Գյուղմթերքի վերամշակման ու արտահանման խնդիրները Հայաստանում

Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ

Երվանդ Թարվերդյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Հայաստանը փոքր շուկա է, բայց մենք ունենք մեծ պոտենցիալ: Ամբողջ աշխարհում սննդամթերքի դեֆիցիտ կա, իսկ հայկական սննդամթերքը համարվում է բիոսնունդ, չի պարունակում  ԳՄՕ եւ այլ նյութեր: Մեր տնտեսության զարգացման համար, սա կարող է լուծում դառնալ, սակայն, մենք այսօր մրգերի եւ բանջարեղենի  բավարար քանակ, չգիտես ինչու,  չունենք: Մեր երկրում չկան ֆերմերային տնտեսություններ: Հայաստանը, որ  եղել է լոլիկ արտահանող երկիր, այսօր ներմուծում է:

Ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղը Հայաստանում գյուղմթերքի  վերամշակումն է: Այսօր, սակայն,  չենք կարողանում լիարժեք  օգտագործել  այդ պոտենցիալը, որովհետեւ հումքի եւ արտադրության հետ կապված խնդիրներ ունենք:  Օրինակ, կաթ արտադրողները բողոքում են, որ իրենց ապրանքը էժան է իրացվում, բայց մենք հանրապետությունում պանրի դեֆիցիտ ունենք, չկան գործարաններ, որտեղ կվերամշակվի կաթը: Հայկական պահածոն էլ արտերկրում  մեծ պահանջարկ ունի: Քանակ, սակայն, չենք կարողանում ապահովել: Գործարանների մեծ մասը աշխատում է 70-80-ականների սարքավորումներով: Ես բազմիցս դիմել եմ գյուղնախարարներին պետական միջոցներով նոր սարքավորումներ ձեռք բերելու հարցով, քանի որ պետությունը պետությունից կարողանում է շատ ավելի  էժան ձեռք բերել սարքավորումները , քան անհատ բիզնեսմենը : Հարցը, սակայն,  այդպես էլ լուծում չի ստանում:  Բոլորը  վախենում են  սխալվելուց, բայց ով գործ չի անում, նա չի սխալվում:

Տնտեսության  ու բիզնեսի զարգացման հարցում , այսօր,  հատկապես,  հետեւողական ու ակտիվ պիտի  լինի պետությունը: Մեր նախարարությունները, սակայն, ֆունկցիոնալ չեն, լծակներ չունեն: Այսօր բիզնեսմենները նախարարությանը խնդրում են ոչ թե օգնել իրենց, այլ չխանգարել:

Ասում են պետությունը վարկ է տրամադրում, հարգելիներս, դա վարկ չէ, սուբսիդավորում է: Մեխանիզմներ պետք է գտնել, որ վարկը օգտագործվի ըստ նպատակի: Ինչ որ մեկը չկարողանա պետությունից վերցրած գումարով բնակարան կամ ավտոմեքենա գնել: Գյուղատնտեսական վարկի միջոցով զարգանա գյուղատնտեսությունը:

Հեղափոխությունից հետո խնդիրներ են առաջացել նաեւ ներկրման ու արտահանման հետ կապված: Մաքսակետերում, ճիշտ է, անօրինական գումարներ այլեւս չեն շրջանառվում, բայց ուրիշ խնդիրների հետ ենք բախվում: Չինովնիկները գիտակցաբար ձգձգում են գործը: Օրենքի շրջանակում, օրինակ,  եթե թղթաբանության համար ունեն երկու օր, մինչեւ վերջին վայրկյանը ձգում են: Այլ կերպ չի էլ կարող լինել,  մաքսատան  հին կադրերը ուղղակի չեն կարող այլ կերպ աշխատել, նրանք սովոր են թեյավճարի:  Մաքսավորը, որ այլեւս  չի կարողանում  կաշառք վերցնել, բացասական էմոցիան արտահայտում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով:  Ինչպե՞ս է եղել նախկինում մեր երկրում: Ղեկավարի փոփոխությունից հետո մի պահ անօրինականությունները, կողմնակի եկամուտներ ունենալը դադարել է, որոշ ժամանկ հետո վերսկսվել: Այսօր շատ չինովնիկներ դրան են սպասում, իրենք սովոր են, որ դադարը երկար չի տեւելու: Հուսանք, այս անգամ այդպես չի լինի: Պետք է լուծում գտնել: Թեկուզ օպտիմալացման ճանապարհով բարձրացնել մաքսային տեսուչների աշխատավարձը: Բացի այդ ճիշտ մոտիվացիա պետք է ստեղծել աշխատողի համար, որ նա աշխատի ոչ միայն գումարի համար: Նոր երիտասարդ կադրեր պետք է մուտք գործեն դաշտ: Մենք հիանալի երիտասարդներ ունենք, որոնց եթե մի քիչ ազատություն եւ  ստեղծագործելու տարածք տանք  օրենքն էլ կգրվի, կաշառակերությունն էլ կվերանա:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական-վերլուծական խումբ