Վիսոցկի` դարի խորհրդային լեգենդը

Մոսկվայում՝ Տագանկայի թատրոնում, ինչպես ամեն տարի հունվարի 25-ին, ասյօր երեկոյան նույնպես կխաղան “Վլադիմիր Վիսոցկի” խորագիրը կրող ներկայացումը: Այն առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացրել է Յուրի Լյուբիմովը 1981 թվականին՝ դրանով իսկ նշելով արվեստագետի մահվան օրը: Շնորհանդեսից հետո բեմադրությունն արգելվեց, ինչպես մի ժամանակ ցանկանում էին արգելել հենց Վիսոցկու մասնակցությամբ այլ ներկայացումներ: Իսկ իրականում Տագանկան, կարելի է ասել, միակ վայրն էր, որտեղ գալիս էին դիտելու Վիսոցկուն՝ անգերազանցելի “Համլետին” կամ “Ստենկա Ռազին” ներկայացման մեջ, որը տակնուվրա էր անում հանդիսատեսի հոգին:
Այսօր բանաստեղծ, բարդ, քաղաքացի Վլադիմիր Վիսոցկին կլիներ 75 տարեկան: “Չեմ սիրում, երբ կիսատ է”… Սակայն ոչ միայն նրա մասնակցությամբ վերջին ներկայացումը մնաց կիսատ, այլև ամբողջ նրա կյանքը…
Պաշտոնապես չընդունված լինելով հանդերձ՝ բանաստեղծն արժանացավ բազմաթիվ ունկնդիրների մեծ սիրուն: Իր կյանքի ընթացքում Վլադիմիր Վիսոցկին գրել է 600 երգ և 100-ից ավել բանաստեղծություն, և, թեպետ նրա երգերից շատերն արգելված էին, նրան հաջողվել է ունենալ ավելի քան 100 համերգ Ռուսաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Կանադայի և այլ երկրների մի շարք քաղաքներում: Հայաստանում Վիսոցկին եղել է 1970 թվականին: Սակայն հայկական միջավայրը դեռ մանկուց է շրջապատել նրան: “Մամա Ժենյա”. ահա այսպես էր անվանում նա իր խորթ մորը՝ Եվգենիա Լիխալատովային (օրիորդական ազգանունը՝ Մարտիրոսովա): Նա ծագումով Բաքվից էր: Մայրը 1918-1919 թվականների հայկական ջարդերի ժամանակ նրան տեղափոխել է Աստրախան: Հետագայում ևս Վիսոցկին բազմաթիվ հայ ընկերներ է ունեցել: Սակայն, նույնիսկ եթե այդ հայկական հետքը չլիեր մեծ արվեստագետի կյանքում, նրա մասին, միևնույն է, այսօր կարելի էր վստահաբար ասել. Վիսոցկին մի ամբողջ դարաշրջան է եղել, այդ թվում նաև խորհրդային Հայաստանի համար: Դարաշրջան, որի հետևորդները մինչ օրս մեծագույն սիրով հիշում են մեծ բանաստեղծին…
Արմեդիա.ամ