Գյուղատնտեսությանը պետք է վերաբերվել, որպես բիզնես

«Աբրիկոն» ընկերության տնօրեն

Կարեն Խաչիկյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության  ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Գյուղատնտեսությունը, ինչպես նաեւ մյուս ոլորտները, Հայաստանում այսօր այնպիսի վիճակում են, որ բարդ է խոսել վերկանգնման մասին: Գյուղատնտեսությունը շատ մեծ խնդիրներ ունի բոլոր ուղղություններում:

Մեզ մոտ աճեցվող մրգի ինքնարժեքն, օրինակ,  ավելի թանկ է, քան Իսպանիայում կամ Իտալիայում: Կոնյակի սորտի խաղողը մեր գյուղացին ավելի թանկ է վաճառում , քան ֆրանսիացին, բայց մեր գյուղացիները  դա խնդիր են համարում, իսկ ֆրանսիացիները գոհ են, որովհետեւ դա որպես բիզնես են դիտարկում: Կարծում եմ՝  մեզ մոտ գյուղատնտեսական հողերը փոքր կտորներով են բաշխված, դրա համար էլ գյուղացիները չեն կարողանում ինտենսիվ եւ ճիշտ աշխատանք կատարել: Կարծում եմ,  խնդիրը կարելի է կարգավորել այնպես, ինչպես Չինաստանում: Այդ երկրում սեփական հողեր չկան, բոլորը տրված է վարձակալության, ընդ որում, հաճախ՝ անվճար վարձակալության: Պայմանագրում միայն նշվում է, որ վարձակալողը որոշակի թվով աշխատող պետք է պահի, եթե աշխատողների թիվը պակաս եղավ, տարածքը վերադարձվում է պետությանը: Այս պայմաններից ելնելով, տնտեսվարողը ստիպված այնպիսի  ինտենսիվ գյուղատնտեսույթուն է սկսում, որ չկորցնի հողը: Ես նաեւ առաջարկություն եմ ուղարկել մեր վարչապետին, որ այդ  ուղղությամբ դիտարկվի  գյուղատնտեսության զարգացումը: Ես կարծում եմ, պետք է հարկ մտցվի չօգտագործված գյուղատնտեսական, կոմերցիոն եւ արտադրական հողերի համար: Այսինքն, եթե մարդը ունի  հեկտարներով  հող եւ չի օգտագործում , սպասում է հարմար պահին, որ թանկ վաճառի այն, ստիպված լինի վճարել դրա համար: Նման եղանակով կարելի է կարգավորել հողերի գինը, իսկ այն պետական հողերը, որ ենթական են վաճառքի՝ Չինաստանի օրինակով տրվի երկարաժամկետ վարձակալության՝ պայմանով, որ աշխատատեղեր պետք է  բացվեն:

Հայաստանում մեծ խնդիր է նաեւ, որ շատ մեծ հողատերեր կան, որոնք իրենց հողերը չեն օգտագործում եւ դրա համար հարկ էլ չեն վճարում: Ֆրանսիայի ոչ մի միլիարդատեր իրեն  չի կարող թույլ տալ հողեր ունենալու եւ չօգտագործելու ճոխությունը, ինչպես կան մարդիկ, որ անում են Հայաստանում: Նա հարկերի տակ կտապալվի, ստիպված կլինի անվարձահատույց տալ այդ հողերը ինչ որ մեկին, որ ազատվի հարկերից:  Նորմալ չէ, երբ ֆրանսիայում մեկ հեկտար գյուղատնտեսական այգին 5000 Եվրո արժե, մեզ մոտ՝ 15000 եվրո: Մարդը, որ ուզում է զբաղվել գյուղատնտեսությամբ, գոնե 100 հեկտար հող պետք է ունենա, որ այն քիչ թե շատ եկամտաբեր լինի, դա 1.5 միլիոն եվրո գումար է կազմում: Այսինքն գնորդը  սկզբից եւեթ շատ մեծ գումար պետք ներդնի այդ հողում, հետո մտածի, թե այդտեղ ինչ կուլտուրա է  աճեցնելու եւ ինչպես է  կազմակերպելու սպառումը: Հող գնել ցանկացողի համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, որ նա իր ֆինանսական միջոցները ոչ թե ներդնի  հողի գնմանը, այլ սարքավորումների ու մշակաբույսերի աճեցման համար:

Եւս մեկ կարեւոր խնդիր, որ պետք է հաշվի առնել գյուղատնտեսության խնդիրները քննարկելիս: Մեր հողերը գույքագրված չեն: Ֆրանսիայում, օրինակ, բոլոր հողերը զոնայավորում են անցել:  Տարբեր կուլտուրաներ աճեցնելու դեպքում հողի հարկը տարբեր է: Հողատարածքները մանրազնին հետազոտված են, որտեղ ի՞նչ կաճի, որ հողակտորն ինչ՞ի համար է հարմար, այդպիսով բացառվում է  գերարտադրություն եւ թերարտադրություն ունենալու հարցը:  Հողակտորում, որը, ասենք,  նախատեսված է խաղող աճեցնելու համար,  ոչ ոք պոպոք չի աճեցնում եւ հակառակը: Ֆրանսիայում հողատարածքներ կան, որտեղ միայն մանանեխ են աճեցնում: Մարդիկ կոնկրետ  շրջաններում  կոնկրետ  բույսեր աճեցնելով՝  այնքան են մասնագիտանում դրա մեջ, որ գիտեն բոլոր մանրուքները: Օրինակ,  խաղող աճեցնողը, գուցե եւ այնքան էլ լավ չգիտի  ի՞նչ տեխնիկա, ի՞նչ թունաքիմիկատներ է անհրաժեշտ մանանեխ աճեցնելու համար, բայց  ամենայն մանրամասնությամբ գիտի խաղողի աճեցման տեխնոլոգիան: Արդյունքում ստացվում է ժամացույցի պես աշխատող տնտեսություն, որտեղ բոլոր հողերն օգտագործվում են:

Գլոբալ խնդիրները լուծելով՝ կարելի է հասնել նրան, որ լուծվեն նաեւ բոլոր մանր հարցերը: Պատկերացնենք մի բիզնեսմեն, որ ունի որոշակի կապիտալ: Եթե նրան հողը անվարձահատույց տրվի, նա դրսից կադրեր կբերի, հայ երիտասարդին մասնագետին  էլ կկցի նրան, որ ժամանակի ընթացքում սովորի ու հետագայում ինքնուրույն աշխատի:  Այսինքն  այն փողը, որ պետք է թաղվեր հողի մեջ,  կդրվի զարգացման:

Եթե գյուղացին հազար մետր, կամ թեկուզ մի հեկտար  հող ունի, ինչքան էլ տանջվի, միեւնույնն է դժվար  կյանքով է ապրելու: Նա ամեն օր զբաղվելու է մի բանով, որ իրեն, խոշոր հաշվով, ոչինչ չի տալու: Հողերը պետք է խոշորացնել եւ գյուղացուն որոշակի տոկոս վճարել: Եթե մեծ հողում լուրջ տեխնիկա աշխատի, գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի ու աշխատողներն էլ նորմալ կվարաձատրվեն: Բացի այդ, միացված  հողերը  ինտենսիվ օգտագործելու արդյունքում մեծ քանակությամբ գյուղմթերք կամ միս ու կաթ կարտադրվի,  կլինեն վերամշակվող գործարաններ,  կբացվեն աշխատատեղեր: Գյուղացիները կմասնագիտանան որոշակի աշխատանքի մեջ եւ աշխատավարձ կստանան: Տարվա վերջում էլ կստանան  իրենք  հողի համար հասանելիք գումարը եւ փողոց չեն փակի՝ ասելով, որ խաղողն իրենից ավելի էժան են առնում:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ