Պիտակավորումը կարող է երեխային ստիպել ամփոփվել իր մեջ եւ չբացահայտել այն ներուժը, որ նա ունի որպես անհատ

«Բանալի» կենտրոնի համահիմնադիր

Նարինե Իսրայելյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Սովորելն ու դաս անելը տարբեր բաներ են: Երեխաների համար սովորելը պետք է լինի ոչ թե դաս անել, այլ կյանքի հմտություններ եւ շրջակա աշխարհի ճանաչողություն ձեռք բերելը: Երեխաների  հետ աշխատանքը մենք սկսում ենք շատ վաղ տարիքից՝ երկու տարեկանից, երբ երեխան իրեն ընկալում է, որպես հասարակության անդամ: Երեխայի առաջին գործունեությունը խաղն է եւ առաջին ուսուցումը պետք է լինի խաղի միջոցով աշխարհը ճանաչելի դարձնելը: Երեխան պետք է ճանաչի աշխարհը՝ շփվելով այդ աշխարհի հետ: Երեխաները պետք է հաճույքով սովորի: Եվ մանկապարտեզում, եւ դպրոցում առաջին բանը, որ պետք է արվի, դա  երեխաներին միասին գործել սովորեցնելն է, միասին աշխարհը ճանաչելու հաճույքը վայելելը եւ միակը լինելու գիտակցությունից զերծ մնալը: Քանի որ այդ տարիքում միակը, դա մենակն է, որ շատ վտանգավոր է երեխայի համար: Սովորելը, դա դաս անելը չի, դա շատ ավելին է եւ երեխաները պետք է մանկուց հասկանան դա:

Երեխայի  ճիշտ  զարգացման համար չափազանց կարեւոր դեր ունի վաղ մանկության կրթությունը եւ ուսուցիչը, որ առաջինն է նրան սովորեցնում բացահայտել աշխարհը: Ուսուցիչները առաջին օրինակն են, որ երեխաները տեսնում են, նրանց միջոցով են ճանաչում աշխարհը: Ուսուցիչը  իրենց վարքով, արտաքինով, խոսքով պետք է նաեւ կրթեն երեխային:

Շատ զգույշ պետք է լինեն մեր մեծահասակները, ուսուցիչները երեխաներին գնահատական տալու մեջ, երբ դա արվում է ամբողջ դասարանի առջեւ կամ ծնողական ժողովների ժամանակ: Պիտակավորումը կարող է երեխային ստիպել ամփոփվել իր մեջ եւ չբացահայտել այն ներուժը, որ ունի որպես անհատ:  Երբեմն լինում են դեպքեր, որ երեխան պատահական ասած մի խոսքի, մի պիտակի պատճառով դառնում է ինքնամփոփ ու  կաղապարվում է: <<Բանալի>> կենտրոնում մենք աշխատում ենք երկու խմբի հետ, որոնց մոտ եծայրահեղ տարբեր ինքնագնահատականներ են ձեւավորված: Առաջին խումբը երեխաներ են, որոնք վատ գնահատականներ են ստացել, ամենավատն են համարվել դասարանում, մյուս խումբը լավագույններն են, որոնց հետ ոչ ոք չի շփվում դասարանում:

Հայաստանում շատ կարեւոր է աշակերտների ներառման խնդիրը: Լիարժեք ուսումնասիրված չէ, թե որ երեխան կարող է ներառվել եւ որը՝ ոչ, թե ի՞նչ խնդրով երեխան կարող է գալ դպրոց եւ ինչ ընթացք դա կունենա …Դա քննարկելի խնդիր է եւ հստակ պետք է սահմանվի: Կան  երեխաներ, որ կարող են ներառվել ու որոշ ժամանակ անց  հաղթահարել հոգեբանական խնդիրը եւ դասարանում դառնալ բոլորից մեկը: Կան երեխաներ էլ, սակայն, որոնց ներառել չի կարելի: Դրանք այնպիսի խնդիրներ ունեցող երեխաներ են, որոնց  դպրոցում եւ աշակերտները, եւ ուսուցիչները զուտ դիմակայում են: Նրանց  դպրոցում լինելը վտանգում է ոչ միայն իրենց, այլեւ  դասարանի մյուս աշակերտների ճիշտ զարգացմանը: Խնդիրներ են ստեղծվում  մյուս երեխաների մոտ, նրանց մոտ հարց է առաջանում, եթե ներառված  երեխաները կարող են չսովորել, չարաճճիություն անել, բղավել, ապա իրենց ինչո՞ւ դա չի կարելի, իրենք ինչո՞ւ պետք է հաղթահարեն այդ բարդությունները:

Դպրոցահասակ երեխաների խնդիրներից է նաեւ այն, որ մեր երեխաները իրար հետ շփման պարզ լեզու չունեն: Մենք նրանց առաջարկում  ենք  գրական հայերենը, որ շատ բարդ է շփման համար, իսկ նրանք սլենգային լեզուն են օգտագործում, որ վտանգավոր է լեզվամտածողության զարգացման առումով: Պակաս կարեւոր խնդիր չէ, այն, որ մեր  երեխաները առերես շփումը սահմանափակում են, ավելի շատ կարող են իրար համակարգչով գրել : այս դեպքում  իրենց աչք աչք, ականջ ականջ շփվելու ունակությունը խաթարվում է:

Մեծ խնդիրներ ունենք այսօր երիտասարդ հոգեբանների դպրոցում աշխատելու հետ կապված, որովհետեւ գուցե թեորապես նրանք պատրաստ են, բայց պրակտիկայում երեխաների հետ շփման մեջ հմուտ չեն: Իսկ տարբեր առարկաներ սովորելու մոտիվացիան բարձրացնելը դպրոցի հոգեբանների խնդիրն է:

 

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ