Ներքին արտադրողն աջակցության կարիք ունի

«Ավանի աղի կոմբինատի» գլխավոր տնօրեն

Արեգ Ղուկասյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Այն բոլոր կոչերը, որոնք հնչում են հիմա՝ քաղաքական ակտիվ շրջանում, կապված տնտեսական զարգացման, թռիչքային զարգացման հետ, դրանք դեռ խոսքեր են: Խոսքերից գործի անցնելու համար կոնկրետ քայլեր են պետք: Նախքան ներդրողների և նոր աշխատատեղեր բացելու մասին մտածելն՝ անհրաժեշտ է ներքին արտադրողի պաշտպանության մասին մտածել: Եթե դրսի մարդիկ տեսնեն, որ Հայաստանում ներքին արտադրողը պաշտպանված է, ինչո՞ւ ոչ որոշակի արտոնություններ նա ունի, դրական տեղաշարժ կլինի: Բայց մեզ մոտ պատկերն այլ է. ներկրողներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան ներքին արտադրողները: Առաջին հերթին պետք է կանոնակարգել ներքին արտադրողի պաշտպանության հարցերը:

 «Աղի կոմբինատ»-ը Հայաստանում միակ աղ արտադրող ձեռնարկությունն է, որն այս տարվա փետրվարին համաշխարահային բոլոր ստանդարտներին համապատասխանող գործարան է բացել՝ մոտ 8 մլն. եվրո ներդրում անելով: Մեր արտադրանքը մենք սերտիֆիակացրել ենք Շվեյցարիայում և թույլատվություն ենք ստացել ՝ մեր աղը շվեցարական շուկայում վաճառելու մասին: Մեր աղը, որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք, Շվեյցարիայում վաճառելու առաջարկ ենք ստացել: Հայկական աղի արտադրության մեջ մենք բացարձակապես քիմիական նյութեր չենք օգտագործում:

Վերջին ինը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն Պարսկաստանից ներկրվել է մոտ 5000 տոննա աղ, որից 4000 տոննան տեխնիկական աղ է: Տեխնիկական աղն արգելվում է սննդի մեջ օգտագործել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ամբողջ աղի քանակությունը վաճառվել է սնունդ արտադրող ընկերություններին: Այն վաճառվել է հաշվիչ դրամարկղային մեքենաներով: Այդ 25 կգ.-ոց աղի պարկերը խանութներում չեն վաճառվում, դրանք վաճառվում են սնունդ արտադրող ձեռնարկություններին: Նախ շատ էժան գնով են ցույց տալիս իրենց ՀԴՄ-ն՝ 70 դրամ, այնինչ՝ վաճառում են 100-110 դրամով, մոտ 5-10% մեզնից էժան, բայց տեխնիկական աղը: Մաքսազերծման գինը 48 դրամ է, այն դեպքում, երբ որ 35 դրամ միայն Պարսկաստանից Հայաստան ճանապարհածախսն է: Բերում են 48 դրամով, վաճառում են 70 դրամով: Նրանք սպասարկում են ստվերը: Այդ տեխնիակական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ՝ մեկն ասում է, թե աղի կոմբինատից է գողացված դրա համար է էժան, մյուսը խաբեությունը դեմոկրատիայի տակ է քողարկում:

Դուք բոլորդ, երբ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով է պատրաստված: Ապխտած ձուկ, որ առնում եք, կա հավանականություն, որ այն տեխնիկական աղով է պատրաստված:  Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը առողջական լուրջ խնդիրներ կունենան:

Մեզ համար օդում կախված է մնացել հետևյալ հարցը. աղի կոմբինատն ինչպե՞ս մրցակցի այսօրինակ երևույթների հետ: Եթե ներկրողին թույլ են տալիս իր աղը ՀԴՄ-ով վաճառելու, ինչու՞ են մեզ համար արգելքներ ստեղծում: Որտե՞ղ է տեղական արտադրողի պաշտպանությունը: Տպավորություն է, որ ավելի շատ պաշտպանում են ներմուծողներին: Երբ որ տեխնիկական աղը մտնում է Հայաստան, ոչ մի լաբորատորիա այն չի ստուգում:

Եթե մենք ցանկանում ենք, որ ներդրումներ լինեն, եթե մենք ցանկանում ենք, որ մարդիկ վստահեն Հայաստանի տնտեսությանը, առաջին քայլը  ներքին արտադրողի պաշտպանությունը պետք է լինի: Եթե մի ընկերություն կամ անհատ 3 անգամ քիչ է ինձնից հարկ վճարում, իր հետ ես ինչպե՞ս մրցակցեմ:

Մենք երիտասարդ կադրերի պակաս ունենք: Իմ ղեկավարած ձեռնարկությունում աշխատողների մեծ մասը 60-նն անց է: Երիտասարդներին կանչում ես, ասում ես արի կողքը կանգնի սովորի, ասում է ավելի լավ է ես կանաչին առնեմ մի տեղից, մյուս տեղում վաճառեմ և մեջը փող աշխատեմ, քան ամբողջ օրը գամ, կանգնեմ, սովորեմ և մի 40.000 դրամ վաստակեմ: Մարդիկ օրական իրենց գումարն են ուզում: Լավ կադրեր ունենալու համար պետությունը պետք է ոչ թե փակեր բոլոր ուսումնարանները, այլ ընդհակառակը՝ ավելացներ այդ ուսումնարանների թիվը: Այսօր մենք բանվորներ չունենք: Այսօր մեր ձեռնարկությունների միջին տարիքը 50-նն անցել է: Բա 10 տարի հետո ի՞նչ ենք անելու:  

Պետությունը պետք է աջակցի տեղական արտադրողներին: Երբ որ տեղական արտադրողն իրեն լավ զգա, այդ դեպքում ինքնըստինքյան Հայաստանում դրսից ներդրումներ կարվեն: Պետությունը պետք է մեզ ոչ թե հովանավորի, այլ մեզ պաշտպանի:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ