Հայաստանում ջուր շատ կա, կառավարումն է սխալ

Ջինջ» ընկերության տնօրեն

Էդուարդ Մեսրոպյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության  ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Գյուղատնտեսության ոլորտում մենք բանիմաց կադրերի պակաս ունենք՝ սկսած որոշում կայացնողներից, մինչեւ այդ որոշումն իրականացնողները: Մեր Բուհերը, ուսումնարանները այսօր չեն տալիս մասնագետներ…Պետական մարմինը մտածում է լիցենզավորել մասնագետին, որը ունի բարձրագույն կրթության վկայական: Դա խայտառակություն է, դա նշանակում է, որ բոլորը գիտեն, որ բուհերը կայացած չեն:

Գյուղացին բացարձակ տեղյակ չէ իր իրավունքներից, չկա մեկը, որ գյուղացու հետ աշխատի եւ ցույց տա իր իրավունքները: Գյուղացին վախեցած է  ջրօգտագործողների միության պետից, օրինակ, որն էլ որոշում է՝ ում ջուր տալ, ում՝ ոչ : Մինչդեռ նա, ըստ օրենքի,  պետք ՝ ընտրվեր գյուղական համայնքի կողմից եւ  հաշվետու լիներ գյուղացիներին, ոչ թե նախարարին կամ նախագահին: Բայց  այսօր ի՞նչ ենք տեսնում:  Համակարգը հեղինակազրկված է: ՋՕ-ի պետն է դարձել թագավոր, որ որոշում է ո՞ւմ ջուր տա  եւ ի՞նչ գնով տա: Պետք է գյուղացուն բացատրվի, որ ինքը պահանջատեր պետք է լինի, քանի որ ջրամատակարարման, ջրահեռացման եւ ոռոգման համակարգում աշխատողները վճարվում են իր տված հարկերի հաշվին:

Հաջորդ կարեւոր խնդիրը , որի մասին պետք է  բարձրաձայնել ոռոգման ջրի որակն է: Հայաստանում ոռոգման ջուրը չունի ստանդարտ: Մեր կոյուղու մաքրման կայանները չեն աշխատում, իսկ գուց՞ե ջուրը, որով ոռոգվում են այգիները, պիտանի չէ ոռոգման համար: Անընդհատ խոսակցություններ կան, որ պետք է մշակվի նման ստանդարտ, բայց այն դեռ չի գործում: Հնարավոր է, որ Երեւանի  կոյուղաջրերը լցվեն Հրազդան գետը, 50 մետր ներքեւից վերցվի ոռոգման ջրանցքով եւ դրանով ոռոգվի  դաշտերը: Ոչ մեկը չի ուսումնասիրել այդ ոռոգման արդյունքում ի՞նչ բերք ենք մենք ունենալու, ի՞նչ էլեմենտներ են լինելու բերքի մեջ: Նույնը կարելի է ասել ձկնային տնտեսություններում օգտագործվող ջրի մասին, որը հնարավոր է նաեւ կեղտաջրի հատկություններ ունենա… Չի բացառվում, որ մի 30 տարի անց Երեւան քաղաքում, օրինակ, որ սնվում է Գառնիի, Արզաքանդի, Արզնիի աղբյուրներից, որոնց հիմնական սնուցումը Սեւանա լճից է, հայտնաբերվեն այնպիսի քիմիական նյութեր, որոնք հետեւանք են օրգանական կերի, որ օգտագործվում է  Սեւանում ձկնաբուծության համար:

Հայաստանում ջուր շատ կա, հարցը ոչ թե ջրային ռեսուրսների քիչ լինելու մեջ է, այլ սխալ, անխնա օգտագործման: Այղր լիճը, օրինակ, այսօր, ցամաքելու եզրին է: Վայրկյանում 18 խորանարդ  ջուր էր դուրս գալիս մի կետից: Լճից դուրս եկող՝ Սեւ ջուր գետը ոռոգում էր Այղր լճից մինչեւ սահման: Ամբողջ ջուրը , որ օգտագործվում էր գյուղատնտեսական նպատակներով, սահմանի վրա լցվում է Արաքս գետը: Այստեղ մեկնաբանությունն էլ ավելորդ է, մենք ցամաքեցնում ենք լիճը, աղքատացնում մեր գյուղացուն եւ հարստացնում Արաքս գետը: Արարատյան դաշտավայրից անթույլատրելի քանակությամբ ջրօգտագործման իրավունք է տրվել, այնինչ հստակ քանակություն կա, որից ավելի շատ ջրօգտագործման դեպքում գնում է աղբյուրի սպառման:

Այսօր հաճախ է խոսվում  80 տոկոս ջրի կորստի մասին, որը գուցեեւ մեղմ է գնահատված: Մենք անգամ սարքավորումներ չունենք, որոնցով հստակ կորոշվի կորուստի չափը: Եթե անցնենք խնայողաբար ջրօգտագործմանը՝ կաթիլային համակարգին եւ այլն, մենք ռեսուրս շատ ունենք: Կարիք չի լինի, որ ամեն տարի ջրային կոմիտեն մտնի կառավարություն եւ հիմնավորի, որ պետք է Սեւանից ջուր բաց թողնել: Պրոբլեմը, ոչ թե ջրային ռեսուրսների քանակի մեջ է, այլ՝ կառավարման: Ջրի խնայողության քաղաքականություն է պետք  վարել: Մեր մասանգետը, օրինակ,  վերջերս էր եկել Գերմանիայից եւ մի հետաքրքիր բան պատմեց : Գերմանիան  որոշել է տեղում աճեցնել  այն բույսերը, որոնք  քիչ ջուր են պահանջում, շատ  ջուր պահանջող մթերքները գնում են արտերկրից: Այսինքն կան լուծումներ, աշխարհում մշակվում են ծրագրեր: Պետք է հետեւել դրսի փորձին, նման քննարկումներին: Արդյունք ունենալու համար հետեւողական աշխատանքն ու սրտացավությունն է պակասում:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ