Գյուղատնտեսությանը պետք է վերաբերվել, որպես բիզնեսի

«Հրաշք այգի» ընկերության ղեկավար

Արթուր Իվանյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության  ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Գյուղատնտեսության ամենակարեւոր բացը այսօր լավ կադրերի պակասն է, որ, ըստ իս, կախված է գյուղակադեմիայի ոչ լիարժեք աշխատանքից: Նոր տեսակի տեխնիկան մեր մասնագետները  լիարժեք չեն կարողանում օգտագործել: Պետք է առաջնահերթ վերականգնել ուսումնարանները, որոնք կպատրաստեն մասնագետներ: Բիզնեսմենները փող են ներդնում, գյուղտեխնիկա, տարածք են գնում,  բայց մասնագետներ չկան, որ աշխատացնեն այդ ամենը: Հաճախ դրսից են մասնագետներ հրավիրվում, Հոլանդիայից, օրինակ,բայց մեր պայմաններում նրանք այնքան էլ լավ չեն աշխատում:

Տեխնիկայի ներկրման հետ կապված խնդիրներ  մենք չունենք: Այդ գործը, ըստ իս,  փչացնում է պետական գնումները: Ամենացածր գնով, բայց ամենաանորակ տեխնիկան գնում են, բերում Հայաստան  եւ մենք չենք կարողանում հին տաշտակից պոկվել: Հաշվի չի առնվում դիզվառելիքի ծախսը, շուտ փչանալու հավանականությունը եւ այլն: Տեխնիկան մի քանի անգամ օգտագործվում եւ դրվում է մի կողմ:

Գյուղատնտեսությունը վերջին տարիներին առաջ է գնում, որովհետեւ ոլորտը դիտարկում է, որպես բիզնես: Այսօր արտերկրում ապրող բիզնեսմենները  հսկայական հողեր են առնում ու սարքում են վարելահողեր:  Լիբանանահայերը, արաբները, պարսիկները գալիս են, մեր երկրում  գյուղատնտեսական  բիզնես հիմնում, եկամուտ ստանում, իսկ մեզ մոտ գյուղատնտեսությունը դիտարկում են,  որպես Աստծո հույսին թողնված մի բան: Պետք է հստակ հասկանանք, որ մինչեւ  գյուղատնտեսությանը չվերաբերվենք, որպես բիզնես, մենք տեղից առաջ չենք շարժվի:

Չեմ կարող չնշել, որ վերջին տարիներին շատ լավ ծրագրեր են մշակվել, պետության կողմից սուբսիդավորված վարկեր  է տրամադրվում,  տեխնիկայի, ինտենսիվ այգիներ հիմնելու, կաթիլային ոռոգման համար: Սա բավականին լավ խթան է գյուղատնտեսության զարգացման համար, շանս, որը, սակայն, ոչ բոլորն են օգտագործում:

Մեր գյուղատնտեսության կարեւոր խնդիրներից է նաեւ այն, որ մենք ոռոգման ջրի հսկայական կորուստ ենք ունենում, որը հասնում է մինչեւ 70 տոկոսի: Ջուր շատ ունենք, ճիշտ օգտագործման ձեւը չգիտենք: Պետք է փոխել ոռոգման ձեւը, պետք է արժեւորվի ջրի ամեն մի կաթիլը: Մեր գյուղացիներին թվում է, որ արտերկրում ամեն բան ավելի էժան է, պետության կողմից սուբսիադավորումը ավելի մեծ է: Ոչ, հարգելիներս, այդպես չէ: Հայաստանում համեմատած արտերկրի հետ ջրի եւ հողի հարկը շատ էժան է, այդ պատճառով էլ, գուցե, չի գնահատվում, չենք դողում ամեն կաթիլ ջրի վրա:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ