Երկիրը դատարկվում է, եւ սա անվտանգության հարց է

«Ֆերմերային շարժում»  ՀԿ ղեկավար

Սարգիս Սեդրակյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության  ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը  տարիներ շարունակ դիտարկվել է՝  որպես տնտեսության զարգացման առաջնային ուղղություն: Վերջերս, սակայն,  Նիկոլ Փաշինյանի ելույթն եմ լսում, ասում է ագրարային ոլորտից պետք է դուրս գանք եւ անցնենք ուրիշ ոլորտների զարգացմանը: Այնինչ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտի զարգացման լայն հնարավորություններ ունի:  Տարիներ շարունակ մեծ գումարներ են մտել Հայաստան տարբեր կազմակերպություններից, եթե այդ գումարների 20 տոկոսն էլ նպատակային ծառայեր, այսօր Հայաստանը զարգացած ագրարային երկիր կլիներ:

Գյուղատնտեսության ոլորտում այսօր անելիքները շատ են: Առաջնային է գյուղտեխնիկայի խնդիրը: Այսօր մեր գյուղերում սովետական հնամաշ տեխնիկա է օգտագործվում: Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացիներին առաջարկում էր  գյուղտեխնիկան լիզինգով գնել, բայց գյուղացիների մեծ մասը չունեն  նման հնարավորություն: Պետք է պետական աջակցություն  լինի: Նորագույն տեխնոլոգիաներ կան, որ օգտագործվում են աշխարհի շատ երկրներում, բայց արդյո՞ք դրանք  կաշխատեն Հայաստանում, կամ արդյո՞ք գյուղացին ի վիճակի կլինի գնել այդ տեխնիկան: Նորմալ հակակարկտային ցանցը հեկտարի համար արժե 20-25 հազար դոլար, գյուղացին ի վիճակի չէ նման ծախս անել իր այգին պաշտպանելու համար: Պետությունը պետք է  նախաձեռնի, դիմի միջազգային ընկերություններին, օգնի գյուղացիներին ոտքի կանգնել:  Գյուղնախարարը՝ ոլորտին քաջածանոթ մարդ լինի: Դժբախտությունն այն է, որ վերջին տարիներին ոլորտից հեռու մարդիկ են դառնում նախարար: Գյուղացիների մեծ մասը այսօր վարկերի , պարտքերի, տոկոսների տակ են: Նրանք, ի դեպ,  դեմ չեն անգամ, որ կոլխոզը վերականգնվի: Կոլխոզը ամբողջությամբ, նույնությամբ վերականգնել, իհարկե, հնարավոր չէ, բայց կոլխոզին մոտիկ որեւէ ձեւ կարելի է գտնել:

Մենք սակավահող երկիր ենք, մշակելի քիչ հողատարծք ունենք: Տարիներ շարունակ իրականացվող սխալ ագրարային քաղաքականության արդյունքում էլ  շատ հողեր դեգրադացվել են: Հայաստանում ջրատարները մաշվել, շարքից դուրս են եկել եւ անգամ տեղեր կա, որ 80 տոկոս ջրի կորուստ ենք ունենում: Ջրի հարկը գյուղացիներից հավաքել են, բայց օլիգարխները հեկտարներով հողատարածքի համար հարկ չեն վճարել: Դրանք խնդիրներ են, որ պետական մոտեցում են պահանջում: Պետությունը պետք է տեր կանգնի երկրին ու այնպիսի պայմաններ ստեղծի, որ գյուղացին չթողնի իր հողը եւ հեռանա: Գյուղացին աշխատող է, եթե պայմաններ լինեն, լավ ծրագրեր լինեն մշակված,  նա կաշխատի: Երկրի դատարկվում է, սա  անվտանգության հարց է:

Այսօր բիզնեսմեններ կան, որ հեկտարներով հող են վերցնում այգիներ տնկում, ֆերմաներ հիմնում: Հիմա հարց է առաջանում, ինչպես անե՞լ, թողնել, որ դրսի բիզնեսմենները այստեղ հողեր վերցնեն ու մշակեն, մեր գյուղացիներն էլ թողնեն երկիրն ու արտագաղթե՞ն: Իմ կարծիքով գյուղացու համար ստեղծվի այնպիսի պայմաններ, որ նա աշխատի եւ իր հողը շենացնի:

Խնդիրները շատ են, լուծումներ էլ կան, ուղղակի պետք է գործի գլխին կանգնի մասնագետ, որը կունենա սրտացավություն եւ իմացություն:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ