Ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հողերի սխալ բաժանումից է առաջացել

«ԷՅ ԹԻ ՓԻ» ծրագրերի  համակարգող

Արթուր Հարությունյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության  ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայաստանի գյուղոլորտի խնդիրները սկսվում են նրանից, որ մենք չունենք մասնագետներ, Ագրարային համալսարանը մասնագետներ չի տալիս եւ դա փաստ է: Մեծ խնդիր է նաեւ մեր գյուղացիների անտեղյակությունը: Նրանք  չգիտեն, ինչ՞ի համար են իրենց հողերը մշակում: Այգիներ ունեն, մշակելու ձեւը չգիտեն, չգիտեն՝ ի՞նչ ծառատեսակներ տնկեն, ինչպե՞ս պահեն այգիները: Նախկինում գյուղաջակցության մարզային կենտրոններ կային, որ խորհրդատվություն էին տալիս գյուղացուն, թե ինչո՞վ եւ ինչպե՞ս զբաղվեն, որ եկամուտ ստանան: Դա այսօր բացարձակ չի գործում: Գյուղացու անտեղյալությունը բերում է նրան, որ բերքը չի կարողանում ճիշտ իրացնել: Նշվեց, որ սալորի գինը իջել է հարյուր դրամի, որովհետեւ, երբ այն թանկ էր, բոլորը սկսեցին սալորի այգիներ տնկել…

Ամբողջ Անդրկովկասին ջուր տվողը մենք ենք, իսկ  մենք ջուր չունենք: Մենք այսօր խնդիրներ ունենք, թե որ ռեգիոնում ի՞նչ կուլտուրա պետք է մշակվի: Որտեղ է պետք այգեգործությամբ, որտեղ՝ հացահատիկային կուլտուրաներով զբաղվել: Քիչ ջուր պահանջող մշակաբույսեր կան, որոնք կարելի է աճեցնել եւ եկամուտ ստանալ,  դրանց մասին ընդհանրապես մոռացել ենք:

Ինտենսիվ այգեգործության մասին չորրոդ -հինգերորդ տարին է խոսվում է, բայց ոչ մի քայլ չի արվում: Տնկարանային տնտեսությունները 60-70 տարվա մեթոդներով են ծառեր աճեցնում: Տնկիների քանակը սահմանափակ է. 30 հեկտարի համար նույն տեսակի տնկի չես կարող գնել: Մենք,  որպես բարեգործական կազմակերպություն,  տարբեր գրանտային ծրագրեր ենք գրում, գումար ենք հայթայթում, որպեսզի կարողանանք ինտենսիվ այգեգործության համար հիմքեր ստեղծել: Տարբեր տնկիներ ենք տրամադրում գյուղացիներին, բայց նա ի՞նչ է անելու այդ ծառը, եթե այն  խնամելու, էտելու ձեւը չգիտի:

Պակաս կարեւոր չէ ծառերի սերտիֆիկացման խնդիը: Սերտիֆիկացման համակարգը Հայաստանում չի գործում: Ոչ մի չափանիշ չկա, միայն ազնիվ խոսքի հիման վրա կարող ես ասել, որ դա հենց տվյալ ծառն է, ոչ մի հիմնավորում չկա, որ տվյալ տնկին, ասենք,  խնձորենի է: Սրանք, բոլորը հարցեր են, որ պետական մոտեցում են պահանջում, սակայն, մեր երկրում , գյուղնախարարությունը միայն թուղթ լրացնելու համար է կարծես: Պետությունը գյուղատնտեսության հետ կապված ոչ մի դերակատարում չունի…

Իմ կարծիքով, ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հողերի սխալ բաժանումից է առաջացել: Ոչ 1000 մետրի, ոչ էլ անգամ մեկ հեկտարի  վրա բիզնես չի հիմնվում, այդքան հողատարածքը, որ ունի գյուղացին,  ուղղակի ապրուստի միջոց է: Այսօր հակառակ պրոցեսը պետք է գնա, հողերի խոշորացման գաղափարը պետք է զարգացնել: Որպեսզի  գյուղատանտեսության  ոլորտը զարգանա, առաջին քայլը պետք է լինի հողերի խոշորացումը: Այն հողատարածքները, որ նախկինում բաժանվել է գյուղացիներին, պետք է միավորվի: Բիզնեսմենը պետք է հողը վերցնի, մշակի, եթե գյուղացին ի վիճակի չէ աշխատել այդ հողի վրա կամ չի ուզում, կարող է այլ գործով զբաղվել:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ