Նոր հենասյուների հիման վրա պետք է ձեւավորել կրթության նոր տեսլականը

«Բաց հասարակության հիմնադրամ» ազգային կրթության ծրագրի պատասխանատու

Լիլիթ Նազարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Շատ է խոսվում երեխաների մասին, բայց ես շատ խիստ կասկածներ ունեմ, թե  նախարարությունում որեւէ մեկը տեղյակ է արդյո՞ք  միջին վիճակագրական երեխայի պատկերից՝ մարզից մարզ կտրվածքով: Կարծում եմ, կարեւոր է ճանաչել երեխային, ունենալ այդ երեխայի պատկերը մինչեւ կրթության զարգացման մասին խոսակցությունները: Այս իմաստով ինձ համար ընդունելի չէ այն տեսակետը, որ պետք է կենտրոնոնալ ինչ -որ առանձին խնդիրների վրա կամ ստեղծել կղզյակներ: Սա ես հասկացել եմ, ուսումնասիրելով  այն երկրների փորձը, որոնք կարողացել են կրթական համակարգը փոխել դեպի լավը: Այդ երկրները իրենց առաջ խնդիր են դրել կրթական կամակարգի ներսում հասցեագրել յուրաքանչյուր երեխայի կարիքը:

Պոստսովետական երկրների հետ համեմատած այսօր մենք շատ կարեւոր մի առավելություն  ունենք՝ շատ լավ տվյալներ բազա կրթական համակարգի վերաբերյալ, բայց այդ տվյալների վերլուծության լիարժեք օգտագործումը, ցավոք, ոչ մի տեղ չենք տեսնում:

Մեր երկրում երեխաների մոտ 35 տոկոսը  աղքատության մեջ են ապրում: Երեխայի աղքատությունն, ի դեպ, ընտանքի աղքատությամբ է որոշվում, երեխան տեսանելի չէ, ինքը չէ այն նպաստի հասցեատերը,  այլ ընտանիքը, որ ստանում է նպաստը: Մենք ունենք երեխա, որը թերսնված է դպրոց գալիս, որը հագուստ չունի դրա համար դպրոց չի գալիս, գեր է , ակնոց է կրում եւ այլն, բայց մենք այդ կարիքի վրա հիմնված քաղաքականություն չենք մշակում: Մեր ոչ մի ուսումնականա  ծրագիր իր մեջ այդ տեսանելիությունը չի ներառում: Պետք է անդրադարձ լինի այն տվյալների վերլուծությանը  որոնք կան:

Չեմ կարող չանդրադառնալ աղջիկների կրթության իրավնունքին: Ոչ միայն կրթության, այլեւ  տնտեսության առումով ընդհանրապես, այն երկրներում, որտեղ ապահովվում են կանանց, աղջիկների հավասար մասնակցությունը եւ հավասար իրավունքները, իրավիճակ է փոխվում: Մենք ունենք վերլուծություններ, ապացուցված փաստեր աղջիկների նկատմամբ ուսուցիչների կողմից խտրական վերաբերմունքի մասին: Զարհուրելի արտահայտություններ են արվում, որ աղջիկները, օրինակ,  ավելի թերզարգացած են, քան տղաները:

Շատ խոսվեց նրանից, որ պետք է կրթության զարգացման տեսլական  ձեւավորել եւ հնչեց այն միտքը, որ ժամանակը շատ բան է փոխում եւ շատ հարցեր ինքնաբերաբար կփոխվեն: Ես կարծում եմ, կարեւոր է, որ մենք նոր  հենասյուների հիման վրա  ձեւավորենք այդ տեսլականը: Եղածի վրա կառուցելով՝ մենք էլի ոչ մի բանի չենք հասնի, որովհետեւ պետք է ընդունել, որ եղած համակարգը,  մեղմ ասած,այնքան էլ լավը չէ: Այն համակարգը, որ կառուցվել է վերջին 30 տարիների ընթացքում համաշխարհային բանկից ավելի քան 100 միլիոն դոլար է վարկային միջոցներ արժեցել: Դա ժողովրդի  գրպանից է գնացել, բայց այսօր մենք փտած կրթական համակարգ ունենք: Ի դեպ, երբ դրսի մարդկանց հետ  խոսում ես, պատմում ես, թե ինչ ռեֆորմներ են արվել, թվում է լավագույն ռեֆորմներն են արվել՝ երեխա թվով ֆինանսավորում, ավագ դպրոցների ներդրում, կառավարման խորհուրդների ստեղծումը, որպես տնօրենի ինստիտուտի հակակշիռ եւ այլն… սրանք բոլորը դրսում  շատ  լավ աշխատած մեխանիզմներ են, որոնք Հայաստանում, սակայն, չեն կայացել: Չկա հետադարձ հայացք, թե ինչո՞ւ չեն կայացել եւ ո՞րն է գաղտնիքը, որ որոշ կղզյակներում ամեն դեպքում աշխատել են այդ ռեֆորմները, ընդհանուր համակարգում՝ ոչ:

Խոսելով հենասյուների մասին՝ ուզում եմ ընդգծել, որ կրթությունը դա իրավունք է, Սահմանդրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք:  Կա նաեւ օրենք, որ ասում է, որ 12-ամյա կրթությունը մեր երկրում պարտադիր է: Դա նշանակում է, որ պետք է ունենանք միջին լավ որակի հանրակրթություն, որ հասանելի պետք է լինի բոլորին անխտիր: Երեխաներին չի կարելի  խմբերի բաժանել որեւէ հանգամանքից ելնելով: Թող լինեն կղզյակներ՝ ֆիզմաթը, Արեգնազանը, Այբը, Քվանտը եւ շատ ուրիշ հաջողված դպրոցներ: Բայց պետական աջակցությունը չպետք է ուղղված լինի միայն դրանց, պետական միջոցներից նման դպրոցներին գումար պետք է հատկացվի միայն այն պարագայում, երբ միջին լավ որակը  սովորական հանրակրթական դպրոցում ապահովված լինի: Մենք այն երկիրը չենք, որ ունենանք այնքան միջոցներ, որ շռայլենք՝ հատկացնելով այն բոլորին:

Համաշխարհային բանկը համաշխարհային զարգացման տարեկան զեկույցն է հրապարակել: Ըստ դրա,  Հայաստանում զբաղվածության առումով ավելի շատ պահանջարկ կա բարձր հմտություններ ունեցողների եւ գնալով նվազում է միջին եւ ցածր հմտություններ ունեցող մարդկանց պահանջարկը: Սա ահազանգ է, որ մեր միջին վիճակագրական քաղաքացին միջինից բարձր հմտություններ պետք է ունենա: Ֆունդամենատալ գիտելիքներից բացի ստեղծագործական, քննադատական  մտածելակերպն է կորեւորվելու առաջիկա հինգից տասը տարում, որից մեր կրթական համակարգը սարսափում է:  Առանց այդ քննադատական, վերլուծական մտածելակերպի, սակայն,  երեխան դադարում է լինել ստեղծագործ, չի կարողանում իր միջով անցկացնել ստացված ինֆորմացիան ու հետ վերադարձնել աշխարհին:

Գնահատման առումով անձնական օրինակով եմ ուզում խոսել: Երբ տղաս գնաց առաջին դասարան, ես անընդհատ ստիպում էի նրան լավ աշխատել, ամեն  ինչ ճիշտ անել, մինչեւ այն պահը, երբ հասկացա, որ դրանով դրդելու եմ նրան ընդհանրապես չսովորել: Դրանից հետո, ես  չեմ ստուգում նրա տնային հանձնարարությունները: Բայց նա վերջերս գալիս ասում է, որ ամենաշատ <<կեցցես>>-ն է ստացել: Գուցե եւ ֆորմալ գնահատումը դպրոցում սխալ է, բայց որեւէ գնահատում պետք է լինի, որպես մոտիվացիա:

 

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ