Տնտեսական հեղափոխություն անելու համար բազմոցից վեր կենալ է պետք

«Տրիադա» խորհրդատվական ընկերություն տնօրեն
Երվանդ Ֆրանգուլյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Տնտեսվարող սուբյեկտների մոտ բիզնեսի և տնտեսական աճի սպասումներ միանշանակ կան: Եթե ժամանակին բիզնես ոլորտի ներկայացուցիչներն ասում էին երկիրը երկիր չէ, մեզ մոտ ոչ մի բան չի ստացվի, հիմա այդ մտայնությունը բավականին փոխվել է: Մարդիկ ավելի շատ մտածում են գործելու մասին՝ ի՞նչ կարելի է անել, ո՞ր ուղղության մեջ փորձել, որտե՞ղ է դաշտը բաց, մի խոսքով՝ մարդիկ սկսել են տնտեսական ակտիվություն ցուցաբերել:
Տնտեության հետագա զարգացման համար տնտեսական ակտիվությունը շատ կարևոր նախապայման է:
Տնտեսական հեղափոխություն անելու համար անհրաժեշտ է բազմոցից վեր կենալ և գնալ մեր քայլն անելու, փորձել ինչ որ բան ձեռնարկել: Հնարավոր է, 10 ձեռնարկից 1-ը ստացվի, բայց դա էլ վատ չէ: Մենք ինքներս տեսանք, որ քաղաքական հեղափոխություն հնարավոր է անել, բա ինչո՞ւ տնտեսական հեղափոխություն չարվի: Կարող եմ ասել, որ հիմա բիզնես սկսելու համար միջավայր էլ կա և այժմ տեղին չէ երկիրը երկիր չէ արտահայտությունը:
Բիզնես ոլորտի մյուս կարևոր բացթողումն այն է, որ արդյո՞ք բիզնեսն ինքը մեղավոր չէ, որ մեր աշխատաշուկան այսքան անորակ է: Քանի դեռ բիզնեսը չի սկսել նորմալ վարձատրել մասնագետին, այդ մասնագետը շահագրգռված չի լինի, որ աճի:
Երբ անձը գիտակցում է, որ ինքը 120.000 կամ 150.000 դրամից ավել չի աճելու՝ կապ չունի միջին մասնագիտական հաստատությունում է սովորում, թե բարձրագույն, ինքը մոտիվացիա չի ունենում աճելու: Հենց այս պատճատռով որակյալ աշխատուժն իր պոտենցիալն արտերկրում է օգտագործում, գնում է: Նույնիսկ կգա մի պահ, որ որակյալ աշխատուժն ինքը մրցակից կդառնա տվյալ բիզնեսին. դուրս կգնա, լավ կրթություն կստանա դրսում և կհասկանա՝ ինչու՞ ես սեփական բիզնես չունենամ:
Տնտեսական ակտիվությունը վերաբերում է նաև նրան, որ մենք ինքներս պետք է որոշենք՝ մեր երկրում ո՞ր ոլորտը պետական աջակցության կարիք ունի: Չկա պետական փող, կան մեր փողերը, որը մենք տվել ենք ինչ-որ խմբի, որպեսզի նրանք կառավարեն: Չկա պետության աջակցություն, չկա կառավարության աջակցություն: Կա մեր ընդհանուր համայնքի՝ Հայաստանի համայնքի աջակցություն: Այս կամ այն ոլորտին պետական աջակցություն ցույց տալու համար մեր գրպանի փողերն են օգտագործվում: Մենք հին ենք մնացել: Մենք մնացել ենք այն հույսին, որ մեկը պետք է գա մեզ պահի, լավ թագավոր լինի: Մենք ենք մեր երկրի իշխանությունը: Մենք ենք որոշելու, թե ո՞ր ոլորտին ենք պետական աջակցության տրամադրելու: Մենք մեր գլխին միշտ ունեցել ենք օտար պետություն, դրա համար էլ մենք մեր պետությունը մեզնից օտար ենք համարում:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ