարիներին մենք կորցրինք մշակութային և ստեղծագործական ռեսուրս և ցանկություն՝ համագործակցելու պետական ատյանների հետ: Եվ հիմա եթե մնա այդ հին համակարգը, այն վերջիվերջո կբերի նույն բաժանումների՝ յուրայինների և ոչ յուրայինների, և կառավարման կրիմինալ դրսևորումների:

Կարող է փոխվել. եթե այդ համակարգող օղակը նախ ստեղծի օրենսդրական դաշտ՝ հավասար պայմանների հիմունքով. երկրորդ, կտա պայմաններ, ուր ցանկացած ոք, ով ունի մղում իր ստեղծագործությունը տարածելու, կկարողանա դա անել. երրորդը, կստեղծի պայմաններ, որ ստեղծագործողին հնարավորություն կտա զարգացնել իր հնարավորությունները. և չորրորդը, կտա ներկայացնելու հստակ մեխանիզմ՝ երկրի ներսում և երկրից դուրս: Սա լուրջ կոմպլեքս է՝ համակարգման տեսակ, համակարգման հնարավորություն և միջոց. միակ տեսակը, որի հիմքում այն օրենքն է, որը կհամակարգի իմ՝ ստեղծագործողի, և պետության հարաբերությունները, տեսակը, նիշը և նաև՝ իմ իրավունքներն ու պարտականությունները՝ թե որպես արվեստագետ, թե որպես ստեղծագործող, թե որպես քաղաքացի:

 

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ