Մենեջմենթի պակասը՝ գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիր

Արտադրության եւ արտահանման ասոցիացիայի ղեկավար

Մկրտիչ Ազնաուրյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Գյուղատնտեսութան ոլորտում ամենաառաջնային խնդիրը ճիշտ մենեջմենթի պակասն է: Գյուղացիների մեջ իսպառ բացակայում է բիզնես պլան հասկացությունը: Բոլորը ուզում են տեխնիկա գնել, ինչ- որ բան աճեցնել, բայց բացարձակ պատկերացում չունեն բիզնես պլան գրելու մասին: Չեն պատկերացնում,  ի՞նչ կարելի է անել, որ մեծ շահույթ ունենան:  Առաջնորդվում են՝ գումարը տուր, ես գիտեմ ինչպես կծախսեմ սկզբունքով: Ես անձնական փորձով գիտեմ, որ գյուղացին հիմնականում գումար է ուզում, ապա ոչ այն գործի համար, որ պատրաստավում է անել: Մի ֆանտաստիկ բան է կատարվում գյուղոլորտում: Ես որոշ մարդկանց մի ֆրազա եմ ասում, որ եթե դուք մտածում եք, որ որոշ քայլեր անեք ճիշտ կլինի, արեք ճիշտ հակառակը եւ կհարստնաք...

Մեր գյուղոլորտի  խնդիրները սկսվում են նրանից, որ մենք մասնագետներ չունենք: Հասարակ բաներ կան, որ մեր մասնագետները չգիտեն: Այդ իսկ պատճառով էլ հաճախ արտերկրից ենք մասնագետներ հրավիրում: Ի դեպ, այն երկրներում էլ, որտեղ լինում ենք, միշտ չէ, որ բազմակողմանի զարգացած մարդիկ են ֆերմերային տնտեսություններ կառավարում: Երբեմն  տեսնում ես բացարձակ անգրագետ մարդ է աշխատացնում ֆերման, բայց նա ինստրուկցիա ունի եւ ըստ դրա է շարժվում: Կառավարման խնդիր կա, բիզնես մոտեցում է պետք:

Մենք պետք է հասկականանք նաեւ, որ 1000 մետրի կտրվածքով բիզնես չի լինում: Իսրայելի օրինակը բերեմ, իրենք պատերազմից հետո 1948-49 թթ կոշտ համակարգ մտցրեցին: Գյուղացիները ստիպողաբար աշխատում էին իրենց կոլխոզներում: Հիմա  այնտեղ գյուղացին ընդհանրապես գյուղատնտեսությամբ չի զբաղվում, նրանք իրենց տոկոսներն են ստանում:  Հրավիրված աշխատուժը կամ արաբներն են, կամ ֆիլիպինցիները: Իսկ միգուցե ճիշտ է, որ մե՞նք էլ գնանք հողերի խոշորացման եւ գյուղատնտեսությունը դիտարկենք որպես բիզնես...

Աշխարհում այսօր նոր մոտեցումներ կան, որ մեր երկրում ընդհանրապես չի կիրառվում: քչերը գիտեն, օրինակ, որ հակակարկտային ցանցի կիրառմամբ, ոչ միայն կարելի է պաշտպանել կարկուտից այգիները, այլեւ վերահսկել  բերքի հասունացման ժամկետները: Սալորը, օրինակ, պահել, որ ավելի ուշ հասունանա եւ, ըստ այդմ էլ շուկայում ճիշտ քաղաքականություն վարել:

Ցանկացած հարցի լուծում կարելի է գտնել քննարկումների միջոցով: Քայլեր չկան, որոնք արագ լուծումներ կապահովեն, պետք է համբերատար, համառորեն աշխատել, որ հասնես արդյունքի: Առաջնային պետք է լինի կրթության հարցը, գյուղում ապրող երիտասարդին պետք է օրինակով ցույց տալ, որ հնարավոր է լավ բիզնես հիմնել, որպեսզի նա առանց վախենալու աշխատի , հասնի հաջողության եւ մնա ու ավելի լավը դարձնի իր երկիրը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ