Կրթական համակարգի խնդիրները. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ

 Սերոբ Խաչատրյան-ի խոսքը 

 «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Հայաստանի կրթության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է: Եթե պատկերավոր ասեմ, մենք ունենք մի համակարգ, որտեղ աշխատում են մարդիկ, բայց մենք այդ համակարգը կառավարելը փորձում ենք նմանեցնել մեքենաների, որտեղ մարդկանց դնում են պտուտակների տեղ. նրանց տալիս են ֆունկցիա, որ նրանք մեքենայի նման կատարեն

Մեր կրթության և գիտության նախարարությունը բերել է ռազմավարություններ, աջակցման ծրագրեր, կրթակարգեր, միջոցառումների ժամանակացույցեր, փոփոխությունների ծրագրեր, հանրային քննարկում է անցկացրել՝ ձևական, որից հետո այդ փաստաթղթերն ընդունվել են, և ասել են՝ վերջ, արդեն պետք է կիրառվեն

Այսինքն, նախարարությանը թվում է, որ ինքն ընդունել է մի լավ փաստաթուղթ, դրա հաջորդ օրը տնօրենների, ուսուցիչների, դասախոսների, դեկանների ու ռեկտորների մոտ այդ փաստաթուղթն արդեն կա, նրանք նստում են ու փաստաթուղթը կարդում են, իրենց մոտ արդեն առաջանում են էմոցիաներ, մտքեր, ու դրանց ազդեցության տակ իրենք այդ ծրագիրը իրականացնում են: Այսինքն, մեր նախարարությունը տարիներ շարունակ իրականացրել է «Տարածիր և աղոթիր» ռազմավարությունը. ինչ-որ փաստաթղթեր տարածել են համակարգում շրջաբերականներով, հետո աղոթելով սպասել են, որ ինչ-որ մի բան պիտի փոխվի:

Եվ պատահական չէ, որ նախարարների՝ և Արմեն Աշոտյանի, և Լևոն Մկրտչյանի ելույթներում հաճախ դժգոհություն կար և տնօրեններից, և ուսուցիչներից: Որովհետև նրանց թվացել է, որ ինչ իրենք տարածել են, տնօրենները պիտի կարդային և անեին: Դրա համար ասում էին, թե տնօրենները ծույլ են, չեն անում, ուսուցիչների պետքը չի, դասախոսներն ընդհանրապես անտարբեր են: Բայց այստեղ հիմնական սխալն այն է, որ չեն մտածել. կարո՞ղ է՝ մարդիկ չեն կարդում, կարո՞ղ է՝ կարդում են ու համաձայն չեն, այսինքն՝ այս երկու խումբ մարդկանց ընդհանրապես արհամարհել են: Եվ եթե հիմա մի անկախ հարցում անցկացնենք համալսարաններում, կպարզվի, որ դասախոսների 95 տոկոսը այս վերջին բարձրագույն կրթության բարեփոխումներին դեմ են: Եթե ուսուցիչների հարցախույզ անենք, կպարզվի, որ նույն վիճակն էլ այնտեղ է: Կարող է՝ մի քիչ ուսուցիչների մոտ այդ թիվը ցածր լինի: Քանի որ ուսուցիչները դոկտոր, ակադեմիկոս չեն, նրանց մոտ հարմարվողականությունն ավելի ուժեղ է:

Այդ մոտեցման արդյունքում ունեցել ենք մի վիճակ, երբ կարծես թե լավ փաստաթղթեր կան (պետք է ստեղծագործական մտածողությունը զարգացվի, քննադատական միտքը, երեխաները պիտի ինքնուրույն մտածեն), բայց այդ փաստաթղթներն, ասենք, ֆայլեր չեն՝ մարդկանց գլխի մեջ չեն ձայնագրվում, որ իրենք անմիջապես դառնան ռեֆորմի կրող: Հետևաբար, այն ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է ավելի լավ լիներ, որովհետև սրա արդյունքում մեր արածներին դեմ մարդկանց քանակությունը կտրուկ մեծացել է: Հիմա եթե դուք ֆեյսբուքով նայեք, թե ինչ են առաջարկում մեր ԿԳ նախարարին, բոլոր առաջարկները առաջարկ են դեպի հետ: Հետ գնանք տասնամյա կրթության, այդ առարկաները, որ վերջին տարիներին մտցրել են, հանեք, այդ քննությունները, թեստերը հանեք, հետ բերեք շարադրություն, թելադրություն, համակարգչով որ թվանշաններ եք դնում, հանեք, մատյանից, թղթից լավը չկա, էդ դպրոցական խորհուրդներն ինչ թիթիզություն են, վերացրեք, և այլն, և այլն:  Այսինքն, թույլ է տրվել կոպիտ սխալ. կրթության համակարգը դիտվել է՝ որպես քարացած, մեռած, չշնչող մի համակարգ, որպես հումք, որի հետ ինչ ուզենանք, կարող ենք անել:

Նոր մոտեցումը պետք է հետևյալը լինի: Պետք է հասկանանք, որ կրթության համակարգն արձագանքող համակարգ է: Այսինքն, որ մի բան անում ես այդ ոլորտում՝ մի փոփոխություն, մի նորամուծություն, մարդիկ արձագանքում են. մեկը համաձայն է, մեկն անտարբեր է, մեկը դեմ է: Եվ պարտադիր չէ, որ այդ մարդիկ դուրս գան, փողոց փակեն, որ մենք տեսնենք, որ ուսուցիչները դեմ են այդ ռեֆորմին: Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ դեմ մարդկանց մեծ մասը լռելյայն են դեմ եղել, իրենք փողոց դուրս չեն եկել, իրենք չեն գնացել նախարարության դիմաց ցույց արել, իրենք բողոքել են ուսուցչանոցներում, տներում, կաբինետներում (հիմա գոնե մի քիչ ավելի լավ են բողոքում):

Հետևաբար ԿԳՆ-ն պետք է անի հետևյալը. պետք է գնա դեպի կրթության համակարգի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ԿԳՆ-ն չպետք է գնա՝ որպես ճշմարտության և իմաստության միակ աղբյուր. նշեցի արդեն. հաճախ այդ մասնակցային պրոցեսների մեջ կա կեղծիք: Նախարարությունը բերում է իր պատասխանները, բայց ասում է, մի հատ էլ հանրային քննարկում իջեցնենք, թող մարդիկ խոսեն, քննարկեն, վերջում ինչ պետք է՝ մենք կանենք: Նախարարութունն իսկապես պիտի գնա դեպի համակարգ՝ առանց մտածելու, թե ինքն ինչ պիտի անի: Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է. դա այն իրավիճակն է, երբ միջազգային կազմակերպություններն էլ դիմում են մեզ, ասում՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Եվ եթե նկատել եք մեր բոլոր կրթության կառավարիչներն ասել են 5 տարի հետո, 10 տարի հետո լավ կլինի. մեր նոր նախարարն էլ նշել է, թե 5-10 տարի հետո լավ կլինի. սա էլ նույն սըլյուշընիզմի մոտեցումն է՝ ես ամեն ինչ գիտեմ:

Բայց իրականում կրթությունը բարդ, անկանխատեսելի համակարգ է, որտեղ դու կարող ես 10 բան կանխատեսել, բայց վերջում ստացվի 10 բան, որոնցից ոչ մեկն էլ չէիր կանխատեսել: Պետք է գնալ ու մարդկանց հետ ապահվել սոցիալական շփման բարձր որակի հարաբերություններ, հասկանալ մարդիկ ինչ են մտածում և տանել հասարակությունը դեպի սոցիալական ավելի բարձր որակի հարաբերություններ: Դա՛ է կարևոր:

Ինձ համար կարևոր չի՝ ինչ է գրված փաստաթղթերում: Կարևոր է՝ ինչպես է ուսուցիչը խոսում աշակերտի հետ, ինչպես են ուսուցիչները խոսում իրար հետ, մարզպետը վերաբերվում դպրոցի տնօրենին, ինչ բառապաշարով է հետը խոսում: Երբ այդ հարաբերությունների որակը բարձրանա, կրթությունն էլ անպայման կբարձրանա՝ հասնելով զարգացած կրթությամբ երկրների մակարդակին: Լավ կրթություն ունեցող երկրները ոչ թե լավ փող են դրել, ոչ թե իրենց դասագրքերը շատ լավն են, այլ իրականում հիմքն այն է, որ կարողացել են մարդ-մարդ ավելի բարձր որակի հարաբերություններ հաստատել: Մեզ մոտ երեխան գնում է դպրոց, որ չսովորի, փող է տալիս, որ չսովորի, այդ խայտառակ հարաբերությունները պիտի վերանայվեն: Կրթության համակարգը գնահատելու համար ես չեմ նայում նախարարության ծրագրերին, ես նայում եմ՝ ոնց են համակարգի մարդիկ հարաբերվում. ոնց է տնօրենը որոշում, թե ով պիտի մրցույթին մասնակցի՝ իր սիրեցյալը, թե՝ ով ավելի արժանի է. ոնց է ամբիոնի վարիչը որոշում կայացնում:

Եվ նաև, ԿԳՆ-ն պետք է ունենա փոխվարչապետի կարգավիճակ, պետք է ունենա ազդեցություն առողջապահության նախարարի վրա, մյուս ոլորտների վրա, քանի որ մենք տեսնում ենք, որ միայն կրթության հարցերը բարձրացնելով՝ լուծումներ չենք ստանում:

 

 

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ