Կրթական համակարգի խնդիրները. Ռուզաննա Ծառուկյան

«Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու

Ռուզաննա Ծառուկյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով հանդիպում-քննարկմանը

 

Կրթության կառավարման գործում հիմնական դերը տնօրենինն է. նա է դպրոցում մթնոլորտ ստեղծում: Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա: Դժվար է ճշտել՝ նա իրական արժեքների կրողն է, թե՝ ոչ: Շատ-շատ կարևոր են նաև ծնողները, որ երբեմն չեն կարողանում ճիշտ զգալ չափը, ընկնում են ծայրահեղության մեջ. օրինակ՝ ինքնուրույնությունը շփոթում են ինքնագլխության հետ: Եվ սա հարվածի տակ է դնում արժեքները, որոնց մասին պիտի մտածենք:

Խոսքի ու գործի բախման մի օրինակ էլ իրենց այլընտրանքային կոչող որոշ հաստատություններ են:  Մենք խոսում ենք մասնավորի առաջարկած այլընտրանքի մասին, բայց հաճախ դա որևէ բովանդակային մաս չունի: Մենք այցելում ենք տարբեր մասնավոր մանկապարտեզներ ու դպրոցներ, և հաճախ այնտեղ տարբերությունը միայն նորոգված աստիճանահարթակն է, մաքուր սանհանգույցը, առավել գեղեցիկ, հարմարավետ դասարանը, սակայն ծրագրային առումով որևէ տարբերություն չկա: Իհարկե, պայմանները կարևոր են, և միշտ լավ է, որ սանհանգույցը մաքուր է, սակայն ամենակարևորը կրթության որակն է, որն այսօր շատ ցածր է:

Կրթության որակն, իմ կարծիքով, համապատասխանությունն է երկրին: Դրա համար շատ կարևոր է հաշվի առնել երկրի և մշակութային, և տնտեսական, և բոլոր մյուս առանձնահատկությունները: Այսինքն՝ կրթությունն առաջին հերթին պիտի պատրաստի այդ երկրի քաղաքացի:

Եվ պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն: Մենք պիտի երեխային ցույց տանք լավն ու վատը, չարն ու բարին՝ թողնելով, որ ինքն ընտրի իր դերն այս աշխարհում, ինքը պատկերացնի՝ ինչ է ուզում փոխել այս աշխարհում: Մեր խնդիրն է երեխային ցույց տալ, որ առկա վիճակում ինքը պատասխանատվություն ունի ոչ միայն փաստել, որ ինչ-որ բան վատ է, այլև՝ փոխել այն՝ լինելով բարի, լինելով ազնիվ:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ