Կրթական համակարգի խնդիրները. Սամվել Մարտիրոսյան

ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ

Սամվել Մարտիրոսյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Ամբողջ աշխարհում այսօր կրթական ոլորտը ճգնաժամի մեջ է: Ամեն տեղ ինչ-որ փորձեր են անում: Խնդիրն այն է, որ կրթությունը շատ տարբերվում է մյուս ոլորտներից: Ու եթե մենք ունենք խնդիր հասարակական, տնտեսական բնույթի, ապա կլինեն մարդիկ՝ օրինակ հաշվապահներ, որ կլուծեն դրանք. կրթության մեջ այդպես չէ:

Կան ավանդական լուծումներ՝ պապական, բայց դրանք արդեն չեն աշխատում, նույնիսկ տատականները չեն աշխատում. և այս իրավիճակը կրթության ոլորտում առաջացնում է ճգնաժամ: Դրա համար անհասկանալի է՝ ինչ են կանխատեսում, ինչպես են փորձում մի բան կանխատեսել, երբ նոր սերունդն այսքան տարբեր է: Համաձայնվեք, որ այս երեխաներն այնքան հեղափոխական են, որ պրոբլեմատիկ են մեծահասակների համար: Սա էլ խնդրի հիմքն է. ունենք մեծահասակներ, որ երեխաներից գլուխ չեն հանում ու չեն կարող իրենց փորձը փոխանցել երիտասարդներին, որովհետև դեռ իրենք էլ չեն հասցրել համակերպվել նոր իրողություններին:

Հիմա մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես. եթե մի տեղից ջուր է կաթում, գնում նորոգում է այդ խողովակի այդ մասը, հետո տեսնում է, որ մի այլ տեղից էլ է կաթում, էնտեղ է փորձում նորոգել, մինչդեռ երևի թե լուծումը ընդհանուր խողովակաշարը փոխելն է, որովհետև այսպես անընդհատ կրթական ռեֆորմների մեջ ենք: Անընդհատ համաշխարհային բանկը ինչ-որ գումարներ է տալիս, ու անընդհատ ինչ-որ փոփոխություններ են: Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնց կողքով էդ ռեֆորմները գալիս-շվվալով անցնում են, իրենք չեն հասցնում բան հասկանալ, քանի որ նաև նախարարն է անընդհատ փոխվում, կտրուկ ռեֆորմների ձևն էլ է փոխվում, ինչ-որ բաներ հետ են կանչվում, ասվում է, թե՝ էն որ ասվել էր, դա լուրջ բան չէր, այ հիմա լուրջ բաներ են լինելու:

Իմ կարծիքով կրթությունը ոչ թե պիտի ներքևից խանգարող խնդիրները մանր-մանր լուծելով գնա, այլ առաջին հարցը պիտի լինի այն, թե մենք ում ենք դաստիարակում: Որն է մարդու այն իդեպլը, որ մենք ունենք. դրանից հետո, դրանից բխող նոր միայն կհաստատենք ծրագիր: Ու կրթական ծրագիրն էլ պիտի լինի ընդհանուր ներդաշնակ (առարկայական ծրագրերը իրար հետ համաձայնեցված պիտի գրվեն): Որովհետև երեխան պիտի ամեն տարիքում մի հստակ բան ստանա բոլոր առարկաներից: Դրանք պիտի փոխկապակցված լինեն, որպեսզի հստակ լինի պատկերացում, թե ում ենք մենք դաստիարակում: Կան մեզ մոտ այդ պատկերացումները, ուղղակի դրանք մի քիչ պաթոսահայրենասիրական են, և ռեալ ոչինչ չեն նշանակում: Ասում են՝ պետք է լավ մարդ դաստիարակենք. լավ մարդը ո՞րն է: Մենք պիտի դա ինչ-որ ձևով ձևակերպենք:

Մենք պիտի առաջին հերթին «փակենք» մանկավարժական համալսարանը: Դա այն կառույցն է, որի պատճառով մեր ուսուցչի վարկանիշն ընկել է: Ուսուցիչն այսօր ամենացածր ստատուս ունեցող մարդն է: Օրինակ, որ ես ասում եմ՝ ուսուցիչ եմ. վրաս են նայում խղճահարությամբ. հետո՝ մտածում են, դե լավ, երևի կողմնակի եկամուտ ունի, նորմալ մարդ ա երևում: Կարևորագույն խնդիրն է. եթե դու ունես իրավիճակ, երբ մանկավարժական գնում է ամենածույլ աշակերտը, էլ ո՞վ այդ ուսուցչին լուրջ կվերաբերվի: Հիմա պիտի նորից վերարժևորում գնա. երեխան պիտի հասկանա՝ ում պիտի ինքը հարգի, ով է սոցիալական սանդղակի առավել վերին աստիճաններին:

Բացի դրանից, պետք է բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը: Մեզ մոտ անընդհատ այստեղ նվազում են ծախսերը: Ու դեռ լրիվ էլ չեն ծախսում: Ռազմական ծախսերը մեծ են, մենք դա բոլորս հասկանում ենք, բայց պիտի գիտակցենք, որ պետք են նաև կրթական ծախսեր, քանի որ դա ևս անվտանգության երաշխիք է:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ