Կրթական համակարգի խնդիրները. Արա Աթայան

ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ

Արա Աթայան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Կրթական ոլորտի նպատակն է նպաստել մարդու ինքնաիրագործմանը, որը մարդու երջանիկ լինելու հիմնական նախապայմանն է:

Ինքնաիրագործումը մարդու ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունն է, մարդու ակտիվ բարոյական հայացքի ձևավորումը (աշխարհի հանդեպ, սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումով սոցիալականքաղաքացիական խնդիրներում ներգրավվելը), նաև՝ ստեղծագործական կարո­ղութ­յունը: Եվ այդ ամենը պետք է լինի այն, ինչով մարդը դուրս է գալիս դպրոցից: Մարդը ձևավորվում է դպրոցում: Եվ այս փաստից ելնելով՝ մենք պետք է համակարգային հարցեր տանք և համակարգային լուծումներ գտնենք:

Նախ, տասներկու տարին դպրոցում և դրանից առաջ էլ՝ տարիներ մանկապարտեզում պիտի դիտարկվեն ոչ թե որպես գորշ ընթացք, որտեղ երեխան այս դիրքում (ձեռքերն իրար վրա ծալած, սեղանին) ընկալողի ու անգիր սովորողի դերակատարմամբ է հանդես գալիս, այլ՝ որպես կյանք: Դպրոցն այդ տարիների կյանքի մեկ երրորդն է, եթե վերցնենք ուղղակի մաքուր ժամանակով, իսկ եթե արթուն ժամերը օրվա, ապա հասնում է կեսին և նույնիսկ ավելին:

Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամակներից սկսած. երբ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տաս տարին հիշվում է՝ որպես մի մղձավանջ, որտեղ դու միշտ պիտի լինես այս դիրքում (ձեռքերը սեղանին՝ ձիգ նստած) ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես

Երեխան պիտի դպրոցում ամբողջական կյանքով ապրի. նա պիտի և՛ մտածի, և՛ զգա, և՛ գործի: Ընդ որում, որքան փոքր են երեխաները, այնքան մեծ պիտի լինի գործողության բաղադրիչը, կամային և նաև հուզական բաղադրիչը, և միայն դրանցով է, որ պիտի կամաց-կամաց բյուրեղանա ու հայտնվի մտային բաղադրիչը. մտային բաղադրիչը պետք չէ շփոթել հիշողության հետ, որովհետև հստակ չէ չափանիշը, թե ինչքան լավ է անգիր պատասխանել երեխան, այլ այն, թե որքանով է նա ի վիճակի ինքնուրույն լինել կյանքի ցանկացած ոլորտում: Եվ սա է շատ կարևոր, որ երեխաները կարողանան ինքնուրույն մտածողությամբ առաջնորդվել, երբ որ նրանք ավարտում են դպրոցը:

Ինքնուրույն լինելու կարողությունը նշված երեք տարրերի ներդաշնակությամբ է միայն հնարավոր, իսկ դրա համար անհրաժեշտ է կրթակարգի, ծրագրերի, դասագրքերի ամբողջական վերանայումը, քանի որ այսօր մեր կրթակարգը, դրանից բխող չափորոշիչները և դրանից բխող ծրագրերն ամբողջությամբ միտված են դեպի մեծ, լցված գլուխներ ձևավորելը. գլուխներ, որոնցից կախված են մարմիններ՝ ձեռիկներ և ոտիկներ, որոնք մարիոնետների պես են՝ ինքնուրույն ոչ մի բան ի վիճակի չեն անել, ոչ մի բանի չեն կարող հասնել:

Ես կարծում եմ, որ պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ